Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները Գուգլի, Յանդեքսի քարտեզներում փորձում են փոխել հայկական բնակավայրերի անունները․ քարտեզագետի պարզաբանումները

Հոկտեմբեր 02,2023 17:24

«Դա վտանգավոր գործընթաց է, պետք է աչալուրջ հետևել այդ ամենին, որ եթե մի բան լինի, պետք է Գուգլին գրվի՝ ինչ իրավունքով ես փոխել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգել էր, որ ադրբեջանցիները Գուգլի, Յանդեքսի քարտեզներում փորձում են փոխել հայկական բնակավայրերի անունները։ Նա նշել էր․ «Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակներ, այգիներ եւ այլն»։

Ռուբեն Գալիչյան

Ռուբեն Գալիչյանն ասաց, որ նախկինում էլ նման երևույթի հետ շփվել է․ «Ես նախկինում էլ նման բան տեսել եմ, երբ Սյունիքում տարբեր քաղաքներում անուններ էին փորձում փոխել։ Հետո դրել էին ֆեյսբուքում, այդ ժամանակ բացեցի Գուգլի իրական քարտեզը, բայց նման բան չտեսա։ Բայց եթե Ադրբեջանը փոխում է Արցախի տարածքի անունները, իր անուններն է դնում, դա, ցավոք, այսօր նրա իրավունքն է, քանի որ համարում է իր տարածքը։ Բայց Հայաստանի տարածքի հետ կապված նման բան անթույլատրելի է»։

Ռուբեն Գալիչյանն ասաց, որ Կադաստրի անվանափոխումների կոմիտեում է, և անցյալ տարիներին աշխատել են նաև այն ուղղությամբ, որ հայկական քաղաքների ադրբեջանական անվանումները փոփոխվեն։ Նա նշեց, որ օրինակ, Ալավերդին ադրբեջանական անուն է․ թարգմանվում է Աստվածատուր։ Քարտեզագետն ասաց, որ առաջարկել են հայկական անուն դնել, սակայն տեղի բնակչությունը կողմ չի եղել։ Իսկ ըստ օրենքի՝ տեղի ժողովուրդը հանրաքվե պետք է անցկացնի այն մասին ՝ արդյոք ընդունո՞ւմ է նոր անուն, թե՝ ոչ։

Զրույցի ընթացքում փաստեցինք՝ Ադրբեջանն անընդհատ ակնարկում է այսպես կոչված անկլավների մասին, հանրության շրջանում էլ անհանգստություն կա, որ հաջորդը Ադրբեջանին այդ անկլավներն են զիջելու, Ռուբեն Գալիչյանն արձագանքեց․ «Իրենք իրավասու չեն անկլավ ուզելու իրենց Սահմանադրության տեսակետից։ Իրենց սահմանադրական ակտի 2-րդ հոդվածն ասում է՝ մենք ժառանգներն ենք 1918-1920 թվականի Ադրբեջանի առաջին հանրապետության։ Առաջին հանրապետության ժամանակ անկլավ գոյություն չուներ։ Հետո նրանք ասում են՝ խորհրդային Ադրբեջանը չեն ընդունում։ Անկլավները Խորհրդային Ադրբեջանին է տվել Մոսկվան 1936 թվականից հետո՝ այսինքն՝ իրենց անկախությունից, սոցիալիստական երկիր դառնալուց 16 տարի հետո։ Ուրեմն իրենք ըստ իրենց Սահմանադրության՝ իրավունք չունեն դա պահանջելու։ Իսկ այն ժամանակ, երբ 1918-1920 թվականն էր ու 1240 քառակուսի կիլոմետր Հայաստանի շրջանի տարբեր տարածքներ՝ ներառյալ Տավուշում տարածքներ, որ 30-ականներին տրվեցին Ադրբեջանին, դրանք բոլորը ՀՀ տարածքներն էին։ Ուրեմն ըստ իրենց Սահմանադրության՝ դա պետք է վերադարձնեն մեզ։ Բայց գիտենք, որ չեն վերադարձնելու, մինչև մեկը չստիպի նրանց։ Այսօր սահմանին կանգնած են, մտել են ՀՀ տարածք, գրավել, ասում են՝ սա է սահմանը։ Մինչդեռ իրենք ստորագրել են 1991 թվականին այլ սահման։ Իրենց ստորագրածը ոտնատակ են տալիս, իրենց ցանկությունն են հայտնում՝ ասում՝ սա է, չեք ուզում, եկեք մեզ քշեք։ Մինչև ռազմական ուժ չունենաս դիմակայելու, ոչինչ չես կարող անել»։

Մեր այն հարցին՝ այսինքն՝ քարտեզներով հարցեր լուծել չե՞նք կարող, քարտեզագետը պատասխանեց․ «Քարտեզներով հարցերը որոշ չափով դիվանագիտական տեսակետից կարելի է լուծել, դատարանային տեսակետից լուծում են, բայց երբ քարտեզի վրա գծված է, Ադրբեջանը կանգնած է ՀՀ հողի վրա, ասում է, չէ, քո գծած քարտեզը հին էր, հիմա փոխել եմ, այդպես էլ արել են, քարտեզներ են վերագծել, իրենց վավերացրած քարտեզները մի կողմ եմ թողել՝ ՀՀ տարածքից ներառելով իրենց տարածք և ասում են՝ սա է մեր երկրի սահմանը։ Բայց ոչ մեկը չի վավերացրել այդ սահմանը, մինչդեռ նախկինում վավերացրել ենք թե′ մենք, թե′ իրենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031