«Դահլիճի այս կողմը՝ մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը։ Կարգելով նոր մեղավորների, պատմական տգիտությունն ի ցույց դնելով՝ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին։
«Իսկ իրականությունն այն է, որ Արցախի հերոսական, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը, ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի սովամահ վիճակում դիմադրեն ադրբեջանական հրոսակախմբերին։ Ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ ինքներդ հրաժարվեցիք աջակցություն ցուցաբերել, հրաժարվեցիք եւ մղեցիք կործանման։ Այս ամենը դուք փորձում եք ներկայացնել, թե իբր իշխանազավթում է տեղի ունեցել Արցախում։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունն ու հեռանալ, եւ հեռացել է։ Այն փրկությունը, որ փորձում էին անել, էլի ձեր իսկ ղեկավարությամբ, դավադիր գործողություններով հայաթափման մղեցիք ողջ Արցախը։ Հազարավոր տարիներ Արցախը, որպես հայկական բնակավայր լինելով, այսօր դադարել է լինել այդպիսին։ Դուք եկել եք այստեղ եւ ձեր մեղքը փորձում եք բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա։ Դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ մեկօրյա պատերազմում 64 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ կռվելով՝ հերոսական ժողովուրդը 1200-ից ավելի կորուստներ է պատճառել թշնամուն։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը, դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Խնդրում եմ, Արցախի ժողովրդի անունից մի խոսեք, որովհետեւ նման բան որեւէ մեկը չի ասել։ Եվ մի փորձեք քաղաքական պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ