ՄԱԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել այն ժամանակ, երբ այնտեղ հայ գրեթե չկա։ Այսօրվա տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։
ՄԱԿ-ից հայտնել էին, որ առաքելությունը կգնահատի հիմնականում մարդասիրական կարիքները։ Ընդ որում, նույն աղբյուրը նշել է, որ այս մարմինը 30 տարվա ընթացքում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ մուտք չի ունեցել։
Հայկական տիրույթում, սոցցանցերում, որոշ փորձագետներ եւ հասարակական գործիչներ ՄԱԿ-ի առաքելությունը ուշացած են համարում։
Ընդ որում, Ադրբեջանն արգելակում էր միջազգային նման կազմակերպությունների մուտքը ԼՂ պատերազմի օրերին, ինչպես նաեւ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների ժամանակ։ Հիմա, երբ Արցախում համարյա թե հայ չի մնացել, Ադրբեջանը ոչ միայն թույլ է տալիս, այլ նույնիսկ ինքն է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել Լեռնային Ղարաբաղ։
Կարդացեք նաև
«Ինչո՞վ տարբերվեց ՄԱԿ-ը Բաքվի ու Սումգայիթի ջարդերից «ընդամենը 3 օր ուշացած» սովետական բանակից։
Հ.Գ․Որեւէ մեկի ցինիկ և անբարո գործողությունները չեն ազատում մեզ նենց իշխանություն ունենալու/վերընտրելու մեղքից, որի արդյունքում ստացանք էս վիճակը…»․ Ֆեյսբուքում գրել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։
Նա Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝ այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալու մուտք գործել Արցախ, այն, որ մի անգամ Սումգայիթի ցեղասպանությունը մարսած Ադրբեջանը նոր քայլերի էր գնալու, դա պետք է, որ կանխատեսին, եւ ժամանակին համապատասխան քայլեր անեին․ «Ես հասկանում եմ այդ տեսակի կառույցները ֆորմալ առումով ուզում են օրենքի տառին համապատասխան գործեն, բայց կարծում եմ, որ նման իրավիճակներն ու դրանց բարդությունը, նույնիսկ նման իրավիճակների իրատեսական լինելը այդ կառույցներին պետք է ստիպի աշխատել բոլորովին այլ ֆորմատով»։
Կարապետյանցի դիտարկմամբ՝ պարզապես որեւէ մեկը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի․«Եթե ՄԱԿ-ի գզրոցներում մի լավ փնտրեին, իրենք կգտնեին տարբերակ, թե ինչպես կարող էին գնալ Արցախ։ Ամսի 19-ին մենք եղել ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, հանդիպել եւ խոսել իրենց ղեկավար կազմի հետ, մանրամասն ներկայացրել խնդիրը, իրենք էլ իրենց վերադասների հետ պիտի խոսեին։ Բայց չուզեցին, չարեցին, որովհետեւ բյուրոկրատիան, տոտալ անպատասխանատվությունը բերում է նրան, որ ֆորմալ առումով օրենքի տառին համապատասխան իրենք մեղք չունեն, բայց այն, որ 20 դարը սկսվեց հայերի ցեղասպանությամբ, 21-րդ դարում է հայերի ցեղասպանություն տեղի ունեցավ, հիմա արդեն դրան արդարացում չկա»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ մեր մեղքի բաժինն էլ կա, որովհետեւ, երբ երկրի ղեկավարությունը, հայության պաշտոնական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստից երկու ժամ առաջ հայտարարում է՝ «այս պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա», նախադեպ է ստեղծում ոչինչ չանելու։ Իսկ ՄԱԿ-ը մեղավորություն ունի, ինչպես ասաց իրավապաշտպանը, քանի որ ոչ ոք չցանկացավ ավելորդ պատասխանատվություն, խիզախություն վերցնի․ «Հայկական կողմը եւս մեղավորություն ունի, անգամ եթե դա չգիտակցված էր, անգամ եթե դա պատահականություն էր, բայց մենք ենք շատ դեպքերում հնարավորություն տվել այդ կառույցներին պարտավորությունները չկատարելու»։
Համացանցում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քանդում խաչքարերը, պղծում հայկական հուշարձանները։ Դժվար է ասել՝ արդյոք ՄԱԿ-ի առաքելությանը կհաջողվի՞ արձանագրել նման դեպքերը, թե՝ ոչ։
Հիմա առանց հայի Արցախում այս առաքելությունն ինչ է արձանագրելու, գուցե դեռ հնարավորություն կա պատմամշակութային կոթողները, հուշարձանները արձանագրել։ Այս առնչությամբ Կարապետյանցն ասաց՝ հիմա ոչինչ չանելը նորից հանցավոր անգործություն կլինի, աններելի հանցագործություն կլինի, որովհետեւ մենք պիտի ստիպենք ՄԱԿ-ի այդ առաքելությանը Արցախում տեղեկատվություն հավաքի, թե ինչ վիճակում են քաղաքացիական բնակավայրերը, ռմբակոծված վայրերը, արձանագրի մարդկանց վիճակը, հավանականություն կա, որ այնտեղ դեռ հայ բնակիչներ կան․ «Ես տեսել եմ տեսանյութեր, թե ինչպես են կրակում խաչքարերի վրա, ինչպես են տապալում խաչերը, բազմաթիվ նման հանցագործություններ, որոնք մենք չենք կարող արձանագրել։ Մենք պիտի ստիպենք որ դա անի ՄԱԿ-ը, այլապես իրենց այնտեղ գնալը առանց մարդու դա մարդու ի՞նչ իրավունք է, գնում են, որ ինչ անեն։ Իսկ իրենք, պարզ է, որ ինքնակամ չեն անելու»։
Թե ինչ ազդեցություն կունենա մեր ստիպելն, այն իրավիճակում, երբ աշխարհը սեւեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, էներգետիկ ճգնաժամի առաջացման խնդիր կա, իսկ Ադրբեջանն այդ ոլորտում իրենց համար լավ գործընկեր ա, Թուրքիան նույնպես կարեւոր գործընկեր է առաջատար երկրների համար, իրավապաշտպանն ասաց՝ այո, աշխարհը դաժան է, անարդար, ու ամեն մեկը պոկում է այնքան, որքան կարողանում է պոկել․ «Մենք այստեղ ի՞նչ ենք «բուտաֆորիա՞», մենք մեզանից ոչինչ չե՞նք ներկայացնում, մեր 120-140 հազար հայությունը շան թուլե՞ք են, ի՞նչ են, մատաղացու գա՞ռ են, որ կարողանան բռնի տեղահանեն ու անպատիժ մնան։ Կյանքը պայքար է եւ յուրաքանչյուրը տանում է այնքան, որքան կարողանում է։ Կամ մենք դիմադրում ենք, ստիպում ենք աշխատել ու տանում մեր բաժինը, կամ մեզ հետ հետո որեւէ մեկը հաշվի չի նստելու։ Այո, Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր ունեն շատ մեծ կշիռ, ու չի բացառվում, որ այդ կշիռը գնալով ավելանա, բայց այդպես միշտ չի լինի։ Ոչ մեկը թող չմոռանա Ռուսաստանը ժամանակին ինչ կշիռ ուներ եւ ինչ անկում ապրող, ողորմելի կշիռ ունի այսօր։ ՌԴ-ն մի ժամանակ խոսքով էր պրոցեսներ կանգնացնում, այսօր զենքով չի կարողանում իր հետաքրքրությունների շրջանակները կարգավորի, խնդիրները լուծի։ Կյանքը փոփոխական է, կամ դու պայքարում ես կամ քեզ ուլի նման մատաղ են անում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ