«Միջազգային քրեական դատարանը Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի գրասենյակների մրցակիցն է»,- այս մասին ԱԺ նիստում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Հռոմի ստատուտի հարցի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստի սկզբում հայտարարել էր, որ նախագիծը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված խորհրդարանի քննարկմանը։
Մարիա Կարապետյանն իր ելույթում ասաց․ «Ես ուզում եմ անդրադառնալ հարցին, թե ո՞րն է այն դրդապատճառը, որով հնչում են առարկություններ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության առնչությամբ։ Եվ դրա պատճառը ՀՅԴ-ն է կամ դաշնակցական մտածելակերպը։ Ինչո՞ւ, որովհետեւ դատարանների անդամները լինում են պետությունները, իսկ չպետությունները մի 23 տարի տարբեր կառավարությունների առջեւ ցույցեր են անում ցեղասպանությունների եւ այլ ոճրագործությունների ճանաչման պահանջներով։ Միջազգային քրեական դատարանը ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ հանցագործությունները եւ պատերազմական հանցագործությունները քննող դատարան է։ Հենց այս պատճառով Միջազգային քրեական դատարանը Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի գրասենյակների մրցակիցն է, որովհետեւ հարց է ծագում՝ եթե Հայաստանն ինքը հավաքագրի ապացույցներ որպես պետություն եւ դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը։ Հայ դատը հայ ժողովրդի ողբերգությունների վրա հիմնված մի ամբողջ ինդուստրիա է կառուցել եւ ամեն կերպ դիմադրում է այդ ողբերգությունների փակ շղթայից դուրս գալու Հայաստանի փորձերին։ Ինչո՞ւ դիմել դատարան, եթե կարելի է հանգանակություններ հավաքել, լոբբինգով զբաղվել, ցույցեր կազմակերպել այլ երկրների կառավարությունների դիմաց»։
Ըստ Մարիա Կարապետյանի՝ գրեթե ամբողջ աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունը կզբաղվի մեր պատմության այս դառը ժամանակահատվածում տեղի ունեցողին միջազգային իրավական գնահատականների հասնելու գործով։ «Այդ դեպքում ինչպե՞ս է Հայ դատը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը լավը չէ, տկար է, լավն ինքն է, որ տեղավորվելով հայ համայնքներ ունեցող օտար երկրների ներքին ընտրությունների կոնյուկտուրայում՝ պիտի մրցակցի ՀՀ հետ եւ ձգտի անկախ, միացյալ եւ հավերժական Հայաստանի՝ հընթացս փորձելով քանդել այս Հայաստանի Հանրապետությունը։ Ահա այստեղ է թաքնված Միջազգային քրեական դատարանին Հայաստանի միանալու դեմ դիմադրության խորքային դրդապատճառը։ Քանդվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը Հայ դատականությամբ փոխարինելու տասնամյակներին փոխարինելու պրակտիկան»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ