Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղում

Հոկտեմբեր 02,2023 19:01

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ 

Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մեր երկրի համար այսպիսի բարդ ժամանակաշրջանում սփյուռքահայ համայնքի դերակատարումն ու մեր անմիջական կապը հատկապես սփյուռքահայ ակտիվ երիտասարդների հետ. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով բռնի կերպով Հայաստան են տեղահանվել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ, որոնցից 26 հազարը երեխաներ են: Իհարկե, բոլորս շատ հարցեր ունենք, բայց այս իրավիճակը ցույց է տալիս, որ  զարգանալը և հզորանալն այլընտրանք չունեն: Ակնհայտ է՝ հզորացման ու զարգացման ճանապարհին կրթությունն ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին՝ առավել քան երբևէ, պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները ստանան որակյալ կրթություն, դուրս չմնան պարտադիր ուսուցումից ու նաև հոգեբանական աջակցություն ստանան»:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, ընդգծել  է սփյուռքի ակտիվ երիտասարդների հետ անընդհատ շփումն ու հաղորդակցությունը:

«Մեր նախարարությունն ունի մեծ թվով ծրագրեր, որոնք ուղղված են սփյուռքին: Այդ իմաստով, կարծում եմ, շատ կարևոր է նաև հետադարձ կապ ստանալը՝ հասկանալու համար, թե մեր որ ծրագրերն են արդյունավետ գործում, որտեղ կա լրամշակումների և բարելավումների կարիք: Շատ պատրաստակամ ենք ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու: Բոլոր ծրագրերը պետք է անընդհատ փոխվեն, վերամշակվեն, որպեսզի դառնան ավելի դրական, թիրախային և արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս պատասխանատու ժամանակահատվածում սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունը, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները տարատեսակ հարցեր են ուղղել նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք վերաբերել են մասնավորապես սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արտերկրի դպրոցներում հայերենի՝ որպես օտար լեզու դասավանդվելու հեռանկարներին, սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով և կրթական այլ նյութերով ապահովելուն, Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև իրականացվող փոխգործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերին, Հայաստանում իրականացվող սպորտային հաստատությունների կառուցման ու վերակառուցման աշխատանքներին:

Սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվել են նաև, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի անմիջական վերահսկողության ներքո մնացած պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների պահպանության ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս առումով իրավիճակն, իսկապես, բավականին բարդ է: խնդիրը Նախարարության ուշադրության կենտրոնում է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, թեմայի առնչությամբ մեծաթիվ նամակներ են հասցեագրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կոթողներ են և ամբողջ քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Նախարարը կարևորել է նաև մտահոգ անհատների և հասարակական կազմակերպությունների՝ այս հարցով միջազգային կառույցներին շարունակաբար դիմելու անհրաժեշտությունը:

Նշենք՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031