Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին և Իրավաբանական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Բեքինգին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Պաշտպանը նաև ներկայացրել է հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով իր հաստատակամությունը շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աշխատանքների իրականացումը իրավահավասարության ապահովման նպատակով:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» բազմամյա ծրագրի ընթացքը՝ ընդգծելով արդարադատության համակարգի շարունակական բարելավման, ինչպես նաև դատարանների և զանգվածային լրատվության միջոցների համագործակցության արդյունավետության բարձրացման կարևորությունը` վստահություն հայտնելով, որ այն կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը։
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ