Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի անձեռակերտ բերդը․ Կաչաղակաբերդ

Հոկտեմբեր 02,2023 15:34

Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհին վեր է խոյանում Կաչաղակաբերդը, որը հայտնի է նաև Խաչենի ամրոց անունով:

Լերկ, սպիտակավուն ապառաժը ասես հսկա քար է՝ մխրճված անտառի մեջ։

Համատարած կանաչի միջից բարձրացող և երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող անձեռակերտ բերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, միայն հարավային կողմից է հնարավոր մոտենալ  ամրոցին:

Բերդը, որպես այդպիսին չի պահպանել իր տեսքը, բայց տեղ-տեղ պահպանված պարսպի կտորներին նայելով կարող ենք պատկերացում կազմել երբեմնի հզոր շինության մասին:

Բերքաղաքը կամ միջնաբերդը հեռվից փոքր է երևում, բայց իրականում այն մեծ տարածություն է զբաղեցնում։

Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, քար նետելու նպատակով կառուցված կրակակետեր։

Բերդի կենտրոնական մասում կառուցված է եղել երկու վիմափոր քառանկյունի մեծ ջրավազան, որոնցում հավաքվում էին անձրևաջրերը կամ բերդի ստորոտում գտնվող աղբյուրից բերած ջուրը։

Կաչաղակաբերդից դեպի հյուսիս ուրվագծվում է հիասքանչ մեկ այլ տեսարան՝ բարձրանիստ լեռների համայնապատկերում նշմարվում է Թարթառի հովիտը։

Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի:

Կաչաղակաբերդի լեգենդը

Ավանդությունը համաձայն Կաչաղակաբերդը պաշարած մի զավթիչ, երբ համոզվում է, որ ամրոցն անառիկ է ու իր զորքը չի կարողանա հասնել այնտեղ ու կոտորել այնտեղ մագլցած ու ինքնապաշտպանվող ժողովրդին, հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից: Որոշում է սպասել, մինչև պաշարվածները սովից ինքնակամ կհանձնվեն:

Անցնում է երկար ժամանակ, սակայն բերդի պաշտպանությունը մնում է անառիկ, քանի որ պաշարումից այդպես էլ ոչ ոք դուրս չի գալիս, չի հանձնվում։ Զավթիչը, համոզվելով, որ բերդում տեղակայված ինքնապաշտպանները սննդի պաշարները ձեռք են բերում անտառի բարիքներից, նահանջի հրաման է տալիս։ Վերջին անգամ հայացք ձգելով չնվաճված ու չգերված աննկուն բերդին, նկատում է բերդի վրա հանգրվանած մեծ քանակությամբ կաչաղակներ։

Սա զավթիչին հուշում է մի բան, որի մասին նա անգամ ենթադրել չէր կարող։ Իր կասկածների մեջ համոզվելու համար նա ամրոց է ուղարկում մի քանի զինվոր։ Եվ երբ տեղ են հասնում զինվորները, նրանց ներկայությունից անհանգստացած թռչունները, որոնցով լի էր ոչ միայն բերդի գագաթը, այլ նաև ներսը, ցրվում են՝ բացելով զարհուրելի տեսարանը․ կաչաղակներն այդտեղ էին հավաքվել սովից նահատակված քաջերի մարմիններով սնվելու համար:

Կաչաղակների որկրամոլությունը, որն արդյունքում դարձավ դավաճանության խորհրդանիշ, թշնամուն հուշում է, որ գագաթի վրա ողջ մնացած պաշտպան չկա, և զավթիչն առանց դիմադրության հանդիպելու, տիրանում է անառիկ ամրոցին։ Այս պատմությունը հիշելու համար էլ մարդիկ ամրոցն անվանեցին այդ թռչունների անունով։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031