Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած նոր վարչապետ ազատ կլինի «ջենթլմենական» խոստումներից

Հոկտեմբեր 03,2023 10:00

Իշխանության կողմնակիցները հեգնանքով եւ ագրեսիայի որոշակի աստիճանով հարցնում են՝ «ի՞նչ է, որ Նիկոլը գնաց, թուրքերը Ղարաբաղը հե՞տ են տալու»: Անկախ նրանից, թե ինչպես եւ ինչի համար է այս հարցը տրվում, դրան պետք է տալ ազնիվ պատասխան. ո՛չ, տեսանելի ապագայում Արցախը հնարավոր չի լինի վերադարձնել: Դա չի նշանակում, սակայն, որ այդ հարցն ընդմիշտ փակվել է. այն չէր փակվել 1918 թվականին, չէր փակվել 1994-ին, չի փակվել նաեւ հիմա: Բայց եթե Փաշինյանը մնա, Հայաստանի Հանրապետության եւ հայաստանցիների հետ տեղի կունենա այն, ինչ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության եւ արցախցիների հետ:

Հիմա իշխանությունն ասում է՝ կնքելու ենք «խաղաղության պայմանագիր» եւ վե՛րջ, մեր ինքնիշխանությունը եւ անվտանգությունն ապահովված է: Բայց եկեք եւս մեկ անգամ հիշենք, թե ինչ էր ասվում Արցախի հարցում:

2020 թ. մայիս՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

2021 թ. մայիս՝ պայքարելու ենք Արցախի ինքնորոշման եւ ինքնիշխանության համար:

2022 թ. ապրիլ՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը:

2022 թ. հոկտեմբեր՝ Արցախը Ադրբեջանի մաս է: Դրանից հետո՝ մենք պայքարելու ենք արցախցիների իրավունքների եւ անվտանգության համար:

2023 թ. սեպտեմբերի 22՝ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները, Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:

2023 թ. սեպտեմբերի 28. վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախում հայ չի մնա:

Անցավ ընդամենը 3 տարի 4 ամիս, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Այսքանից հետո ես հիմքեր ունե՞մ՝ չհավատալու Փաշինյանի ոչ մի խոսքին: Մասնավորապես, երբ նա ասում է, որ.

ա/ «Զանգեզուրի միջանցք» չի տրամադրի,

բ/ ՀՀ-ի տարածքի 300 բնակավայրերում ադրբեջանցիների «վերաբնակեցումը», ինչպես նաեւ «անկլավների» վերադարձը մեր պետության համար որեւէ վտանգ չի ներկայացնում,

գ/ միլիարդավոր դոլարների «ռեպարացիաները» (ռազմատուգանք) Ալիեւի հետ չեն քննարկվում,

դ/ «դելիմիտացիան» չի ենթադրում արդեն բռնազավթված եւ նոր տարածքների զիջում, ե/ Հայաստանի առաջ չի դրվի բանակ չունենալու պահանջը:

Փաշինյանը տանում է Հայաստանի Հանրապետության մասնատմանը, հայկական պետականության վերացմանը: Այս կամ այն չափով նույնն են ուզում Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Արեւմուտքը, որոնց Հայաստանի վարչապետը տարբեր ձեւի «ջենթլմենական» խոստումներ է տվել:  Որեւէ այլ վարչապետ ցանկացած կուսակցությունից (այդ թվում՝ ՔՊ-ից) ազատ կլինի այդ խոստումներից: Այս բոլոր խնդիրներին քիչ թե շատ առնչվող վերջին պաշտոնական փաստաթուղթը, որը ստորագրել է Հայաստանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որի կետերը երեք կողմերից ոչ մեկը չի կատարել: Մնացածն առայժմ քննարկելի է (իհարկե, կպահանջվի շատ բարդ, ծանր դիվանագիտական աշխատանք): Եթե ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», քննարկումը կբարդանա, որովհետեւ այնտեղ եթե ոչ բացահայտ, ապա «իմպլիցիտ» ձեւով կլինեն վերը թվարկած կետերը՝ «միջանցքը», ադրբեջանցիների «վերադարձը», «անկլավները» եւ այլն:

…Դրան գումարած՝ Փաշինյանն այսքան ժամանակ «դուխ չունեցավ» պահանջելու 2020 թվականին գերի ընկած ՀՀ քաղաքացիների վերադարձը, եւ թույլ տվեց, որ Ադրբեջանը նոր գերիներ վերցնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդավարությունը հզոր զենք է քաղաքականապես զարգացած ու փորձված ազգերի ձեռքում եւ նույնքան պատուհաս է քաղաքականապես անչափահաս ազգերի ձեռքում, նույնն է, երեխային առանց սովորեցնելու մեքենա նվիրես: Այսպիսով, այս երեսուն տարիների ընթացքում մեր ժողովրդին քաղաքական զինվոր դաստիարակող ու կրթող չենք ունեցել, ովքեր որպես իսկական քաղաքացի գիտեն պաշտպանել եւ սեփական պետության օրենքները, եւ գիտեն հարգել այլ պետությունների օրենքները: Մենք ընկել ենք հայեցակարգային կամ սահմանադրական սկզբունքների հետեւից, որոնք կոչվում են իրավունք, բայց եթե այդ իրավունքի թիկունքին գործող օրենք չկա, այդ իրավունքն էլ չկա: Իսկական քաղաքացին զինվորի նման ուստավի ու հրամանատարի հրաման կատարող պետք է լինի, մեզ պետք է օրենքի մարտիկ, ով օրենքը պաշտպանելով կպաշտպանի այդ օրենքի պաշտպանության տակ գտնվող իրավունքը: Մարդու իրավունք, ազգերի ինքնորոշման իրավունք եւ նման հայեցակարգային բաները գործում են ժողովրդավարության պայմաններում, իսկ մենք զարգացած ու փորձված ազգ ենք թե՞ քաղաքականապես անչափահաս, մենք քաղաքականապես զինվոր ազգ ենք թե՞ մեկը լինի մեր իրավունքները պաշտպանի: Այսօրվա թե նախկին քաղաքականապես անչափահաս կառավարություններից սպասել ժողովրդին դաստիարակող ու կրթող գործողություններ անիմաստ է, համոզված եմ, որ Ուսուցչի դեպքում մեր հանճարեղ արարչագործ աստծո ընտրյալ ժողովուրդը ոչ միայն ներդաշնակ կապրի Արարչի հետ, այլեւ հոյակապ օրինակ կծառայի մյուս ժողովուրդներին: Ուսուցիչներ հայ ազգի, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031