Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ մեր սերունդն ամբողջ պատասխանատվությունը զգա իր ուսերին». Հովհաննես Իշխանյան

Հոկտեմբեր 02,2023 21:44

«Արդեն ժամանակն է, որ մեր սերունդն ամբողջ պատասխանատվությունը զգա իր ուսերին, որովհետեւ մենք պետք է Արցախը վերադարձնենք ու Արցախը վերադարձնելու հիմնավորումներն արդեն սկսենք մեջտեղ բերել: Ահագին գործ ունենք անելու՝ մինչեւ կյանքներիս վերջ, որը կարող է տասը տարի տեւել, կարող է՝ 30 տարի տեւել: Պետք է հասկանանք, որ մեր ավագ սերունդը, որի հիշողությունը շատ էական է մեզ համար, նրանց փորձն ու գիտելիքները շատ կարեւոր են, բայց ժամանակն է, որ մեր սերունդն ընկալի, թե ի՞նչ պատասխանատվության տակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը: Զրույցի թեման՝ ընդդիմության անհաջողությունների շուրջ էր:

Վերջին ընդդիմադիր շարժումը, որը ձեւավորվեց Արցախում սկսված պատերազմի եւ Արցախի հանձնմանը զուգահեռ ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիների շարժման հիմքով, ինչպես ցույց են տալիս գործընթացները, կրկին «փառահեղորեն» տապալվում է: Այս անգամ էլ ընդդիմությունը գնում է նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում էր նախկինում՝ «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման ժամանակ: «Դիմադրության» շարժումից հետո ասվեց, որ հետեւություններ եւ վերլուծություններ են արվել սխալների ու անհաջողությունների մասով, որ հետագա գործընթացներում դրանց նկատի կառնվեն, մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ անգամ Արցախի հանձնումը, որը ոչ ստանդարտ իրավիճակ է, քաղաքական ուժերին ոչ ստանդարտ լուծումների չի տանում, մինչդեռ հանրությունը պատրաստ է եւ որեւէ ոչ ստանդարտ լուծման կամ գործողության դեպքում, ընդդիմության ակնկալած կրիտիկական զանգվածը փողոցում կլինի: Ընդդիմության գործունեությունը, հաճախ, գուցե օբյեկտիվորեն, հանրային շրջանակներում տպավորություն է ստեղծում, որ իշխանության գոյությունն են ամրապնդում: Այսպիսով՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում:

Հովհաննես Իշխանյանը մի քանի պատճառներ է նշում. «Պատճառներից մեկը դանդաղկոտությունն է: Այսինքն, երբ ինչ-որ ցասում է լինում, ընդդիմությունը հավաքվում է, տեղում որոշում են՝ ի՞նչ ձեւով պետք է շարունակեն պայքարը, ովքե՞ր պետք է ներգրավվեն, ի՞նչ միջոցառումներ իրականացնեն: Այս իմաստով ժամանակ ենք կորցնում, որովհետեւ թշնամին շատ ավելի արագ է գործում եւ իր ամբողջ կեղտոտ մեդիաներով կարողանում է իր թեզերը տարածել, իր օրակարգը ստեղծել: Օրինակ, այս անգամ, շատ արագ կարողացան պառակտել՝ ՌԴ-ի վրա գցելով շարժումը: Իհարկե, նախորդ շարժումները չէին կարող ՌԴ-ի վրա գցել, որովհետեւ ՌԴ-ի դեմ ատելությունն այսքան չէին գեներացրել: Այն ժամանակ ավելի շատ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանով էին պառակտում, հիմա, առաջին տեղում ՌԴ-ն է, հետո, նոր «ռոբասերժականները»:

Հաջորդը, ըստ մեր զրուցակցի, կազմակերպվածության հարցն է. «Ոչ միայն կազմակերպված լինելու հմտություններ ունենալ, այլեւ որոշումների կայացման մեջ ճկուն լինելու խնդիր է երեւում: Որոշումները կայացվում են ըստ կուսակցական շահերի, որովհետեւ, անընդհատ, բոլոր շարժումների մեջ կուսակցություններ են ներգրավված. այս անգամ՝ 30 կուսակցությունով հավաքվեցին՝ հարթակը վերցրեցին եւ առանձին-առանձին ամենքը մի խումբ էր ներկայացնում: «Հայրենիքի փրկության շարժումը» 17 կուսակցություն էր: Ու, այդ շահերի բախման մեջ, որոշումներն արագ չեն կայացվում եւ ճկուն չեն կայացվում, ինչը նաեւ նպաստում է առաջին պայմանին, որը դանդաղկոտությունն էր: Կազմակերպվածությանն է վերաբերվում նաեւ պարտաճանաչությունը՝ ժամանակի առումով. ասենք, 18.00-ին հանրահավաք են հրավիրում, կարող է 21.00-ին սկսվի: Ես պտտվում եմ մարդկանց մեջ, դժգոհություններ կան պարտաճանաչության մասով: Կամ, ասենք, փողոցը հայտարարվում է փակել 7.30-ին, մարդիկ 8.30-ին կարող է նոր դուրս գան:

Այս ամենը թերություններ են, որոնք հետագայի համար ուղակի պետք է շտկվեն, որովհետեւ, եթե այս համակարգը գալու է իշխանության, ինքը պետք է այնպես գործի, որ լինի լավագույնը,՝ թե արագության, թե կազմակերպվածության առունով, որ կարողանա հաղթել Հայաստանի դեմ գործող հսկայական կոալիցիաներին»:

Հաջորդ պատճառը՝ հանրային տրամադրությունները հաշվի չառնելը կամ, հանրային տրամադրությունները շոշափելու անկարողությունն է:

«Հանրային տրամադրություններում, ուզենք, թե՝ ոչ, կան մարդկանց սիրելի կերպարներ եւ չսիրելի կերպարներ. դրանք կարող են ցուցանիշներ լինել: Կան գործիչներ, որոնք քաղաքագիտական տերմիններով ասած, ունեն հակավարկանիշ: Դրա հետ պետք է հաշվի նստել, որովհետեւ մենք ուզում ենք արդյունավետ լինի պայքարը: Այսինքն, դու պետք է բավարարես ժողովրդի կարիքները, որպեսզի նա իրեն լավ զգա, երջանիկ զգա, էներգետիկ զգա եւ կարողանա գործել: Ես, կոնկրետ որեւէ մեկի անունը տալ չեմ ուզում, բայց շատ կարեւոր է սա հասկանալ. եթե հանրության մեջ կան այդ տրամադրությունները, պետք է այդ տրամադրությունների հետ աշխատել: Ընդ որում, պարտադիր չէ տվյալ մարդուն հեռացնել առաջին շարքից, այլ, գուցե, այդ մարդը պետք է հանդիպի, խոսի ժողովրդի հետ, ասի, թե ինքն ի՞նչ տեսլական ունի, ինչպե՞ս է պատկերացնում շարժումը: Այս իմաստով, լավ կլինի, որպեսզի անձերն ի սկզբանե չհայտարարվեն, որպեսզի մարդկանց մեջ այդ տրամադրությունները չարթնանան, որովհետեւ այդ տրամադրությունները խանգարում են այլ բան մտածելուն: Օրինակ, ես ու իքս քաղաքացին շարժման ժամանակ պետք է մտածենք՝ որտե՞ղ փողոց փակենք, ի՞նչ ձեւով եւ ի՞նչ հաղթանակներ գրանցենք, բայց սկսում ենք քննարկել, թե ո՞ր գործիչն է ավելի լավը, ինչո՞ւ չի սիրում այնինչ գործիչին, ճի՞շտ, թե՞ սխալ էր այնինչ գործիչին շարժման մեջ ներգրավվելը, առաջին շարք բերելը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հանրային տրամադրությունները միայն այդ հարցում չի, որ «չի կարդացվում»: Այլ շատ հարցեր էլ կան. օրինակ, «պարույրը այնպես էր դարձել, որ ինչ լինում էր Կոմիտեում՝ ժողովուրդը բողոքում էր եւ դա չէին ընկալում»:

Մյուսը՝ ծրագիր ունենալու խնդիրն է, որը Հովհաննես Իշխանյանը կրկին կապում է կազմակերպվածության հետ. «Ամեն անգամ, ծրագիրն այնպիսինն է, որ այ հիմա ցասում եղավ՝ գնանք փողոցները փակենք, կկարողանանք իմպիչմենտի հասնել: Այնինչ, փորձը ցույց է տալիս, որ դա տեղի չի ունենում վերեւում նշված պատճառները չունենալու հետեւանքով: Ծրագիր ունենալու պարագայում հստակ դերաբաշխում պետք է լինի, յուրաքանչյուրն իր պարտականությունները պետք է ունենան, որ բոլորիս էներգիան այսպես ցաք ու ցրիվ չկորցնենք:

Մյուսը, կարծում եմ, երեւակայության պակասն է, որ տեղի ունեցող իրադարձություններին հնարավոր չի լինում նորամուծություններով քաղաքական քայլեր կատարել: Օրինակ, երբ բացվում է Արցախի ճանապարհը, բոլորը միանգամից գնում են օգնության. հասկանալի պատճառներով են գնում օգնության, բայց, մյուս կողմից, այդ հոսքն ինչպե՞ս է հնարավոր կառավարել, որպեսզի համ շարժմանն օգուտ լինի, համ՝ արցախցիներին, հարցը բաց է մնում: Միայն այս մի օրինակն եմ բերում, բայց երեւակայության սակավությունը շատ տարբեր դեպքերում կա: Մեկ օրինակ էլ ասեմ. Աննա Հակոբյանն այդ ցասման պահին, դնում է իր հերթական ժպիտով նկարը, մարդիկ հունից դուրս են գալիս, սկսում են դա տարածել եւ էներգիաները սպառում են այլ բաների վրա: Ասենք՝ ի՞նչ պետք է անել այդ պրոպագանդայի հետ, ի՞նչ հնարավոր ելքեր կարելի է գտնել, որ քիչ արդյունավետություն ունենա իրենց արածը»:

Պատճառներից մեկն էլ, մեր զրուցակիցը համարում է ազգային մտածողության մեջ համագործակցային ձեւի բացակայությունը. «Մենք ավելի շատ մրցակցային ենք: Այդ մրցակցությունը բերում է ձեւի, որ բաժանվում ենք թիմերի եւ ուզում ենք, որ մեր թիմը հաղթի: Այնինչ, սկաուտական կարգախոսը՝ «բարձրացիր՝ բարձրացրու» շատ տիպիկ է եւ եթե դու օգնում ես մեկին աճել, ինքդ էլ ես աճում, քանի որ մյուսների կողմից վստահություն ես ձեռք բերում, վարկանիշ ես ձեռք բերում, գիտելիք ես ձեռք բերում՝ մյուսների հետ համագործակցելուց եւ այդպես, իրար փոխանցելով՝ շարժվում եք դեպի նպատակ: Դրանից օգուտ ես քաղում եւ դու, եւ քո թիմակիցը, համ էլ օգուտ է լինում նպատակին: Սա լուրջ, կարեւոր մենթալիտետային, փիլիսոփայական հարց է, որը, մեր ազգային մտածողության մեջ պետք է շտապ փոխել: Դա, հավանաբար, պետք է անենք մենք՝ հանրային դեմքերը, մտավորականները, քաղաքագետ-փիլիսոփաները, նրանք, ովքեր ավելի շատ ոչ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ, քաղաքային մշակույթով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031