Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեց 60, դեմ 22 պատգամավոր։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, ինչպես նաեւ հարցի քննարկմանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Հիշեցնեմ, որ միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀԿ-ն երկու անգամ տարածել է հայտարարություն, որոնցում մասնավորապես ասված է, որ դրա ինքնին քննարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ «Երկրորդ, այն որեւէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, որովհետեւ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նույնիսկ չեն էլ ստորագրել այն։ Եվ երրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական երկրներից ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը չեն վավերացրել կամ ստորագրել այդ ստատուտը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դրա վավերացումը ոչ մի օգուտ Հայաստանին չի կարող բերել, բացի վերահաս վտանգներից։ Եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,- նշեց Մամիջանյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց․ «Մենք գնահատում ենք, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացքով է ներկայացվում։ Ցավոք, հանձնաժողովում քննարկումները ներկայացվեցին այնպես, իբրեւ թե միաձայն է ընդունվել։ Պետք է արձանագրել, որ միաձայնությունը վերաբերում է բացառապես իշխանության պատգամավորների մասնակցությանը եւ քվեարկությանը։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվել։ Հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք, եւ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկում»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Արցախում տեղի ունեցածը, այն, ինչ մենք համարում ենք էթնիկ զտում, միջազգային իրավունքի լեզվով կոչվում է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն, որի հետեւանքով մեր հայրենակիցների մի ստվար խումբ, զրկվելով ամեն ինչից, հայտնվել է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում։ Եվ սա հիմք է տալիս նաեւ այս հարցադրման շրջանակներում հարցը բարձրացնել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանում։ Դատարանը ստեղծվել է ցեղասպանության, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Մեր արտաքին քաղաքական օրակարգում մշտապես եղել է, կա եւ կմնա այդ կարգի հանցագործությունների դեմ պայքարը։ Յուրաքանչյուր հայ պայքարում է այդ հանցագործությունները կանխարգելելու համար։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք դուք քվեարկելու այս նախագծին։ Նախագիծը բխում է ՀՀ եւ հայ ժողովրդի շահերից, արտացոլում է հայ ժողովրդի վերջին 100 տարվա տառապանքների դեմ պայքարի գործիք, եւ ես կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին»։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելը միտված է համալրելու ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, ՀՀ ինքնիշխանության պաշտպանության գործիքակազմերը։ «Ես խնդրում եմ սա արձանագրեք, որ ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ամրապնդմանը միտված Հռոմի ստատուտի քվեարկությանը ՀՀ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու։ Ես խնդրում եմ սա արձանագրել այսօրվա եւ ապագայի համար, իսկ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Կոնջորյանը։
Քվեարկությունից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Սահմանադրությանը հակասող որեւէ բան չի կարող որեւէ այլ դրույթներով արդարացվել։ Հետեւաբար, այս քվեարկությամբ քաղաքական մեծամասնությունը գերազանցեց իր լիազորությունները»։
Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց․ «ՀՀ ՍԴ-ն քննության է առել Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական պարտավորությունները, համադրելով այն 2018 դրությամբ սահմանադրական փոփոխությունների հետ, եւ տվել է եզրակացություն առ այն, որ ստատուտի մեջ ամրագրված որեւէ դրույթ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց Ազգային ժողովը չի կարող փոխարինել Սահմանադրական դատարանին եւ չի կարող կասկածի տակ դնել ՍԴ որոշումները»։
«Պարոն Վարդանյան, մի զայրացեք եւ մի սրտնեղեք, հակասահմանադրականության մասին պնդումն ընդամենը պատրվակ է, իրականում ընդդիմությանն ասվել է՝ կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել՝ դեմ են քվեարկել»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ