Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին ո՞վ է, որ ազդի մեր արվեստի վրա իր չարանենգ, հակամարդկային երեւույթներով». Խաչիկ Հարությունյան

Հոկտեմբեր 02,2023 15:32

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ամենակոլորիտային նկարիչներից մեկի՝ Խաչիկ Հարությունյանի հոբելյանական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Այն նվիրված է արվեստագետի ծննդյան 70-ամյակին եւ ունի բարեգործական բնույթ՝ նկարների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախի մեր հայրենակիցների կարիքներին:
«Ինչքան էլ դժվար օրեր ապրենք, չպետք է հուսահատվենք, որովհետեւ հենց այդ է ուզում թշնամին: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր տեղում աշխատել, անել առավելագույնը: Հատկապես կերպարվեստի ներկայացուցիչներն ունեն այդ առաքելությունը, որովհետեւ, արարում ենք ստեղծում ենք ժողովրդի համար»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը եւ հավելեց, թե ինչպես է հորդորել արվեստագետին անպայման բացել ցուցահանդեսը: Նրա խոսքով, Խաչիկ Հարությունյանն ազնիվ է իր արվեստում, ինչն անմիջապես կարողանում է փոխանցել դիտողին:


Գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանն ասաց, որ Խաչիկ Հարությունյանին ասել է, թե նման ցուցահանդեսներով, գրքերի շնորհանդեսներով ու տարբեր միջոցառումներով պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ ունենք «թրի դեմ գրիչ» կարգախոսը:


Գրականագետի ձեւակերպմամբ, Խաչիկ Հարությունյանն իր ստեղծագործություններում կարողացել է ներդաշնակել բանաստեղծին՝ խոսքի արվեստ ստեղծողին եւ նկարչին, նրա արվեստն իր համար լրիվ նոր աշխարհ է, ու թեեւ նրա հրեշտակները սեւ գույնով են նկարված, բայց լույս են ճառագում:


Խաչիկ Հարությունյանը նշեց, որ վերջին տասնօրյակում երկմտանքի մեջ էր, ինչի պատճառով չէր կարողանում գիշերները քնել, ցերեկներն աշխատել, անընդհատ մտածում էր՝ բացե՞լ, թե՞ չբացել ցուցահանդեսը. «Հոգեւոր խմորում էր գնում, մեկ թեւաթափ ես լինում, մեկ սթափվում ես, ասում ես՝ թշնամին ո՞վ է, որ մեր արվեստի վրա կարողանա ազդել իր չարանենգ, հակամարդկային երեւույթներով… Ի՞նչ անես…Զինվորը պետք է կռվի, հացթուխը հաց թխի, արվեստագետը նկարի, գրի, երաժշտություն հնարի, իզուր չէր, որ Լենինգրադի բլոկադայի տարիներին Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան հնչեց»:

Նկարիչն Իսահակյանին հիշեց. «Մեր իմաստուն Իսահակյանն ասում էր՝ կգա ժամանակը, որ ոգու սով կլինի… Ոգու սով չի լինելու, որովհետեւ իմ մեջ վախ կա դրա նկատմամբ, իսկ վախը հաղթահարելու համար պետք է գոյություն ունենաս, պետք է կռիվ տանք օձի ու կարիճի հետ, ինքներս մեզ հետ, կռիվ տանք անգամ Աստծո հետ, որպեսզի կարողանանք հաստատվել ու հաստատել մեր պետականությունը: Ամենաթանկ բանը հայի համար իր պետականությունն է, իր երկիրը… Շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանի պես երկիր չկա: Մենք ապրում ենք լավագույն երկրներից մեկում ու պետք է գոյատեւենք,4000 տարի առաջվանից սկսել ենք, մի 4000 էլ կգնանք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031