ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը եւ դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Aravot.am-ը քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ի՞նչ սպասվում Հայաստանին Ռուսաստանի կողմից՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո, հատկապես որ թելեգրամյան ալիքներով տեղեկատվական արտահոսք կար ՌԴ հնարավոր արձագանքի վերաբերյալ:
«Դատելով դեռեւս նախաքննարկման ժամանակ առկա տրամադրություններից՝ դա Ռուսաստանի համար բավականին զգայուն թեմա է: Իրենք անընդհատ նախազգուշացնում էին, եւ հայկական կողմի բոլոր մանեւրումները, թե սա որեւէ ձեւով հայ-ռուսական հարաբերություններին եւ Պուտինի հնարավոր ձերբակալմանը չի վերաբերվում (անգամ հայկական կողմը առաջարկում էր երկկողմանի ինչ-որ բան ստորագրել՝ որպես հավելված) իրենք պատասխանում էին, որ դա իրենց համար ընդունելի չէ: Ավելին՝ դա ծայրահեղ թշնամական քայլ էին գնահատում»:
Վիգեն Հակոբյանի խոսքով. «Ռուսաստանը հայկական կողմին նախազգուշացնում էր, որ դա իրենց համար գերզգայուն թեմա է, ամենայն հավանականությամբ գերզգայուն թեմա է նաեւ Պուտինի համար: Իրենք տարբեր ճանապարհներով զգուշացրել են, որ արձագանքը լինելու է գերկոշտ, իսկ տեղեկատվական արտահոսքերը հենց քարոզչական փաթեթի մի մասն են: Ընդ որում՝ այդ քարոզչական աշխատանքն արդեն ուղղված էր ոչ թե այս իշխանությանը, որի վրա իրենք արդեն խաչ են քաշել, այլ հայ ժողովրդին: Եթե նկատել եք՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում եւ Լավրովի երեկվա մեկնաբանության մեջ կարծես թե տարանջատված են իրարից Լավրովի ձեւակերպմամբ՝ ժամանակավոր ադմինիստրացիան՝ իշխանությունը եւ ժողովուրդը: Ինքն ասում էր՝ ժամանակավոր ադմինիստրացիաները չպիտի որոշեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Իրենք հասկացնում են ժողովրդին՝ եթե ձեր իշխանությունները, որոնց ընտրել եք եւ չեք կարողանում ոչ մի կերպ փոխել, այս ստատուտի հարցն այնպես լուծեն, որ մեզ ձեռք չի տալիս կամ մեզ ոչ ձեռնտու այլ քայլեր անեն, ապա մի նեղացեք, որ գործի դնենք մեր ավանդական գործիքակազմը, տնտեսական ներարկման միջոցները՝ գազ, բենզին, ֆինանսական հարցեր եւ այլն: Ինչպես ասում են` ничего личного, только бизнес»:
Մեր հարցին՝ թե իր կարծիքով ներազդման ի՞նչ միջոցներ կկիրառվեն, Վիգեն Հակոբյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց մենք մոտավորապես գիտենք իրենց գործիքակազմը: Գոնե իմ տպավորությամբ՝ ռուսները բավարար չափով փափուկ ուժի տեխնոլոգիաներին չեն տիրապետում, իրենց տեխնոլոգիաները մի քիչ ավելի կոպիտ են, կացնային: Իրենք սովորաբար այն ամենին, ինչին չեն կարողանում հասնել դիվանագիտական կամ քաղաքական ճանապարհով, դա կոմպենսացնում են մյուս գործիքակազմերով, որոնք ավելի կոշտ են, ավելի պատժամիջոցային, դա հիմա կլինի տնտեսական ուղղությամբ, թե մեկ այլ, այս պահին չեմ կարող ասել իրենց փոխարեն:
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ ամեն դեպքում գնդակը ռուսական կողմում է, որովհետեւ իրենք չստանալով պատասխան քաղաքական, խոսքի վրա հիմնված ճնշման միջոցներով՝ ինչ-որ պատասխան, այնուամենայնիվ, կունենան: Իսկ իրենց մոտ բավականին լայն արսենալ է, եւ նորից շեշտեմ, որ փափուկ ուժն իրենցը չի, դա արեւմուտքինն է: Փափուկ ուժը, որ ամերիկացիներն են շատ հմուտ կիրառում, երկարաժամկետ գործիքակազմ է՝ տարիների, տասնամյակների եւ մեծ ռեսուրսներ է պահանջում: Իսկ ռուսները մի քիչ ավելի տակտիկական մեթոդներով են շարժվում, այսինքն՝ կարճաժամկետ հեռանկարներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ