Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտացավ բարեկամը. Երեւան-Փարիզ կուռ դաշինք կնքելու հիմքերն առկա են

Հոկտեմբեր 03,2023 12:00

«Ֆրանսիան դիտարկում է Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն»

Անցած ամիս Նիկոլ Փաշինյանը 4 անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ: Ֆրանսիան այն բացառիկ երկրներից է, որտեղից գործող պաշտոնյաների, քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների ու մեկնաբանների կողմից հրապարակավ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության եւ Արցախի ու արցախահայության պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ հստակ հայտարարություններ են արվում:

Սեպտեմբերի 9-ին՝ Ադրբեջանի հարձակումից 10 օր առաջ տեղի ունեցած Փաշինյանի եւ Մակրոնի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցերը: Այդ օրը Փաշինյանը վերահաստատել էր իր հավատարմությունը 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին եւ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: «Նախագահ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին», ասվում էր հայտարարության մեջ:

Ալիեւը ունենալով հերթական «դաբրոն», այնուամենայնիվ, որոշեց «լուծել» Արցախի հարցը` ամիսներ շարունակ սովի մատնված ժողովրդի նկատմամբ սանձազերծելով նոր հարձակում: Այդ գործողությունների ֆոնին տեղի ունեցավ Փաշինյանի հեռախոսազրույցները մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում` Մակրոնի հետ: «Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»: Երկու օր անց, սեպտեմբերի 21-ին, կրկին Փաշինյանն ու Մակրոնը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: «Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը», ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ Փաշինյանը կրկին հեռախոսազրույց ունեցավ Մակրոնի հետ: Նրանք քննարկել էին Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաեւ բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ «Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին», ասվում էր հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը օրերս ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի հետ կատարվածին, կարծիք է հայտնել, որ` անհրաժեշտ է ավելի բարձր խոսել եւ ավելի արագ գործել. «Կա հումանիտար վտանգ, ամբողջովին բռնակցված տարածաշրջան եւ վտանգի տակ գտնվող երկիր։ Հաջորդ քայլը կարող է լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ զավթողական հարձակումները»: Ըստ Օլանդի` «Էրդողանն ու Պուտինը քարտ-բլանշ են տվել Ալիեւին», իսկ Արցախում` «իրականացվեց էթնիկ զտում»:

Ֆրանսիացի տարբեր գործիչներ, մեկնաբաններ այս օրերին հանդես են գալիս ֆրանսիական եթերում, նաեւ քննադատում են ԵՄ-ի քաղաքականությունը, հստակ ընդվզելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ գազային քաղաքականության շրջանակներում եվրոպացի պաշտոնյաների կողմից ցուցաբերած որոշակի «չեզոքությունը», որի արդյունքում Արցախում ցեղասպանություն իրականացվեց, իսկ համամարդկային արժեքներով հանդես եկող Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ զերծ է մնում պատժամիջոցներ կիրառելուց:

Մինչդեռ Ֆրանսիան ավելի հետեւողական է: Այս օրերին տարբեր տեղեկություններ են հայտնվում Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական տեխնիկայի տրամադրման մասին:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն օրերս կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան կարող է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Ֆրանսիայի նախագահը անձամբ է հետեւում այս հարցին, որը կարեւոր է Ֆրանսիայի, շատ ֆրանսիացիների եւ այն ֆրանսիացիների համար, ովքեր սիրում են Հայաստանը եւ կապեր ունեն այս երկրի հետ։ Նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակներն են»,- նկատել է նախարարը։

Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնակցի հետ. «Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչեւ այժմ չկար, եւ որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու նրանց պաշտպանական եւ անվտանգության կարիքները»: Լրագրողի հստակեցնող դիտարկմանը, թե փաստորեն դուռն ամբողջությամբ փակ չէ, նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ասել է. «Ձեր հարցն էր՝ Ֆրանսիան կարո՞ղ է ռազմական միջամտություն կատարել: Ես չեմ կարծում: Ակնհայտ է, որ այս հարցին պետք է պատասխանեն Հանրապետության նախագահն ու զինված ուժերի ղեկավարը։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մենք դիտարկում ենք Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն»:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Սենատում ունեցած իր ելույթում հայտարարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ոչ մի երկիր Հայաստանին չի օգնում ավելի, քան իր երկիրը: «Ֆրանսիան նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի»,-ասել էր Կատրին Կոլոննան։

Անցյալ շաբաթ Դուբլինում կայացավ ՀՀ ԱԺ-ի նախագահի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հանդիպումը, որի ընթացքում Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է։ ՀՀ ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Նշվում էր, մտքեր էին փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանը համոզմունք էր հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ եւ նշել էր՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած եւ ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Յաել Բրաուն-Պիվեն իր աջակցությունն ու զորակցությունն էր հայտնել ԼՂ ժողովրդին եւ նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 3-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, որը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Ըստ Փարիզի՝ Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ կընդգծի ծայրահեղ զգոնությունը դրանց հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։

Պաշտոնական Փարիզը հիշեցրել է, որ տարեսկզբից Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին եռապատկվել է՝ հասնելով 12,5 միլիոն եվրոյի։ Նշվեց  նաեւ, որ սեպտեմբերի 29-ին օգնություն է փոխանցվել Երեւանին, որը նախատեսված է, մասնավորապես, սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների խնամքի համար։ «Կոլոննան նաեւ կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար եւ հարատեւ խաղաղությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը», – ասված է Փարիզի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031