ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելության այցը Արցախ շատ ուշացած է։ Այս կարծիքին է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս անկախ իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի՝ հոկտեմբերի 2-ին ներկայացրած հաղորդագրությունն՝ Արցախում առաքելության մասին, մեծ դժգոհություն է հարուցել Հայաստանում։
Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ չնայած, որ նրանք ՄԱԿ-ի առաքելություն են ասում, բայց մի քանի ժամանոց առաքելություն չի լինում, դա աբսուրդ է․ «Սա առաքելություն չէ, սա պետք է անվանել ՄԱԿ-ի այցելություն։ Բացի այս, սա պետք էր լիներ վաղուց, նույնիսկ նախքան շրջափակումը, 2020 թվականի պատերազմից հետո, երբ մարդու իրավունքների շատ ավելի մեծ ծավալի խախտումներ կային պատերազմի հետեւանքով, իսկ Արցախի մեկուսացումն ինքնին հանգեցրել էր այս իրավիճակին»։
Բեգլարյանի ներկայացմամբ՝ փաստորեն ՄԱԿ-ը սպասել է, որ Ադրբեջանի իշխանության ծրագիրն ամբողջական իրագործվի, սպասել են ամբողջությամբ հայաթափվել է Արցախը, հետո են այցելել, մնացել են ուղղակի շինություններ, կենդանիներ, հանդիպել են այնտեղ մնացած սիմվոլիկ մի քանի հոգու, որոնք եւս պատրաստվում են լքել Արցախը, այս ամենը ինքնին հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին․ «Այսինքն, այն սկզբունքը, որն ասում է, որ որեւէ մեկը չպետք է անտեսված լինի եւ որեւէ իրավունք, որեւէ հանգամանքից (կարգավիճակ եւ այլն,) կախված չպետք է խախտվի, ահա այս սկզբունքը վաղուց խախտված է»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ պետք է առաքելության պաշտոնական զեկույցը լինի, որից հետո հնարավոր կլինի ավելի հիմնավոր կարծիք ձեւավորել։ Սակայն նույնիսկ այս հայտարարության մեջ, ըստ Բեգլարյանի, սկզբունքային մի քանի խնդիրներ կան։ «Ասում են՝ վնասված որեւէ քաղաքացիական օբյեկտ չենք տեսել՝ գիտակցելով, որ իրենք չեն այցելել այն հատվածները, որտեղ քաղաքացիական օբյեկտները վնասված էին։ Հետեւաբար, իրենք չպետք է կեղծ ձեւակերպմամբ՝ «այնտեղ, որտեղ այցելել ենք, բան չենք տեսել» լեգիտիմացնեն Ադրբեջանի կեղծ նարատիվները։ Ասում են՝ որեւէ հանցագործության մասին, քաղաքացիական անձանց զոհերի մասին տեղեկություններ չենք ստացել՝ քաջ իմանալով, որ կան նման դեպքեր, այդ թվում՝ Արցախի ՄԻՊ-ի, լրագրողների կողմից, իմ կողմից հրապարակված՝ հստակ վկայություներով, լուսանկարներով՝ երեխաների մահվան ու սպանությունների մասին։ Հաշվի առնելով, որ իրենք այս տվյալներն ունեին ու իրենք կարող էին դա ստուգել Հայաստան տեղահանված քաղաքացիների հետ հարցազրույցներով ու շփումներով, ակնհայտ է, որ իրենք արդեն սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել։ Այլապես փաստահավաք առաքելությունը ենթադրում էր նախ համակողմանի այցելություն բոլոր տուժած անձանց, պետք է ճշտեին, թե որտեղ են վնասվել քաղաքացիական օբյեկտներն ու հենց այդ հատվածներ այցելեին, ոչ թե ադրբեջանական կողմը որոշեր իրենց երթուղին ու ադրբեջանական կողմն էլ ուղեկցեր իրենց։ Բացի այս, Արցախում մնացած հայերի հետ հանդիպումները չէին կարող օբյեկտիվ լինել, քանի որ նրանք ընդհանրապես պաշտպանության ներքո չեն գտնվում եւ իրենք կաշկանդված էին իրենց խոսքի մեջ, հետեւաբար առաջնահերթ պիտի հանդիպեին ՀՀ-ում գտնվող տուժած անձանց»,-ասաց Բեգլարյանը։
Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այլ ձեւաչափով պիտի այցելեին Արցախ, խմբում պետք է ներգրավված լինեին ՄԱԿ-ի այլ կառույցների տարբեր ներկայացուցիչներ, պետք է երկարաժամկետ առաքելություն իրականացնեին, ոչ թե մի քանի ժամվա այց լիներ․ «Այսպիսի հանգամանքները լուրջ կասկածներ են հարուցում, ստվեր են նետում այս այցելության նույնիսկ նախապատրաստական փուլի ու նպատակների վրա»։
Այն, որ ՄԱԿ-ը երեսուն տարի հնարավորություն չի ունեցել Արցախ այցելելու՝ Ադրբեջանի արգելքների պատճառով, եւ հիմա կարծես ադրբեջանական կողմի հրավերից շատ կարճ ժամանակ հետո այցելել է Արցախ, արդյոք հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ Ադրբեջանի հետ նախապես ինչ-որ պայմանավորվածություններ կան, մեր այս հարցին ի պատասխան Բեգլարյանն ասաց․«Համոզված եմ, որ Ադրբեջանը սա արել է իր կեղծ նարատիվները լեգիտիմացնելու համար։ Միգուցե այդ խմբում ոմանք անկեղծորեն փորձել են իրենց առաքելությունը կատարել, բայց ակնհայտ է, որ լեգիտիմացրել են ադրբեջանական կեղծ պնդումները, թե որեւէ հանցագործություն չի եղել»։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով՝ շատ խորհրդանշական է ՄԱԿ առաքելության հայտարարությունը, երբ նշում են, որ սատկած կենդանիներ չեն գտել․ «Փաստորեն, իրենց առաքելության բուն նպատակներից մեկը կենդանիների իրավունքների պաշտպանությունն է, մոռանալով, որ բնակչության 99%-ից ավելին արդեն Արցախում չէ։ Անտեսելով այս փաստը, այդ մարդկանց հետ չխոսելով, փաստահավաք առաքելություն չանելով եւ մարդու իրավունքներ չպաշտպանելով՝ մանր-մունր, ոչ էական հանգամանքների հետեւից են գնում, թե սատկած կենդանի չեն գտել։ Վստահ եմ՝ սատկած կենդանիներ էլ կլինեին։ Բայց դա չէ էականը։ Էականն այն է, որ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, եւ հենց այդ մարդկանցից պետք է ճշտեին, այն քաղաքացիական զոհերը, որոնց փրկարարները գտել են, մարդիկ, որոնք իրենց տներում սպանվել են, հրետակոծության հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց հարազատների հետ պետք է խոսեին, եթե իրոք փնտրում էին ռազմական հանցագործություններ»։
Առաքելության այցի մասին հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի խոսնակը հիշատակում է Աղդամը․ «2020 թվականին վերադարձված տարածքների մաս կազմող Աղդամով անցնելիս առաքելությունը նկատել է ավերածություններ, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքներ, որոնք ձեռնարկում է Ադրբեջանի կառավարությունը»։ Այս առնչությամբ էլ Բեգլարյանն ասաց՝ առաջնորդվել են ամբողջությամբ ադրբեջանական օրակարգով՝ մի կողմից կեղծ ձեւով արձանագրել են, որ Ադրբեջանը որեւէ հանցագործություն չի արել, մյուս կողմից նույնիսկ արձանագրել են, որ հայկական կողմերը Աղդամն ավիրել են․ «Իրենց առաքելության նպատակը չէր տարածվում Աղդամում որեւէ բան գնահատելն ու արձանագրելը, դրա հնարավորությունը իրենք միշտ ունեցել են առնվազն 2020 թվականից ի վեր։ Իրենց առաքելությունը սահմանափակված էր բացառապես Արցախի 2020-23 թվականներին հայկական վերահսկողության տարածքում»։
Մեր հարցին՝ կանխատեսելի է, որ Ադրբեջանը հետագայում միջազգային բարձր ամբիոններում առաջ է տանելու Աղդամի ավերվածությունը, նշելով, թե 90-ականներին դեռ մի բան էլ հայկական կողմն է էթնիկ զտում արել, օրինակ՝ Աղդամում, Քարվաճառում, Ֆիզուլիում եւ այլ տարածքներում, սրա դեմ պայքարելու հայկական կողմն ի՞նչ հնարավորություններ ունի, Բեգլարյանը պատասխանեց․«Իրենք, միեւնույն է, ասում են, եւ դա իրենց համար լրացուցիչ կռվան է լինելու սա օգտագործելու։ Ասելու են՝ նույնիսկ ՄԱԿ-ի առաքելությունն է սա արձանագրել։ Իհարկե, այստեղ մեծ խնդիր կա, եւ Աղդամի տեսանկյունից եւ բուն Արցախի տեսանկյունից իրենց արձանագրումները շատ խնդրահարույց են, հետեւաբար, ՀՀ ԱԳՆ-ն պետք է նոտա հղի, պահանջի հետաքննություն, թե ովքեր են այս առաքելության մեջ ներգրավված եղել, ինչ մեթոդաբանությամբ են աշխատել, ինչ նպատակներ են հետապնդել։ Ավելին, չի բացառվում, որ հետաքննության արդյունքում կոռուպցիոն երեւույթներ արձանագրվեն։ Սրանից բացի, պետք է օբյեկտիվ հիմնավոր փաստահավաք առաքելություն ուղարկվի ոչ միայն Արցախի տարածք, այլեւ ՀՀ-ում գտնվող արցախցիների մոտ։ Դա համապարփակ ուսումնասիրելու խնդիր է։ Բայց նույնիսկ այդ առաքելությունը մեր անվտանգությունն ու իրավունքները չի երաշխավորում։ Պետք է միջազգային հստակ, ամուր, երկարաժամկետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մեր ժողովուրդը վերադառնա իր հայրենիք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարում՝ 2022–ի դեկտեմբերին Արտակ Բեգլարյանը հացադուլ է անում Երեւանում ՄԱԿ–ի գրասենյակի առջեւ