Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ընդունել, որ պարտվեցինք». քանդակագործն անիրատեսական է համարում պնդումները, թե հուշարձանը պետք է Հայաստան տեղափոխել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2023 10:51

Արցախի հայաթափումից հետո լուր տարածվեց, որ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որն արցախցիները «Դեդո-բաբոյի» արձան են կոչում, ադրբեջանցիները որոշել են ոչնչացնել:

Արձանը տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Արձանի հեղինակի` հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին` քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասում է` ինչքան էլ որ դժվար է այս բարդ իրողության հետ համակերպվելը, պետք է ընդունել, որ պարտվեցինք: Քանդակագործն անիրատեսական է համարում բոլոր այն պնդումները, թե հուշարձանը պետք է Հայաստան տեղափոխել: Նա կարծում է, որ եթե նման գումարներ պետք է ծախսվեն արձանը Հայաստան տեղափոխելու վրա, առավել նպատակահարմար կլինի հատկացնել բռնի տեղահանված արցախահայերին: Նա կարծում է, որ պետք է, անկախ ամեն ինչից, առաջ նայել, չկոտրվել, իսկ հուշարձանի մասին այսքան խոսակցությունները, նրա կարծիքով, ավելի են նպաստում թշնամու կողմից դրա ոչնչացմանը։

«Արձանն իրապես Արցախի կոլորիտն է, այն դեռեւս կա: Կարծում եմ, որ ինչքան այդ մասին խոսվում է, այնքան վտանգը, որ այն կարող են ոչնչացնել, մեծանում է: Իմ ցանկությունն այն է, որ այդ արձանը պահպանվի: Այն կարծիքները, որ պետք է արձանը հանեն Արցախից, Հայաստան բերեն, չեմ համարում իրատեսական ու տեղին: Այդ քարերն այնտեղից հանելն այնքան էլ հեշտ չէ, եւ, վերջապես՝ այսքանից հետո ո՞վ է թողնելու՝ գնաք, արձան քանդեք ու բերեք: Շուշիի պատկերասրահում կորցրել ենք մեր ողջ ժառանգությունը` նկարներ, քանդակներ, ընդ որում՝ շուրջ 16 քանդակ հորիցս: Հիմա որքան էլ այդ փաստը ցավալի է, մեզ ո՞վ թույլ կտա դրանք վերադարձնել: Դա մեր մշակութային ֆոնդն է, բայց միամտություն եմ համարում այն կարծիքները, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելով՝ կարող է ինչ-որ բան փոխվել: Նրանք էլ մատը մատին չեն տալու, արդյունքում ավելորդ ժամանակ ենք ծախսելու: Սա է վիճակը: Ցավոք սրտի, ամեն ինչ այսպես դասավորվեց, եւ մենք պարտվեցինք…. Շատ խոսելուց չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխվի: Ադրբեջանցուն այլեւս ոչ մեկս չենք կարող խանգարել՝ եթե որոշեն ապամոնտաժել, ապամոնտաժելու են»,- նշում է ճարտարապետը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031