Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖԿՍՊԻ նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի լիազորությունները վերականգնվել են

Հոկտեմբեր 02,2023 18:20

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ ս/թ․ մայիսի 2-ի 51112123 քր․վարույթով հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել որպես խափանման միջոց  ընտրել լիազորությունների ժամանակավոր կասեցումը, որից հետո ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի լիազորությունների կատարումը ժամանակավոր դրել էր պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի վրա։

Սեպտեմբերի 19-ին դատավոր Վահե Դոլմազյանի թիվ ՀԴԿ/0154/01/23 որոշմամբ դատարանը մերժել  է հանրային մեղադրողի միջնորդությունը եւ վերացնել պաշտոնավարման կասեցումը։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դավիթ Խիթարյանը եւ տեղեկացրել, որ սեպտեմբերի 28-ին դատարանի որոշումը էլ․ փոստային տարբերակով փոխանցվել է  ՀՖԿՍՊԻ ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Անժելա Նուշիկյանին, սակայն նա հրաժարվել է  կատարել դատարանի որոշումը եւ պահանջները՝ շարունակելով պաշտոնավարել՝ չարաշահելով իր լիազորությունները։ Դ․ Խիթարյանից ընդունվել է հաղորդում, նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Aravot.am-ը ցանկացավ լսել կողմերին։ Դավիթ Խիթարյանը երեկ եւ այսօր չպատասխանեց  մեր հեռախոսազանգերին, հետեւաբար, հրապարակում ենք միայն Անժելա Նուշիկյանի մեկնաբանությունը․

«Սեպտեմբերի 28-ին աշխատանքային ժամի ավարտին մոտ Դավիթ Խիթարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշումը ձեռքին եկավ ինստիտուտ եւ այդ որոշումը ցույց տալով պահանջեց, որ իրեն հանձնեմ ինստիտուտի պաշտոնական կնիքը եւ բոլոր փաստաթղթերը։ Ես, որ ոչնչից տեղյակ չէի,  պատասխանեցի, որ այդ պահի դրությամբ ոչ իմ, ոչ ինստիտուտի էլեկտրոնային փոստարկղերին ոչ մի դատարանից նամակ չի եկել եւ դրա օրինական ճանապարհը այն է, որ մենք դատարանից պաշտոնապես  ստանանք հստակ որոշումը, որպեսզի այդ գործընթացը հնարավոր լինի ճիշտ ճանապարհով իրականացնել։

Ռեկտորի գործատուն համարվում է ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը, ԿԳՄՍ նախարարությունը։ Այսինքն, այդ որոշումը պետք է գնա այդ կառույցներ եւ այնտեղից լինի հրահանգ, որ ես հանձնեմ  ինստիտուտի կնիքը եւ փաստաթղթերը։ Ես իրավունք չունեմ ինքնագլուխ պետական կնիքը եւ փաստաթղթերը որեւէ մեկին հանձնել, որքան էլ նրան ճանաչեմ կամ հարգեմ։ Երբ պարոն Խիթարյանի լիազորությունները կասեցվում էին, միջնորդություն էր եղել ԿԳՄՍ։ Եվ նախարարությունը այդ միջնորդության հիման վրա հրավիրել էր հոգաբարձուների խորհրդի նիստ, որի որոշման  արդյունքում են լիազորությունները նրանից վերցվել։ Հետեւաբար, պարզ տրամաբանությունը հուշում է, որ գործընթացի հակառակ ուղղությամբ ճանապարհը նույնպես պետք է լինի նույն կերպ։ Ավելին, ես հորդորեցի, որ Դավիթ Խիթարյանը իր ձեռքի փաստաթուղթ-որոշումը գոնե մուտքագրի մեր փաստաթղթաշչջանառության համակարգ, թեեւ, դա էլ, կարծում եմ,  օրինական ուժ չէր կարող ունենալ։ Մենք պետական բուհ ենք, մենք անձերով չենք աշխատում։

Ի սեր Աստծո, ես ռեկտորի աթոռին կառչած չեմ ու այդ պաշտոնը, որ ժամանակավորապես զբաղեցրել եմ, իմը չէ, ինձ հոգեհարազատ չէ։ Ինձ ճիշտ հասկացեք։ Շուտով կլրանա այս բուհում իմ աշխատելու 20 տարին։ Աշխատել եմ արտաքին կապերի բաժնում որպես թարգմանիչ, հետո՝ արտաքին կապերի բաժնի ղեկավար։ 2016 –ին բուհում ստեղծվել է միջազգային գիտատեղեկատվական կենտրոն, ուր միավորվել են երեք բաժիններ ու ես եղել եմ այդ կենտրոնի ղեկավարը մինչեւ 2019 թվականը, երբ դարձա արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր։ Իմ հոգեհարազատ ոլորտը հենց սա է։ Ես երբեք չեմ ձգտել ռեկտորի աթոռին, երբեք չեմ մասնակցել ռեկտորի թափուր տեղի մրցույթին, ինչի համար պարտադիր պայման է գիտական աստիճան ունենալը, որը նույնպես չունեմ։ Եթե ձգտեի, թեկնածուական թեզ պաշտպանելը, անհամեստ թող չթվա, ինձ համար որեւէ դժվարություն չեր։ Ասեմ, նաեւ, որ երբեք էլ, անկախ նրանից, թե մրցույթ երբ կհայտարարվի, չեմ մասնակցելու։

Պարզապես, այս միջադեպի պարագայում ցանկանում եմ, որ ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում։ Ես մեր բուհը շատ եմ սիրում եւ չէի ցանկանա, որ այն հեղինակազրկվի»։

Այսօր Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանից տեղեկացավ, որ դատարանի պաշտոնական որոշումն արդեն ստացվել է եւ խնդիրը լուծվել է օրենքի շրջանակներում՝ Դավիթ Խիթարյանի լիազորությունները դատարանի որոշման հիմքով վերականգնվել են։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031