Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձագետները չեն հերքել, որ այդ տարածքում, բացի հրդեհից` այլ գործողություն չի եղել»․ նոր տվյալներ Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված, 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի մասով

Հոկտեմբեր 03,2023 13:38

«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց և արվում է հնարավոր ամեն բան ծածկադմփոց անելու, իրականացվում է հնարավոր ամեն ինչ, որ մեզ համար դեռևս անհասկանալի պատճառներով` սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը բացահայտելուն ուղղված որևէ իրական քայլ չկատարվի,-«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա հայտնեց, որ վաղը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում 15 զոհված զինծառայողների գործով տեղի է ունենալու դատական նիստ։ Նաև ասաց, որ օգոստոսի 28-ին էլեկտրոնային փոստի միջոցով այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչի՝ քննիչի կողմից ստացել են գրություն՝ տուժող կողմին ուղղված, որով հայտնվել է, որ նշած քրեական գործով վարույթի նախաքննությունն ավարտվել է․ «Քննիչի կողմից էլ․ փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը։ Օգոստոսի 29-ին սույն գործով քննիչի կողմից էլ․ փոստի միջոցով տուժող կողմին են ներկայացվել 22 հատորանոց քրեական գործի էլեկտրոնային սքանավորված նյութերը՝ իմ միջոցով տուժող կողմին հայտնելով, որ այդ 22 հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար ծնողներին տրամադրվում է երեք օր՝ ներկայացնելու համապատասխան միջնորդություններ, առարկություններ կամ հավելյալ այլ իրողությունների վերաբերյալ դիրքորոշում»։

Նորայր Նորիկյանն ասաց, որ ծնողների հետ միասին հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ գործի նյութերին ծանոթանալու համար։ Այնուհետև պարզաբանեց․ «Գործի 7000 էջանոց հատորներ են տրամադրվել և պահանջ է ներկայացվել, որ այդքանին մենք ծանոթանանք երեք օրվա ընթացքում։ Մենք ներկայացրինք միջնորդություն՝ ժամկետը երկարաձգելու համար, սակայն այն մերժվեց։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել այս քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ ժամկետը երկարացնելու համար, միաժամանակ քրեական հետապնդման ժամկետները երկարաձգելու կամ քրեական գործը դատարան չուղարկելու մասին՝ նկատի ունենալով այս գործի բարդությունը, տուժող կողմի՝ քրեական գործին ծանոթ չլինելու իրողությունը։ Սեպտեմբերի 1-ին ստացվել է դատախազի որոշումը այս միջնորդությունը մերժելու մասին։ Արձանագրենք, որ սեպտեմբերի 1-ին սույն քրեական գործը քննության համար ուղարկվել է դատարան»։

Ըստ Նորայր Նորիկյանի՝ կատարվածը վկայում է, որ սույն քրեական վարույթով թե′ քննչական մարմինը, թե′ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործը դատարան ուղարկելու համար․ «Սա մեկ անգամ ևս վկայում է, որ հնարավոր ամեն ինչ արվեց պետական բոլոր ինստիտուտների կողմից, որ սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվի, մեղավոր անձանց շրջանակը չբացահայտվի և պաշտոնական վարկածը բյուրեղացվեր ու հանրությանը հրամցվեր»։

Փաստաբանը պնդեց՝ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իր իրավունքները իրացնելուց։ Նաև տեղեկացրեց, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները վերջերս են ստացել, որոնցում ևս կան հակասություններ․ «Մեր հարցերին պատասխանելով՝ եզրակացության մեջ նշված է, որ զոհված զինծառայողներից մեկի արյան մեջ նշված քանակությամբ կարբոքսի հեմոգլոբինի առկայության պայմաններում վերջինիս կողմից նպատակասլաց և ինքնուրույն և ոչ ուղղորդված գործողությունների կատարումը բացառել հնարավոր չէ։ Այսինքն՝ եզրակացրել են, որ անգամ այդ պայմաններում տվյալ զինծառայողը կարող էր ինքնուրույն գործողություններ իրականացնել։ Հաջորդի դեպքում նշվում է, որ հայտնաբերված շմոլ գազի 37,4 քանակային տվյալներից ելնելով՝ չի բացառվում, որ վերջինս ի վիճակի չլիներ ինքնուրույն ուղղորդված գործողությունների կատարման։ Հաջորդը էապես տարբերվում է քիչ առաջ հրապարակվածից։ Ինչպես ածխածնի մոնօքսիդով թունավորված, այնպես էլ այրվածքներ ստանալու ժամանակ սկզբնական շրջանում ածխածնի մոնօքսոդի քանակը օրգանիզմում դեռ չի հասել առավելագույն խտության, ինչպես նաև այրվածքներից դեռ չի զարգացել ծանր աստիճանի այրվածքային շոկ, ուստի այս շրջանում հնարավոր է, որ զինծառայողը կարողանար կատարել նպատակասլաց, ինքնուրույն գործողություններ՝ քայլել, շարժվել, բղավել, օգնության կանչել և այլն։ Փորձագետները նաև արձանագրել են, որ հրդեհի ծավալն ու բարդության աստիճանը հնարավորություն չեն տալիս արձանագրել, թե այդ տարածքում կողմնակի այլ միջամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ոչ թե բացառում են, որ այլ հանգամանքներում կարող է եղած լինել պայթյուն, կամ այլ գործողություն, այլ ասում են, որ հրդեհի ծավալը թույլ չի տալիս ընդգծել, որ այդ տարածքում այլ իրողություն է եղել։ Այսինքն՝ փորձագետները չեն հերքել, որ այդ տարածքում, բացի հրդեհից՝ այլ գործողություն չի եղել»։

Նորայր Նորիկյանը տեղեկացրեց՝ այս քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից որոշում է կայացվել նաև վարույթը անջատելու․ մի մասի վերաբերյալ գործն ուղարկել դատարան՝ հինգ մեղադրյալով, իսկ մի մասը մնացել է դեռ քննիչի վարույթում։ Տեղեկացրեց նաև, որ միջնորդություն են ներկայացրել փոխել դատարանի ընդդատությունը՝ Երևան քաղաք տեղափոխել, ինչը դատարանի կողմից մերժվել է։ Ուստի Նորայր Նորիկյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ կա շահագրգռվածություն, որ այս գործը քննվի Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում։

Ամփոփելով՝ Նորայր Նորիկյանն ասաց․ «Տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու, և ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված չիրականացրեց օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չփարատվեցին։ Այլ վարկածների շարքում նշել էինք, որ դա կարող էր լինել դիվերսիան, դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել ինչպես դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության, այնպես էլ թմրամոլության ապօրինի շրջանառության և այլնի հետ։ Վարույթն իրականացնող մարմինը պաշտոնական վարկածով, որը բյուրեղացվեց վարչապետի գլխավորությամբ կառավարության նիստում գործն ուղարկեց դատարան, այն դեպքում, երբ թեկուզ այս պայմաններում անգամ հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտոնական վարկածի շրջանակներում անգամ պարտավոր էր քրեական հետապնդում հարուցել մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ, սակայն մինչ օրս այդ առումով արդյունք չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031