Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ Պուտինին ստատուտից վտանգ չկա. «Միջազգային քրեական դատարանի պրակտիկայում չի եղել, որ երկրի գործող նախագահ փոխանցվի»

Հոկտեմբեր 03,2023 14:38

Ցանկացած միջազգային պայմանագիր խորհրդարանում ընդունվելուց հետո ուղարկվում է ՀՀ նախագահին, որը այդ որոշման հիման վրա պատրաստում է վավերագիր: Այն պահից, երբ այդ փաստաթուղթը հանձնվում է միջազգային պայմանագրերի ավանդապահին, դրանից հետո 60 օր անց այն մտնում է ուժի մեջ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսպես բացատրեց ընթացակարգը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու հետ կապված:

Հարցին՝ դուք արցախահայերի, ՀՀ անվտանգությամբ եք բացատրում ստատուտը վավերացնելու անհրաժեշտությունը, բայց ցույց տվեք միջազգային որեւէ կառույցի որեւէ որոշում, որեւէ փաստաթուղթ, որն Ադրբեջանն այս ընթացքում հաշվի է առել, ի՞նչ երաշխիքով եք դուք միանում սրան, երբ որ մարտահրավեր կա նաեւ ՌԴ-ից՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Այն, որ բազում հանցագործներ դեռեւս գտնվում են ազատության մեջ, դա դեռեւս հիմք չի վիճարկելու կամ անվավեր ճանաչելու քրեական օրենսգիրքը»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ որեւէ խնդիր չեն տեսնում այս փաստաթուղթը վավերացնելու հետ կապված. «Մենք նախկինում որեւէ փաստաթուղթ չունեինք, որում ընդհանրապես անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հանցավոր գործողություններին: Ստատուտը պետք է վավերացվեր 20 տարի առաջ, Գուրգեն Մարգարյանի դեպքը պետք է լիներ այն դեպքը, որը պետք է փոխանցվեր Միջազգայի քրեական դատարան»:

Հարցին՝ միջազգային հանրությունը պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի նկատմամբ, հիմա ո՞րն է երաշխիքը, որ կպատժվեն Ադրբեջանի հանցավոր գործողությունները՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ պետք է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է հանցավոր մնալ եւ այն հանգամանքը, որ այս կամ այն միջազգային կազմակերպությունը դեռեւս չի արձագանքել, չի նշանակում, որ իրավախախտում չկա. «Ստատուտն ընդունվում է հանցավորության զոհ դարձած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար, ընդունում է հավանական հանցագործներին կամ իրենց պետության տարածքում, կա՛մ միջազգային քրեական դատարանի կողմից պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները նախատեսելու համար»:

ՌԴ-ից նշում են, որ առաջարկներ են ուղարկել ՀՀ-ին, հաշվի չեն առնվել՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ առաջարկները չգիտի, բայց Հռոմի ստատուտի վավերացումը չէր կարող որեւէ եղանակով չտեղավորվել մեր արտաքին քաղաքականության օրակարգում. «Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահի այցին ՀՀ, երբեք միջազգային քրեական դատարանի պրակտիկայում չի եղել, որ երկրի գործող նախագահ փոխանցվի միջազգային քրեական դատարանին: Ես անձամբ համարում եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրի նկատմամբ նման ակտեր կայացնելը կարող է խոչընդոտել դատարանի հետագա կայացմանը: Անկախ ամեն ինչից՝ ստատուտը կվավերացվեր, թե չէր վավերացվի, ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններն այնպիսին էին, որ ստատուտի 98-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա համաձայնագրերի առկայությունը մշտապես օգտակար կլիներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»:

Հարցին՝ ծանր հետեւանքներ սա չի՞ ունենա՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված որեւէ փաստաթղթի վավերացումը չի կարող դիտարկվել որպես ակտ, որը կարող է վատթարացնել որեւէ երկկողմ հարաբերություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031