Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ սուվերեն տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, եւ Հռոմի ստատուտի վավերացումը վերստին հիմնավորվում է»․ Եղիշե Կիրակոսյան

Հոկտեմբեր 03,2023 12:21

ԱԺ նիստում քննարկվեց Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ 123 պետություն այսօր անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը։ ՀՀ կողմից կանոնադրությունը ստորագրվել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ 2004 թվականի Սահմանադրական դատարանը կանոնադրության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։

«Եվ կանոնադրության վավերացման վերաբերյալ քննարկումները սկսվեցին դեռեւս մեկ տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա եւ կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ նաեւ ՀՀ սուվերեն տարածքում»,- ասաց նա։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ կառավարությունն առաջարկում է նախագծով հետադարձ ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ սկսած 2021 թվականի մայիսի 10-ից։

«Շեշտեմ, որ նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի զինծառայողների կողմից իրականացված պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն։ Ինչպես նաեւ, կարծում ենք եւ շատ հուսով ենք, որ այս վավերացման եւ իրավազորության ճանաչման քայլով նաեւ այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու եւ կանխարգելելու նպատակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե սա հակասահմանադրական գործընթաց է, ստատուտը չի կարող վավերացվել առանց սահմանադրական փոփոխությունների։ Կիրակոսյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ «Սահմանադրականության հետ կապված հարցի գնահատականը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վերապահված է միայն Սահմանադրական դատարանին։ ՍԴ-ն կարող է որոշում կայացնել պայմանագրերի սահմանադրականության հարցի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է, կա այն, եւ կարծում եմ՝ տեղին չէ այն վիճարկել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա անդրադարձավ հարցին՝ ի՞նչ կտա ՀՀ-ին կանոնադրության վավերացումը։ «Կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ սահմանում է դատարանի իրավազորությունը։ Այսինքն՝ ՀՀ տարածքը որոշակիորեն երաշխիք է ստանում, որ տարածքում կատարված ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Այսինքն՝ այն անձինք, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություններ, առնվազն նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Կարծում եմ՝ դա պակաս արգումենտ չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը վերստին հիմնավորվում է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031