Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի միջնադարյան դպրության նշանավոր կենտրոնը․ Եղիշե Առաքյալի վանք

Հոկտեմբեր 03,2023 17:46

Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի տարածքում: Վանք տանող արահետն անցնում է անտառների միջով, խոր ձորերի եզերքով ձգվող ժայռերի վրայով՝ Մռովասարի հայացքի ներքո։
Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադևոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը կոչվել  է Ներսմիհրի սուրբ ուխտ: Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու V դարի երկրորդ կեսին Արևելից կողմանց հայոց արքա Վաչագան Բարեպաշտ արքան ձեռք է բերել Եղիշե Առաքյալի մասունքները, տեղափոխել դրանք Արցախ, թաղել բարձր լեռան վրա և գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել, որտեղ էլ վախճանվելուց հետո թաղվել է:

Եղիշե Առաքյալի վանքը հիշատակվում է նաև Ջրվշտիկ անունով, ինչը կապված  է համալիրի հարավային կողմի խոր ձորի մեջ թափվող ջրվեժի հետ։ Երբ նահատակված Եղիշե առաքյալի (քրիստոնեությունը տարածող երախտավորներից մեկը) մասունքները Հոռեկա վանքից տեղափոխել է, վանքը վերանվանվել է Եղիշե առաքյալի անունով։

Եղիշե Առաքյալ վանքը եղել է կաթողիկոսանիստ, եպիսկոպոսարան, իսկ վերջին դարերում հայտնի էր իր հերոս վանականներով (Ավագ վարդապետ, Դալի Մահրասա):

Եղիշե Առաքյալ վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, վանական և առաջնորդական շինություններից և մի շարք բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, շրջափակված պարիսպներով:

Վանքի գլխավոր եկեղեցին, որն իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ, կառուցվել է XII-XIII դդ.:

Եկեղեցին բազմիցս վերակառուցվել  է, ինչի մասին վկայում են քարակառույցում օգտագործված ավելի հին քարեր, որոնց վրա պահպանվել են արխաիկ ճարտարապետական էլեմենտներ: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: 1284 թ. կառուցվել է եկեղեցու գավիթը` ընդհանուր ճարտարապետությանը համապատասխան: Գավիթը քառակուսի դահլիճ է, երկու քանդակազարդ սյուներով: Ըստ դռան բարավորի վրայի արձանագրության, այն կառուցվել է 1284 թվականին։

Միջնադարում Եղիշե Առաքյալ վանքը եղել է Արցախի մշակույթի և դպրության կենտրոն: Այստեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր, կրոնական և աշխարհիկ փաստաթղթեր, եկեղեցական սպասք: 1899 թվականին գտնվել են վանքի VII-VIII դարերի բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով: Բուրվառները նվիրաբերվել են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին:

XVIII դ. վանքը հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էր: Այդ ժամանակաշրջանում մեծ համբավ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեց, Ջրաբերդի Մելիք Ադամի աճյունը ամփոփվել է Ջրվշտիկ վանքի բակում, Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:

Վանքի շրջակայքում պահպանվել են մեծ թվով հուշարձաններ, հատկապես խաչքարեր, տապանաքարեր, որոնց արձանագրությունները վկայում են XIII և հետագա դարերի իրադարձությունների մասին:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների

և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031