«Արցախը հանձնվեց Ադրբեջանին, եւ դրա համար հող էր նախապատրաստվում 1994 թվականից հետո։ Եվ բոլոր նախագահները, Նիկոլ Փաշինյանը հանցակից են այդ գործընթացին, այդ թվում՝ Արցախի նախագահները»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը։ «Արդեն պարզ է դառնում, որ եղել է մեկ գործակալական խումբ՝ մեկ տեղից ուղղորդվող։ Եվ տասնամյակների ընթացքում մեզ բերեցին հասցրեցին այս իրավիճակին»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ եթե Արցախն այս կարգավիճակով մնա, հնարավոր չէ արցախահայերի վերադարձն Արցախ։ «Միանշանակ փորձելու են իբր անվտանգության երաշխիքներ առաջարկել, փորձելու են ամեն տարբերակ, որպեսզի մի քանի հազար մարդ ցուցադրական տանեն ու բնակեցնեն այնտեղ։ Այստեղ արդեն Հայաստանն իր անելիքը պետք է անի, չպետք է դա թույլ տալ։ Ամենալավ տարբերակն այն կլինի, եթե արցախահայերի համար աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ չցանկանան գնալ այլ երկրներ։ Երիտասարդներ կան, հետները շփվել եմ, պատրաստվում են Ռուսաստան գնալ, ընդհուպ քաղաքացիություն ստանալուց են խոսում»,- հավելեց նա։
Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի ներուժը պետք է օգտագործեն Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու հարցում։ «Անգամ այս վերջին՝ սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ մեր տղաները լավ կռվեցին, Մարտունու շրջանը պահեցին, Մարտակերտը պահեցին։ Այլ հարց է, որ նրանք թիրախային հարվածեցին, ճանապարհները կտրեցին, Արցախը բաժանեցին երեք մասի։ Դա ռեսուրսների պակասի, նաեւ ռազմական պլանավորման սխալ մոտեցման կամ անարդյունք աշխատելու հետեւանք էր»,- նշեց նա։ Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում հնարավորություն չկար դիմադրությունը շարունակելու ու զենքը վայր չդնելու։
«Այստեղ արդեն մենք նորից վերադառնում ենք քաղաքական հարցերին՝ ռուսների անելիքը ո՞րն էր, ինչո՞ւ չեն արել։ Այն գլխից էլ պարզ էր, թեկուզեւ մարդիկ դա դժվար էին հասկանում, որ Ռուսաստանն Արցախում ուրիշ նպատակներ ունի։ Նպատակն այն է, որ Արցախը հանձնի Ադրբեջանին։ Բայց մարդիկ կաղապարներով են առաջնորդվում եւ իրենց գլխում նստած էր, որ ռուսի՝ այստեղ լինելու համար պետք է Ղարաբաղն անպայման հայկական լիներ։ Բայց պարզվում է՝ դա միանշանակ չէ»,- նշեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Գագիկ Ավանեսյանն անդրադարձավ նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, որով սահմանվում է, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարել պետական բոլոր հիմնարկները եւ դրանց ենթակա կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։ «Դա անհնար բան է, Սամվել Շահրամանյանն ո՞վ է, ինչպե՞ս կարող է Արցախի Հանրապետությունը լուծարել։ Այդ որոշումը որեւէ իրավական հիմք չունի, նաեւ Սամվել Շահրամանյանի՝ այնտեղ լինելն իրավական հիմք չունի։ Հանրապետությունը հանրաքվեով է ստեղծվել, եւ հանրաքվեի բացակայության դեպքում առնվազն Ազգային ժողովը կարող է լուծարել, իսկ նախագահը ոչ մի պետությունում նման լիազորություն չունի»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ