Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետեւանքները մենք տեսնում»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 03,2023 10:25

«Ազգային ժողովի այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, մեր ժողովրդին սովամահության մատնելու, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու եւ Արցախը հայաթափելու ակտից հետո։ Տրամաբանական կլիներ, որ այս նիստի օրակարգում առաջին կարեւոր հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության, գնահատման եւ մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը։ Բայց մենք տեսնում ենք, որ չկա այդպիսի բան»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց․«Գուցե սրա պատճառը նաեւ այն է, որ քաղաքական մեծամասնությունը եւ գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցություն այս ազգային ողբերգությանը կամ որ ամենավատն է, փորձում է մեղքը բարդել այլոց վրա։ Մինչդեռ սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է, քանի որ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետեւանքները մենք տեսնում ենք։ Անգամ հարկ չհամարվեց նիստի հենց սկզբում հարգել մեր զոհերի հիշատակը։ Դրան գումարենք նաեւ այն, որ ընդամենը երեկ էլ մենք ունեցանք դարձյալ մեկ զոհ»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի այս հերթական նիստերի օրակարգում ներառված է հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված։ «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացման հարցը առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել՝ իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ»,- ասաց նա։ Ըստ Մինասյանի՝ կարիք կար ամբողջական, խորը եւ պաշտպանական բոլոր գործողությունները ձեռնարկելուց հետո միայն անդրադառնալ այս հարցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031