Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց կյանքին վտանգ է սպառնում, նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի». Արտակ Զեյնալյանը՝ Ադրբեջանի կողմից առեւանգված հայերի մասին

Հոկտեմբեր 02,2023 20:40

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել, մի քանի գանգատներ են քննվում ընդդեմ Ադրբեջանի, միջազգային քրեական դատարան ներկայացված է գանգատ, որի շրջանակներում քննության առարկա է դառնալու ձերբակալված անձանց իրավունքների հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության համար եւ ի՞նչ հավելյալ ջանքեր պետք է ներդրվեն՝արդյունքի հասնելու համար՝ այսպես պատասխանեց Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

ՀՀ կառավարությանը քննադատում են, որ հապաղում է, համարժեք քայլեր չի ձեռնարկում, կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման գործողություններից, երբ արդեն ձերբակալություններ, առեւանգումներ են եղել, ցուցակներ են մշակել, թե ում ինչ պատժի պետք է արժանացնեն: Այս առնչությամբ Արտակ Զեյնալյանն ասաց. «Ձերբակալվածները այդ ցուցակի բոլոր անձինք չեն եւ կոչերը, հորդորները, քաղաքական հանձնարարականները, դիվանագիտական լեքսիկոնը, որն օգտագործվում է ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաեւ աշխարհի շատ երկրների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, ընդունված են եւ կանխարգելիչ նշանակություն ունեն: Բավարա՞ր են արդյոք դրանք, թե՞ ոչ՝ պետք է ասեմ, որ միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները կատարյալ չեն, դրանք կոչված են աշխարհակարգի պաշտպանմանը: Աշխարհակարգը սահմանված է, բայց դրանց պաշտպանման գործուն մեխանիզմները կատարյալ չեն: Ուրեմն պետք է կատարելագործել, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավական այս աշխարհակարգի այլընտրանքից՝ ռազմական ճանապարհով, ուժի գործադրման կամ ուժի գործադրման սպառնալիքի ճանապարհով հարցերի  լուծումից»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ Դավիթ Բաբայանը, որը ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի եւ այլ ձերբակալվածների, ինքնակամ հանձնվել է, ունի նույն կարգավիճակը, ինչ մյուսները. «Բոլորն էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ձերբակալվածներ են»:

Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե ե՞րբ մենք կունենանք ՄԻԵԴ ուղարկված գանգատին արձագանք՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ եվրոպական դատարանում գործերի քննությունը բավական երկար է տեւում. «Ադրբեջանը օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, ես կասեի՝ չարաշահում է իր դատական պաշտպանության իրավունքը եւ ամեն ինչ անում է՝ ձգձգելու համար այդ ժամկետները, որոնք առանց այդ էլ երկար են»:

Հարցրեցինք՝ հիմա մեր ձերբակալված անձանց վիճակն ինչպե՞ս է գնահատվում, կա՞ն տեղեկություններ՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ֆիքսված տեղեկություններ չկան, այն է, ինչ կա մամուլում, սակայն նրանց կյանքը վտանգված է, նրանք գտնվում են սպառնալիքի տակ, նրանց կյանքին վտանգ է սպառնում, որովհետեւ  Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող ազգությամբ հայերի կյանքը վտանգված է: Նրանք անազատության մեջ են, նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031