Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաշվառված 89 167 անձանցից 46 հազար 139–ն իգական սեռի է և 43 հազար 28՝ արական սեռի, նրանցից շուրջ 27 հազարը մինչև 18 տարեկան երեխա է և 10 հազարից ավելի 65 տարեկանից բարձր քաղաքացի։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ 45 հազարից ավելի մարդ եկել է Ստեփանակերտից, Մարտունու շրջանից` ավելի քան 15 հազար, Մարտակերտի շրջանից` ավելի քան 13 հազար, Ասկերանի շրջանից` ավելի քան 10 հազար։
«Արցախից բռնի տեղահանվածների մեջ այս պահին հաշվառվել է 230 հղի կին, 2000–ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ»,– նշեց Ղազարյանը և տեղեկացրեց, որ այս պահին դեռևս 10 հազարից ավելի չհաշվառված քաղաքացի կա։ Նա հերթական անգամ կարևորեց հաշվառման և նույնականացման գործընթացը, քանի որ սոցիալական աջակցության բոլոր ծրագրերն առնչվելու են այս գործընթացի հետ:
Ղազարյանը տեղեկացրեց, որ հաշվառման համար Երևանում կարող են դիմել նաև թաղապետարաններին, ինչպես նաև կարող են դիմել Փարաքարի մշակույթի տանը գործող հումանիտար կայանին և հանրապետությունում գործող 60-ից ավելի հումանիտար կենտրոններին։
Կարդացեք նաև
Այս պահին դեռևս հստակ տվյալներ չկան, թե քանի անձ չունի փաստաթուղթ, սակայն ըստ հավաքագրվող տվյալների` նրանց թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։
Ղազարյանը նրանց բոլորին կոչ արեց մոտենալ անձնագրային ծառայությունների բաժիններ և անձնագրի բացակայության կամ կորուստի մասին դիմումներ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ