«Սա Ադրբեջանի ձեռագիրն է, որ բռնազավթված բոլոր հայկական բնակավայրերում գտնվող մշակութային ժառանգությունը ոչնչացման սպառնալիքի տակ է այս պահին՝ հաշվի առնելով այն, որ 2020թ պատերազմից հետ Արցախի Հանրապետության տարածքներում պատմամշակութային հուշարձաններն ու կոթողներն այլեւս գոյություն չունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայքի մշակույթի օմբուդսմեն, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը:
Նրա խոսքով. «Պետք է անընդհատ բարձրաձայնվի այն մասին, որ Արցախի պատմամշակութային ժառանգության՝ Ադրբեջանի կողմից ոչնչացման վտանգի տակ լինելով՝ Ադրբեջանը ոչ միայն հարվածում է հայկական ինքնությանն ու հայկական քաղաքակրթությանը, այլ համաշխարհային քաղաքակրթությանը: Պետք է հասկանալ, որ այժմ գնում է քաղաքակրթությունների պայքար, եւ պարազիտային քաղաքակրթություն ունեցող երկրները, որոնք ոչ մի բան չեն ստեղծում, ավերում են այն ամենը, ինչը ստեղծել են արարող քաղաքակրթություն ունեցող ժողովուրդները»:
Ի թիվս այլնի, Հովիկ Ավանեսովը փաստում է, որ ադրբեջանցիները հայկական պատմական գերեզմանոցների սրբատաշ քարերն օգտագործում են շինարարական աշխատանքներում եւ նույնը ճակատագիրը սպառնում է այլ հուշարձանների:
Նա նաեւ հավելում է. «Մեր մշակութային ժառանգությունը, հատկապես պատմամշակութային հուշարձանները Արցախի Հանրապետության համապատասխան պետական գերատեսչությունների կողմից տարիների աշխատանքի եւ նվիրյալ մասնագետների շնորհիվ ցուցակագրված են, ունեն իրենց անձնագրերը: Հիմա էլ լուսանկարները, նյութերն ուսումնասիրվել են, բազմաթիվ գրքեր կան այդ ուղղությամբ հրատարակված՝ շնորհիվ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրման հիմնադրամի (լուսահոգի Սամվել Կարապետյանի RAA Foundation-ի-Գ. Հ.) աշխատանքների:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ներկային, պետք է հասկանանք, թե Ադրբեջանն ինչ ուղղությամբ է գնալու: Պարզ է, որ շարունակելու է իր աղվանականացման քաղաքականությունը, հատկապես որ արդեն մի քանի հուշարձան բացահայտ որպես աղվանական է հայտարարում, իսկ մյուս հուշարձաններին էլ մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացում է սպառնում: Մենք արդեն տեղեկություններ ունենք վանդալիզմի դեպքերի հետ կապված:
Օրինակ Ստեփանակերտի հարակից Դաշուշեն գյուղի բարձունքում խաչ կար տեղադրված, որտեղից նաեւ ամբողջ Ստեփանակերտն է դիտարկվում: Բռնազավթումից ընդամենը մի քանի ժամ հետո ադրբեջանցիներն այդ խաչն արդեն փռել էին գետնին, ապամոնտաժվել է Շուշիի մերձակայքում գտնվող Տանկ հուշարձանը: Տեսել եք լուսանկարը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանին փակցված ադրբեջանական դրոշի: Սրանք մշակութային վանդալիզմի դեպքեր են, որոնք մենք արձանագրել եւ պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում: Բոլոր դեպքերը գրանցվում են, չկա այնպիսի մի դեպք չկա, որ մեր ուշադրությունից վրիպած լինի»:
Հայքի մշակույթի օմբուդսմենը հավելեց. «Բոլոր փաստերն ուղարկվում են միջազգային կազմակերպություններին՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այսպես կոչված ՄԱԿ առաքելությունը բավականին ուշացած այցելել է Արցախ, եւ այն հայտարարությունը , թե իբր ցեղասպանության որեւէ դրսեւորում չի եղել, տեղահանությունն էլ իբր իրականության հետ ոչ մի առնչություն չունի:
Ի դեպ, ՄԱԿ-ի այդ հայտարարությունը կոպտորեն խախտում է Ցեղասպանության մասին հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու կոնվենցիան, որը հենց ՄԱԿ-ն է ընդունել:
Հասարակական նախաձեռնությունների ահազանգերից եւ հայտարարություններից բացի՝ գործում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»` Monument watch ակադեմիական հարթակը, որն ակադեմիական մակարդակի ուսումնասիրություններ է իրականացնում, ինչն իր հետազոտություններում մեր թիմը եւս օգտագործում է:
Մենք մի քանի նախաձեռնություններով բազա ենք ստեղծում, որը մեր դիվանագիտական կորպուսը պետք է օգտագործի: Ահազանգերից, մեր ուղղած նամակներից ու կոչերից զատ՝ դիվանագիտական կառույցներն այս ուղղությամբ բավականին անելիք ունեն, որպեսզի աշխարհին ցույց տան այդ ամենը, չնայած աշխարհը շատ լավ էլ տեսնում է, բայց քայլեր չի ձեռնարկում: Այս ամենը կարեւոր է, անհրաժեշտ՝ մշակութային արժեքների ոչնչացման համար Ադրբեջանի դեմ դատական պրոցեսներ սկսելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ