Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել

Հոկտեմբեր 02,2023 11:00

Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում:

Երեկ երեկոյից սոցիալական ցանցերում եւ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երեւան:

Մեր տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ղեկավարները, Արցախում են:

Այսօր կայանալիք որոշ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ կորոշվի Արցախի երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի երեկ տարածած հաղորդագրության համաձայն նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը փոխանցել էր, որ Արցախի նախկին նախագահները միգուցե տարբեր տեղերում են թաքնված, գուցե Ստեփանակերտում էլ չեն. «Ադրբեջանցիները կարող են ամեն պահի մտնել և նրանց ձերբակալել, բայց նաև պետք է գտնեն։ Միգուցե նրանք տարբեր տեղերից թաքնված են, միգուցե Ստեփանակերտում չեն թաքնված»:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Այդ մասին ասել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Ըստ Ալիեւի, վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների հետ կապված»։

Ադրբեջանի գլխավոր դատախազը հավելել է, որ 300 հոգի հետախուզման մեջ է, նրանցից չորսը ձերբակալված են։ Խոսքը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, 2015-18 թվականներին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի մասին է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031