Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետություն լուծարելը հանցագործություն է, եւ որեւէ պաշտոնյա չի կարող միանձնյա կամ թեկուզ խորհրդարանի հետ միասին դադարեցնել պետության գոյությունը»․ Դավիթ Կարաբեկյան

Հոկտեմբեր 02,2023 18:06

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

Դավիթ Կարաբեկյան

-Պարոն Կարաբեկյան, հերթական հարձակման հետեւանքով Արցախը հայաթափվեց, Արցախի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով սահմանվում է, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Արցախի նախագահի ընտրությունները շատ խորհրդավոր էին եւ հնարավոր չէ դիտարկել լեգիտիմության տեսանկյունից։ Առաջինը՝ որքանո՞վ է սա մեր Սահմանադրությանը համապատասխան՝ նման եղանակով նախագահ ընտրելը։ Մենք չունենք Սահմանադրական դատարան, բայց դատական համակարգում կա ատյան, որը դրա սահմանադրականությունը պետք է դիտարկեր։ Բնական է, արդեն 1,5 տարի է՝ ճնշումներ կային, որ խորհրդարանը կարողանար նախագահ ընտրել, բայց դա ոչ թե իրավական հիմնավորում էր, այլ քաղաքական։

Ինչ վերաբերում է նախագահի հրամանագրին, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, առաջին հերթին պետություն լուծարելը հանցագործություն է, եւ որեւէ պաշտոնյա չի կարող միանձնյա կամ թեկուզ խորհրդարանի հետ միասին դադարեցնել պետության գոյությունը։ Թե ՄԱԿ-ի ԱԽ 1994 թվականի չորս բանաձեւերում, թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, թե Միջազգային դատարանի որոշման մեջ ակնարկվում է արցախահայության իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հարցը։

Արցախի հարցը միջազգային իրավունքի դաշտից դուրս չի գալիս։ Արցախցիները առաջնահերթ պետք է այս երկու հարցերը դնեն՝ որքանո՞վ է օրինական 22 հոգով նախագահ ընտրելը, երկրորդ՝ արդյոք Եվլախ բանակցությունների գնացած հայկական պատվիրակությունն իրավունք ունի՞ պետություն լուծարել։ Շատ կասկածելի է, որ ինքն ինչ-որ հղումներ է անում Սահմանադրության վրա։ Եթե ինքնիշխանությունից վեր որեւէ արժեք չկա, Սահմանադրությունն ինքնիշխանության վրա է խարսխվում, ապա ի՞նչ իրավունք ունի նախագահը կա որեւէ այլ պաշտոնյան խոսել պետության լուծարման մասին։

Արցախահայությունը պետք է պահանջի, որ այդ հարցը քննվի ըստ մեր Սահմանադրության եւ օրենքների։ Եվ որպես այլընտրանք պետք է ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն, պետք է միջազգային կառույցներին առաջարկ արվի, որպեսզի այդ վտարանդի կառավարությունը ճանաչվի։ Եվ Սամվել Շահրամանյանի ցանկացած որոշում պետք է առ ոչինչ ճանաչվի, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին որոշումը։

-Եթե Արցախն այսօրվա կարգավիճակում շարունակի մնալ, դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ արցախահայերը կկարողանան վերադառնալ։ Ի՞նչ պետք է անել։

-Ես կարծում եմ, որ ուժով կատարված քայլն իր արձագանքը ստանալու է։ Հիմա Ալիեւն ուրախանում է, քաղաքական բոնուսներ է հավաքում ընտրություններից առաջ, զգում է Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությունը, բայց հայտնի չէ՝ եթե Արցախը տնտեսական գոտի դառնա, Ադրբեջանի քաղաքական ապագան ո՞րն է լինելու։ Ինքը կարող է տարանցիկ երկիր դառնալ կամ միաձուլվել Թուրքիայի հետ։ Մյուս կողմից, Պուտինի ռեպրեսիվ ռեժիմի՝ քաղաքական ասպարեզից դուրս գալուն զուգահեռ քաղաքական իրավիճակն ամբողջովին շրջվելու է։

Մենք պետք է փորձենք դասեր քաղել անցած 30 տարիներից։ Առաջինը՝ պետք է փորձենք ժողովրդավարական ու ազգային պետություն ստեղծել։ Իրավիճակը ցույց է տալիս, որ որեւէ երկիր, որը ճիշտ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունի, տարածքային կորուստ չի ունեցել։ Փաստորեն ռուսները կարողացել են նրանց զոհաբերել, ում հնարավոր էր որպես կիսագաղութ վերաբերվել, իր «5-րդ շարասյունն» օգտագործել, ազգի մեջ պառակտում մտցնել։ Երկրորդ՝ պետք է մաքսիմալ բացահայտել ու չեզոքացնել «5-րդ շարասյունը», երրորդ՝ Արցախի հիմնախնդիրը պետք է միջազգային օրակարգում մնա, չորրորդ՝ չպետք է թողնենք, որ Զանգեզուրի հարցն Արցախի հետ նույն հարթության վրա դրվի ու ճնշումների կամ շահարկման առարկա դառնա։

Մեր դեպքում կեղծ մանիպուլյացիաներ են արվում՝ եթե ռուսները չլինեն, մեզ ո՞վ կպաշտպանի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ կարող են հարվածել։ Մեկը հարցնի՝ Ռուսաստանը մեզ ինչո՞վ է պաշտպանել, կամ եթե պայմանագիր ունի, որ Արցախը պետք է պաշտպանի, բայց չի պաշտպանում, թշնամուն է զենք տրամադրում, դա դավաճանություն չէ՞։ Հարցը հետեւյալն է՝ ռուսական դաշինքի մեջ մնալով՝ մի՞թե մենք ավելի մեծ վտանգի մեջ չենք մնում։ Ռուսաստանն այստեղ զորք ունի, բայց այդ զորքը որեւէ ձեւով մեզ չի օգնում, թուրքին է օգնում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031