Արցախից բռնի տեղահանված չափահաս քաղաքացիների մոտ 75 տոկոսն ունի բանկային քարտ, կարվի նույնականացում, և նրանց կփոխանցվի կառավարության կողմից որպես միանվագ աջակցություն տրվող հարյուր հազարական դրամները։Այս մասին, այսօր ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
«Մենք աշխատելու ենք, որպեսզի վերջին 15 ամիսների ընթացքում ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտերին փոխանցվի գումարը, որը հավանաբար կլինի, տվյալ քաղաքացու համար գումարների ստացման ամենահարմար տարբերակը»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` քարտերի սպասարկման գծով սակագների տարբերությունները վերացնելու համար հայաստանյան առևտրային բանկերը նույնականացնելու են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին և վերանայելու գումարների կանխիկացման սակագները։
«Եթե պարզվի` քաղաքացու մոտ գործող քարտ կա, սակայն իրականում այն կորսված է, կարող է մոտենալ բանկ, սպասարկման սրահից կանխիկ վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել, վերաթողարկել քարտը»,– ասաց նա՝ հավելելով, որ Արցախից բռնի տեղահանված, բանկային քարտ չունեցող քաղաքացիներին բոլոր բանկերը կսպասարկեն անվճար. խոսքը վերաբերում է նաև քարտերի տրամադրմանը։
Կարդացեք նաև
Այս գործընթացի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Խաչատրյանի խոսքով` ՀԾՀ–ն կարևոր է անձի նույնականացման համար։
«Այն քաղաքացիները, ովքեր կունենան ՀԾՀ կամ տեղեկանք՝ կօգտագործվի այն, չունենալու կամ կորցված լինելու դեպքում անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն ՀԾՀ –ները և այդպես քարտեր կթողարկվեն»,-նշեց նա
Խաչատրյանի խոսքով, գործընթացի կազմակերպման համար քաղաքացիները կարող են մոտենալ իրենց գտնվելու վայրին ամենամոտ բանկի մասնաճյուղ։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ժամը 18:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 105 520 քաղաքացուց հաշվառվել է 91 031-ը, 59 059 հոգի օգտվել է պետական աջակցության տարբեր ծրագրերից:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ