Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովը դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ ընդդեմ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։
Այդ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳՆ-ը ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ սա մեր թշնամիների, ինչպես նաև ԵՄ-ի առաջին ոտնձգությունը չէ Մեծամորի ատոմակայանի դեմ, որն ապահովում է Հայաստանի իրակա՛ն ինքնիշխանության էներգետիկ բաժինը և կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։
Այսպես՝ նախորդ տարվա օգոստոսին թուրքերը Կարսում ուսումնավարժանք էին անցկացրել՝ իբր «7 բալանոց երկրաշարժի դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի արտահոսքից պաշտպանվելու սցենարով»։
Կարդացեք նաև
Այս տարվա հունվարին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։
Արդեն մարտի 3-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ թշնամական երկրի ղեկավար Ի․ Ալիևը նշել էր, թե իբր «Մեծամորի ատոմակայանից միջուկային որոշ նյութերի ապօրինի առևտուրը մտահոգիչ է»։
Հիշեցնենք, որ հայ գիտնականները մշտապես ահազանգել են, որ թուրքերի հաջորդ պահանջը լինելու է Մեծամորի ԱԷԿ-ի փակումը և Հայաստանն էներգետիկ աղետի ենթարկելը։
Հաշվի առնելով, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն արդեն կատարել են Ցեղասպանության հարցով հայոց պահանջատիրությունից հրաժարվելու նախապայմանը, կատարել են Արցախը հանձնելու նախապայմանը՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ ազգային իշխանափոխություն տեղի չունենալու պարագայում՝ դե-ֆակտո իշխանությունները կկատարեն նաև այս պահանջը՝ երկիրը զրկելով իրական ինքնիշխանության ևս մեկ բաղադրիչից ու ևս մեկ քայլելով մոտեցնելով թուրքական վիլայեթացմանը։
«Հայկական ալիք»