«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավելի անհեթեթ զեկույց պատկերացնել հնարավոր չէր։
Եթե շատ կարճ ընդհանրացնեմ ՄԱԿ-ի վերջին խեղկատակությունը` ասվում է, թե էթնիկ զտում չկա, քանի որ դպրոցներին ու հիվանդանոցներին չեն կրակել… այսինքն` բնակավայրերը կրակի տակ առնելը, երեխաներ սպանելը, 9 ամիս սովամահության հասցնելը բավարար չէ, 21-րդ դարում դիակների կույտեր պետք է տեսնեին, նոր միայն կաշառքից կուրացած աչքերը բացեին։
Նաեւ շեշտում են, որ գնահատել են մարդկանց կարիքները, ո՞ր մարդկանց, այն, որ չեք կարողացել անգամ գտնել եւ անհեթեթ մոտավոր թիվ գրել, թե բա` 50-1000 մարդ, չեք գտնի աշխարհում որեւէ փաստաթուղթ, որում մարդկանց մոտավոր քանակը այսպիսի մեծ սանդղակով նշվի, սա ոչ միայն հակագիտական է, այլ` խորը հակատրամաբանական։
Կարդացեք նաև
Բայց սա դեռ ոչինչ է, համեմատած ՄԱԿ առաքելության ղեկավար Դյուժարիկի լկտիության հետ.
«Մեր գործընկերներին ապշեցրել է այն հանկարծակիությունը, որով տեղի բնակչությունը լքել է իրենց տները և այն տառապանքը, որը, հավանաբար, պատճառել է նրանց այդ փորձությունը։ Մեր մասնագետները վերջին հրադադարից հետո քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության մասին ոչ մի հաղորդագրության չեն հանդիպել ո՛չ տեղի բնակչությունից, ո՛չ էլ այլ անձանցից»։
Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ահազանգում էինք հնարավոր բոլոր հարթակներում, պահանջում ՄԱԿ-ի դիտորդներ։ Պաշարման հետեւանքով մահացության դեպքեր, սովահարության սարսափելի հետեւանքներ ու տառապանք, էս ամենը չեն իմացել ու ապշել են, որ մարդիկ ՀԱՆԿԱՐԾ դուրս են եկել ու փախել, բռնի տեղահանվել։
ՄԱԿ-ի բյուրոկրատները վարկաբեկում են ողջ կառույցը եւ նպաստում Ալիեւի, Պուտինի եւ բոլոր մեծ ու փոքր դիկտատորների հիմնական նպատակին` վերացնել ու արժեզրկել միջազգային իրավունքի բոլոր մեխանիզմները, վերահաստատել ուժի իրավունքը, սրա հետեւանքները միայն մենք չենք կրելու, սա ձեր դեմ է դուրս գալու եւ այդ օրը հեռու չէ, ցավոք: