ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից երկու տարի անց աշխարհն անտարբեր հետևում է Հայոց ևս մեկ ցեղասպանությանը և հայերի բռնի տեղահանությանը, գրում է Genocide Watch-ը։
Հոդվածում նշվում է, որ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական մի շարք կազմակերպություններ դեռ 2022 թվականից նախազգուշացրել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության մասին։
«Արցախի Հայկական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ մինչև 2024թ․ հունվարի 1-ը։ Բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, որը հայերին հայտնի է Արցախ անվամբ, տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է։ Արցախը 120 հազար հայերի հայրենիքն է, որոնք այնտեղ ապրել են 5-րդ դարից սկսած»,-փաստում են հոդվածի հեղինակները՝ հիշեցնելով, որ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միտումնավոր գնդակոծելով քաղաքները, ինչի հետևանքով եղան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում։
«Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i): Երբ հրետակոծությունը սկսվեց մի խումբ կանայք և երեխաներ թաքնվեցին Սառնաղբյուրում։ Նրանց տունը ռմբակոծվեց, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ 2 երեխա անհետ կորել է, ծնողները չեն կարողանում գտնել նրանց մարմինները։ 7-ամյա Ռուզան Հայրապետյանը, վերջինիս քույրն ու եղբայրը վիրավորվել են։ Սառնաղբյուրը շրջապատված է անտառով և հեռու է ռազմական թիրախներից»,-գրում են հոդվածի հեղինակները՝ հիշեցնելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու ԼՂ բնակչությանն արտագաղթել։
Կարդացեք նաև
Բայց բռնի տեղահանությունը հենց այն է, ինչ տեղի է ունենում։ Բռնի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 7, (1d)), արձանագրում է հոդվածը։
Հոդվածում նաև նշվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան «ապամարդկայնացնում է» հայերին, ադրբեջանական դասագրքերում հայերը ներկայացված են որպես «չար, ագրեսիվ թշնամի»։ Բացի այդ Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը, իսկ ադրբեջանցի պատմաբանները և պետական լրատվամիջոցները կեղծ պնդումներ են տարածում, թե իբրև Հայաստանը և Արցախը «պատմականորեն թուրքական հողեր են»։
Հոդվածի հեղինակները հիշեցնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե իբր հայերի իրավունքներն Ադրբեջանում կպահպանվեն, բայց իրականում ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տարածում են տեսանյութեր, թե ինչպես ես իրենք սպանում հայերին, հետևաբար, հարյուրավոր փաստագրված ռազմական հանցագործությունները փաստում են՝ հայերը չեն կարող ապահով լինել Ադրբեջանում։ «Ադրբեջանական ուժերը կալանավորում են տարհանվողներին, արդեն իսկ ձերբակալել են Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին», – նշվում է հոդվածում։
Հոդվածագիրները նաև ընդգծում են, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան չեն կարող անտարբեր ձևանալ, ինչպես արեցին 1915թ․ Հայոց ցեղասպանության կամ 1994թ․ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։
«Հայաստանին հարկավոր են երաշխիքներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից առ այն, որ պաշտպանված կլինեն ադրբեջանական հետագա ագրեսիայից», – եզրափակվում են Genocide Watch-ի հոդվածագիրները։