Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։
Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Հիշեցնենք, որ ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով առաջ էին մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը )։ Բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները հեռացվել էին տարածքից։
2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ և հնարավորություն անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական և ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։
Մեր արձագանքը
Կարդացեք նաև
Ադրբեջանը պարտավոր է հետևել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։
Օկուպացված տարածքների համար ներկայումս կիրառելի են դեռևս 20-րդ դարասկզբին ընդունված Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո», և տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել և կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաև հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:
Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները (հոդվածներ 27-34, 47-78 ) և Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «jus ad bellum» սկզբունքով։
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության օկուպացիայի կամ դրան հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), և դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը և դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ