Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառիկ է համարում «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» իր երկրի փորձը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում՝ Միջազգային տիեզերագնացության 74-րդ կոնգրեսի բացման արարողությանը։
«Տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու մեր փորձն, ըստ էության, բացառիկ է։ Մենք վերջ դրեցինք մեզ պարտադրված հակամարտությանը, պաշտպանեցինք մեր արժանապատվությունը, վերականգնեցինք արդարությունը և միջազգային իրավունքը»,-ասել է նա։
Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած և էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Կովկասը թևակոխել է խաղաղության դարաշրջան։ «Մեր օրակարգում է խաղաղությունը Կովկասում, խաղաղությունը տարածաշրջանում, համագործակցությունը, փոխշահավետ նախագծերը»,-հավելել է Ալիևը։