Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շատերը շրջափակումից ի վեր առաջին անգամ տաք և սննդարար ուտելիք ստացան. ՀԲԸՄ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին

Հոկտեմբեր 03,2023 12:08

Անցած շաբաթ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողն ու տները, երկար ու ծանր ճանապարհից հետո մեծ դժվարությամբ հասան Գորիս։ Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս ավելի քան 15,000 տուփ սնունդ է պատրաստվել և բաժանվել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

WCK-ի թիմը Գորիս է ժամանել սեպտեմբերի 29-ին, որտեղ նրանց սպասում էր ռեստորանային բիզնեսում մեծ փորձ ունեցող, ՀԲԸՄ-ի՝ աշխարհի խոշորագույն հայկական ՀԿ-ի բարեկամ, լիբանանահայ Ալին Կամաքյանը։ ՀԲԸՄ-ն մարդասիրական օգնության մեծ փորձ ունի, որի գործունեությունը սկիզբ է առնում դեռևս Ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից։ Համագործակցելով WCK-ի հետ՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է այս ահռելի մարդասիրական ճգնաժամի հաղթահարման առաջնագծում լինել:

«Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 տեղահանվածների ներհոսքին ի պատասխան՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է սննդով ապահովել իննամսյա շրջափակումից տուժածներին. շրջափակում, որը Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականության մի մասն էր», – ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «World Central Kitchen-ի և մեր ընկեր Ալին Կամաքյանի հետ աշխատելը մեր ռեսուրսների, տեղեկացվածության և հասանելիության համատեղման արդյունքն է»:

Կամաքյանը և WCK-ն նախկինում համագործակցել են նաև 2020 թվականի Բեյրութի պայթյունի ժամանակ: Հայտնվելով մարդասիրական օգնության առաջնագծում՝ Կամաքյանը ամիսներ շարունակ սնունդով էր ապահովում աղետի գոտու հարյուրավոր տուժածներին: WCK թիմի հետ անձամբ աշխատելը Կամաքյանին և ՀԲԸՄ-ին հնարավորություն տվեց փորձ ձեռք բերել, թե ինչ է անհրաժեշտ աղետի գոտում սննդի զանգվածային ապահովման համար: Այժմ թիմը գործի է անցել Գորիսում՝ օգնություն ցուցաբերելու բռնի տեղահանվածներին:

Անցյալ շաբաթ՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանության առաջին հաղորդագրություններից մի քանի ժամ անց, Կամաքյանն արդեն Հայաստանում էր՝ Սյունիքում աշխատելու ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցների և կամավորների հետ: Կարճ ժամանակում Գորիսում, Սիսիանում և Իշխանասարում բացվեցին սննդի կետեր: Այնուհետև մեկ այլ կետ բացվեց Վայոց ձորում, որտեղով մեծ թվով տեղահանված մարդիկ են անցնում՝ Գորիսից շարժվելով դեպի այլ մարզեր։ Կիրակի օրվանից մի շարք կետեր են գործում նաև Արարատում, Մասիսում և Երևանում: Գորիսում սնունդ բաժանվում է տեղի հյուրանոցներում, հիվանդանոցներում և դպրոցներում, ինչպես նաև մասնավոր բնակարաններում և տներում, որտեղ մարդկանց ապաստան է տրամադրվել։

Բոլոր կետերում սնունդը պատրաստվում է տեղական ռեստորաններում՝ օգտագործելով տեղական ծագման բաղադրիչներ ու բաղադրատոմսեր: Որոշ ռեստորաններ, որոնք ներգրավված են այս աշխատանքներում, պատկանում են ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանավարտներին։

«Տեղահանվածներից շատերը, այդ թվում՝ վատառողջ և ծանր հիվանդ մարդիկ, ստիպված են եղել հապշտապ հավաքել իրենց իրերը ու հետո տասնյակ ժամերով կանգնել խցանված երթևեկության մեջ, որպեսզի հասնեն Հայաստան՝ ապահովություն գտնելու։ Սա միայն վատթարացրել է նրանց հոգեկան տրավման»,- բացատրում է Կամաքյանը: «Մարմնի, մտքի և հոգեբանական ցնցումներ մենք նախկինում տեսել ենք, երբ աղետից տուժածներն ի վիճակի չեն լինում ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Հենց այստեղ է, որ թարմ բաղադրիչներով պատրաստված տաք սնունդը, որը մատուցվում է արժանապատվությամբ և կարեկցանքով, կարող է նրանց համար հույսի առաջին նշանը լինել: Դա նրանց ֆիզիկական և բարոյական ուժ է տալիս իրենց կյանքում նոր, անորոշ էջ սկսելու համար»:

ՀԲԸՄ-ն ստանձնել է այս հսկայական ջանքերի նյութատեխնիկական ապահովումը՝ WCK-ին և Կամաքյանին տրամադրելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, որպեսզի կարողանան օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին: Կամաքյանը վստահ է, որ մարդասիրական օգնության այս հատվածը կենսական նշանակություն ունի այս դժվարին շրջանում:

Սեդրակյանը նաև նշեց. «Մենք գնահատում ենք այն փաստը, որ WCK-ն անմիջապես ճանաչեց այս ճգնաժամի ողբերգական մասշտաբները և պատրաստակամություն հայտնեց երկարաժամկետ անվճար սնունդ տրամադրել տեղահանվածներին՝ ներառյալ հիվանդանոցների հիվանդներին, ովքեր շտապ օգնության կարիք ունեն: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ալին Կամաքյանին՝ իր ջանքերի և մասնագիտական ​​հմտությունների համար, որոնք նրան հնարավորություն են տալիս կազմակերպելու նման հրատապ և բազմակողմանի աշխատանք: Նրա ներկայությունն այստեղ՝ Հայաստանում, այս ծանր ժամանակաշրջանում և՛ հուսադրող, և՛ ոգեշնչող է բոլորի համար»:

Արցախի մեր հայրենակիցների համար նվիրատվություններ կարող եք կատարել ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամի միջոցով՝ agbu.org/global-relief։

Լուսանկարում՝ ՀԲԸՄ-ի կամավորները Գորիսում սնունդ են բաժանում տեղահանված երեխաներին:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Բարեգործություն լուռ է պետք անել,որ սրտխառնոց չառաջացնի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031