ՌԴ տնտեսության վիճակը և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա
ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում
Վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի Կենտրոնական բանկը կայացրել է երեք արտահերթ նիստ, որոնց ընթացքում որոշվել է բարձրացնել ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը՝ 7,5%-ից հասցնելով 13%-ի։ Տոկոսադրույքների այս բարձրացումնը զգալի է Ռուսաստանի տնտեսության համար և պաշտոնապես ուղղված է գնաճի դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս պահին գնաճի տեմպերը համեմատելի են խոշոր տնտեսությունների գնաճի հետ (բացի Թուրքիայից և Արգենտինայից, որտեղ առկա են առանձին տնտեսական խնդիրներ):
Գնաճի դինամիկա
Կարդացեք նաև
Ռուսաստանում գնաճը Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվականի փետրվարին հասել էր 18%-ի: Տոկոսադրույքի հետագա բարձրացումը մինչև 20% օգնեց զսպել գնաճը սկզբնական շրջանում: Այնուամենայնիվ, որոշակի հարցեր է առաջացնում այն, որ մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանում գրանցվել է գնաճի աննախադեպ անկում՝ մեկ ամսում 11%-ից իջնելով 3,5%-ի: Սա նաև հուշում է նրա մասին, որ ՌԴ գնաճի վրա ավելի շատ ոչ մոնիտար ուժեր են ազդում:
Ռուսական ռուբլու տատանումներ
Ռուսական ռուբլին վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար արժեզրկվում է, և այն այժմ մեկ ԱՄՆ դոլարի փոխարեն վաճառվում է մոտ 99 ռուբլով, այն ինչ 2022 թվականի հունիսին 1 դոլարը արժեր մոտ 60 ռուբլի։ Վերջին շրջանում ռուբլու արժեզրկումը դադարեցվել է հիմնական տոկոսադրույքի բարձրացումով։ Ամենակտրուկ բարձրացումը 3.5 տոկոսային կետով (8.5-ից 12 տոկոս) գրանցվել է օգոստոսի 15-ին հրավիրված արտահերթ նիստում։ Այդ օրը Ռուսական ռուբլին առաջին անգամ Ռուս-Ուկրաինական պատերազմի սկզբից հատեց 100 ռուբլի 1 դոլարի համար սահմանը, որից հետո հրավիրվեց արտահերթ նիստ։ Այս միջոցառումը ժամանակավորապես կանխեց ռուբլու հետագա արժեզրկումը։ Ըստ էության, տոկոսադրույքների բարձրացումը ռուբլու անկման կանխարգելման և ամրացման փորձ է, այլ ոչ թե գնաճի զսպման միջոցառում։ Քանի որ ռուբլին շարունակում է արժեզրկվել և նորից ուզում է հատել 100 ռուբլի մեկ դոլարի համար հոգեբանական սահմանը կարելի է ակնկալել, որ մոտակա օրերը Ռուսաստանի ԿԲ կրկին կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը։
Առևտրային և ընթացիկ հաշիվ
Ռուսաստանի առևտրային հաշվեկշիռը զգալիորեն վատթարացել է վերջին շրջանում, և ներկայումս այն գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա՝ COVID-19 համաճարակից ի վեր: Այս անկմանը նպաստում են պատժամիջոցներն ու արտահանման կրճատումը։ Սա իր հերթին ճնշում է Ռուսաստանի ընթացիկ հաշվի վրա, որը վերջին 12 ամիսների ընթացքում նվազում է։ Նշեմ, որ հիմնականում Ռուսաստանը իր դրական հաշվեկշիռը պատմականորեն ապահովել է նավթամթերքի և բնական գազի արտահանմամբ, ինչը վերջին ամիսներին զգալիորեն կրճատվել է։
Բենզինի և դիզելի արտահանման անժամկետ դադարեցում
Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի դաշնությունը անժամկետ արգելք է դրել նավթամթերքի արտահանման վրա։ Սա չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, որոնց մեջ է Հայաստանը։ Այս քայլը որոշակի հարցեր է առաջացնում, քանզի այս պահին առկա է վատթարացող առևտրային հաշվեկշիռ և Ռուսաստանին անհրաժեշտ է արտահանումը մեծացնել՝ ընթացիկ հաշվեկշռի դրական սալդոն ապահովելու համար։ Իսկ նավթամթերըք, որի մեջ մտնում են բենզինը և դիզելային վառելիքը, ունի ավելի մեծ ավելացված արժեք համեմատած հում նավթի։
Նշեմ, որ այս արգելքը չի տարածվում հում նավթի վրա, իսկ հում նավթի պահանջարկը Չինաստանում և Հնդկաստանում ավելի մեծ է։ Խնդիրը նրանում է, որ ՌԴ ներքին բենզինի գները վերջին շրջանում շարունակաբար աճում էին և առկա է հստակ նպատակ կայունացնել վառելիքի ներքին շուկան։ Այս պահին Ռուսաստանում բերքահավաքի սեզոն է և հացահատիկի բերքահավաքի համար վառելիք չի հերիքում։ Սա պայմանավորված է նաև ռուբլու փոխարժեքի արժեզրկմամբ: Փաստացի ավելի ձեռք է տալիս արտահանել բենզինը, քան այն պահել ներքին շուկայում, որտեղ այն ունի ռուբլուն կցված կայուն գին։ Ռուսաստանին սպառնում է վառելիքի արտահանումից եկամտի կորուստ, ինչը էականորեն ազդում է տնտեսության վրա։ Այս զարգացումը բարդ մարտահրավեր է Ռուսաստանի համար, քանի որ նա ձգտում է կայունացնել իր ներքին շուկան՝ միաժամանակ գործ ունենալով արտահանման կրճատված ֆինանսական հետևանքների հետ՝ ազդելով իր տնտեսության և նավթավերամշակման գործարանների վրա:
Եզրակացություն
Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանը հակամարտության մեջ է Ուկրաինայի հետ։ Բավականին մեծ քանակությամբ սանկցիաներ են այս պահին գործում ՌԴ տնտեսության վրա։ Սա բավականին թուլացրել է ռուսական տնտեսությունը։ Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման զգալի խնդիր ունի։
Ինչքան ուժեղ է տնտեսությունը, այնքան ուժեղ է պետությունը։ Վերջին ամիսները ընթացքում ՌԴ տնտեսության ցույց է տալիս որոշակի խնդիրներ, ինչը կարող է նաև հանդիսանալ տարածաշրջանի անկայունության պատճառներից մեկը։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com կազմակերպության ղեկավար