Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան մրցանակ՝ Քովիդ-19-ի դեմ պայքարող մՌՆԹ պատվաստանյութերի ստեղծման համար

Հոկտեմբեր 03,2023 09:32

Հայտնի են դարձել 2023 թ․-ի Նոբելյան մրցանակակիրները Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Հունգարացի Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայսմանին Նոբելյան մրցանակ է շնորհվել  նուկլեոզիդային հիմքերի փոփոխությունների վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար, որոնք հնարավորություն են տվել մշակել արդյունավետ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութեր Քովիդ-19-ի դեմ:

Նոբելյան մրցանակի այս երկու դափնեկիրների ուսումնասիրությունները որոշիչ դեր են խաղացել համավարակի շրջանում Քովիդ-19-ի դեմ արդյունավետ մՌՆԹ պատվաստանյութերի մշակման գործում։ Նրանց հեղափոխական բացահայտումները փոխում են մասնագետների պատկերացումներն այն հարցում, թե ինչպես է փոխազդում մՌՆԹ-ն (մեսենջերային ռիբոնուկլիենաթթու) մարդու իմունային համակարգի հետ։

Պատվաստումները համավարակից առաջ

Պատվաստումն իմունային պատասխան է խթանում այս կամ այն հարուցիչի դեմ՝ օրգանիզմին հիվանդության դեմ պայքարելու հնարավորություն ընձեռելով։ Սպանված կամ թուլացրած վիրուսների հիմքով պատվաստանյութերը վաղուց հասանելի են, այդպիսիք են պոլիոմիելիտի, կարմրուկի կամ դեղին տենդի դեմ պայքարող պատվաստանյութերը։

1951 թ․-ին Մաքս Թեյլերը Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում դեղին տենդի դեմ պատվաստանյութի մշակման համար։ Վերջին տասնամյակներում մոլեկուլյար կենսաբանության առաջընթացի շնորհիվ մշակվեցին պատվաստանյութեր, որոնց հիմքում վիրուսային առանձին բաղադրիչներ են, այլ ոչ թե ամբողջական վիրուս։ Վիրուսների գենետիկ կոդի մասնիկները, սովորաբար կոդավորող սպիտակուցները, որոնք գտնվում են վիրուսների մակերեսին, օգտագործվում են վիրուսներն արգելակող հակամարմինների սպիտակուցների ստեղծման համար։ Այդպիսի օրինակ են հեպատիտ B-ի և մարդու պապիլոմա վիրուսի դեմ մշակված պատվաստանյութերը։

Այլընտրանքային տարբերակներից մեկն էլ այն է, որ վիրուսի գենետիկ կոդի մասնիկները տեղափոխվում են անվնաս վիրուսակրի՝ «վեկտորի» մեջ։ Այդ մեթոդն օգտագործված է Էբոլայի դեմ պայքարող պատվաստանյութերում։ Վեկտորային պատվաստանյութերի ներմուծման դեպքում մեր բջիջներում արտադրվում է ընտրված վիրուսային սպիտակուցը, որն իմունային պատասխան է խթանում ամբողջական վիրուսի դեմ։

Ամբողջական, սպիտակուցային ու վեկտորային պատվաստանյութերի արտադրության համար բջիջների մեծամասշտաբ կուլտուրա է անհրաժեշտ, և մեծ ռեսուրսներ պահանջող այդ գործընթացը սահմանափակում է համաճարակների ու բռնկումների ժամանակ պատվաստանյութերի արագ արտադրությունը։ Ուստի հետազոտողները վաղուց ի վեր փորձում էին մշակել պատվաստումների տեխնոլոգիա, որը կախված չէ բջջային կուլտուրայից, և դա բարդ խնդիր էր։

Մեր բջիջներում ԴՆԹ-ում կոդավորված գենետիկ ինֆորմացիան փոխանցվում է ՌՆԹ-ի միջոցով, որն օգտագործվում է որպես մատրիցա սպիտակուցների արտադրության համար։ 1980-ական թթ․ ներդրվել են առանց բջջային կուլտուրայի մՌՆԹ-ի ստացման արդյունավետ մեթոդներ, և դա մեծ առաջընթաց էր մոլեկուլյար կենսաբանության ոլորտում, սակայն առջևում դեռ բազմաթիվ խոչընդոտներ կային։ Այդ եղանակով ստացված մՌՆԹ-ն անկայուն էր փոխանցման համար և բորբոքային ռեակցիաներ էր հարուցում։

Այդ խոչընդոտները թևաթափ չեն արել հունգարացի կենսաքիմիկ Կատալին Կարիկոյին, որը նվիրվել էր բուժման մեջ մՌՆԹ-ի օգտագործման մեթոդների ուսումնասիրությանը։ Նրա և իմունոլոգ Դրյու Վայսմանի արդյունավետ աշխատանքային համագործակցությունը, որն ուղղված էր ՌՆԹ-ի տեսակների և իմունային համակարգի փոխազդեցության ուսումնասիրությանը, տվեց իր պտուղները։

Կատալին Կարիկոն ու Դրյու Վայսմանը կարողացան այնպես մոդիֆիկացնել մՌՆԹ հիմքը, որ բորբոքային ռեակցիան գրեթե անհետացավ, իսկ սպիտակուցը սկսեց ավելի լավ արտադրվել։ Հետազոտության առաջին արդյունքները հրապարակվել են դեռ 2005 թ․-ին։

Քովիդ-19-ի բռնկումից շատ չանցած կայծակնային արագությամբ մշակվեցին մոդիֆիկացված մՌՆԹ հիմքով 2 պատվաստանյութեր, որոնք կոդավորում էին SARS-CoV-2-ի մակերեսային սպիտակուցը։ 2 պատվաստանյութերն էլ հաստատվեցին 2020 թ․-ի դեկտեմբերին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Nobelprize.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031