Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ հանրապետության ստեղծման հրամայականը

Հոկտեմբեր 02,2023 09:38

Ցավոք, կրկին առերեսվում ենք հերթական հայրենազրկման հետ: Ցավոք, կրկին մենք մեր իսկ սխալներից դասեր չենք քաղել: Ցավոք, շարունակում ենք ինքնահոսի նման գնալ հերթական նվաստացումների:

Այո’, սա ողբերգություն է, բայց ամեն ինչից ելք կա: Այո’, այս ամենի առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և նրա թիմը: Եթե 2020թ.-ի պարտությունից հետո նա հեռացված լիներ, ապա մենք չէինք ունենա հիմա այն, ինչ ունենք, ակնհայտորեն չէինք ունենա: Այո’, այս ամենի պատասխանատուներն են նաև ՀՀ և Արցախի Հանրապետության նախկին բոլոր իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, բայց առավել քան նա` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց սատելիտներով, ովքեր լցնելով ընդդիմության շարքերը պարզապես անհնարին դարձրեցին ժողովրդի ցասման հնարավորությունը թե’ 2020թ.-ին թե’ հիմա: Այո’, այս ամենի պատասխանատուն նաև ներկայիս Կաթողիկոսն է, որը չունենալով հանրային բարձր վստահություն` տարբեր իրական և շինծու պատճառներով, չկարողացավ լուծում գտնել, որպեսզի Կաթողիկոսն, որպես ինստիտուտ և հանրային փրկության վերջին միջոց, կարողանար ունենալ բավականաչափ լեգիտիմություն հանրությանն առաջնորդելու համար: Այո’, այս ամենի պատասխանատուն նաև մենք ենք` յուրաքանչյուրս, որ թողեցինք Նիկոլ Փաշինյանին իշխանության:

Ստեղծվել է ներքաղաքական գորդյան հանգույց, պատային իրավիճակ, երբ առկա չեն ո’չ հանրային վստահության առաջնորդներ, ո’չ հանրային վստահություն ունեցող ինստիտուտներ և ո’չ էլ մեխանիզմներ ու ֆիլտրեր, որպեսզի հասարակությունը կարողանա իր միջից առաջ բերել նոր առաջնորդների:

Ինչպես Հովհաննես Թումանյանն էր ժամանակին ասում «Ներսից է գալու փրկությունն, որովհետև ներսից ենք փչացած»: Եվ դա իրականություն է: Մենք ներսից ենք փչացած ոչ միայն վերոգրյալ պատճառներով, այլ նաև այն պատճառով, որ չունենք որպես հասարակություն կուռ և ժողովրդի առաջնահերթությունները-պետության նպատակները սպասարկող արժեքային համակարգ: «Գողականը», «Տղայականը» կամ «Եղունգ ունես գլուխդ քորին» չեն հանդիսանում այդպիսի արժեքային համակարգեր: Խնդիրն ավելի է բարդանում նրանում, որ այն կառույցները, որոնք պետք է միտված լինեն այդ արժեքային համակարգի ստեղծմանն, իրենք ևս չունեն ուժեղ առաջնորդություն:

Եվ այնուամենայնիվ «Ներսից է գալու փրկությունը»: Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած ժողովուրդ, երբ հասնում է ներքին կոնսենսուսի և ամոքում է իր փչացվածությունից ծնված վերքերը, դրսում սկսում է կարողանալ լուծել իր խնդիրները: Պրոյեկտելով, մեր ներկայիս իրականության վրա, կարելի է ասել, որ ո’չ Ադրբեջանն և ո’չ էլ Թուրքիան են, որ մեզ հաղթել են, այլ մենք ենք պարզապես պարտվել և առաջինը պարտվել ենք ինքներս մեզ:

Սակայն, ինչևիցե, որն է ելքը: Հաշվի առնելով ներքաղաքական այս պատային և սնանկ իրավիճակը, միակ ելքը հանդիսանում է արդեն իսկ մահամերձ Երրորդ Հանրապետության մահկանացուի կնքումը և Չորրորդ հանրապետության ստեղծում. Միգուցեև ոչ հանրապետության:

Հայաստանի չորրորդ հանրապետության, իսկ թվով 7-րդ պետության, ստեղծումը լոկ գեղեցիկ կամ սիմվոլիկ չէ, որի համար առաջարկվում է այն: Այն միտված է հայկական գոյության պահպանմանը և այն առաքելության ձևավորմանն և համաշխարհային նոր օրակարգի հայտի ներկայացմանն, որը մեզ կտա հնարավորություն պահպանվելու, զարգանալու և մեր իրավունքները պաշտպանելու: Մեր աշխարհագրությունը, միջազգային իրավակարգի կանոններն, երբ ռեալ պոլիտիկն է թագավորում և պետություններն ինչպես միշտ առաջնորդվում են սեփական շահերով, այն փաստը, որ գեթ մեկ անգամ մենք եղել ենք կայսրություն, և այն փաստը, որ միակն ենք, որ երկու անգամ ենթարկվել ենք ցեղասպանության և հայրենազրկման, մեզ ստիպում է ներկայացնել համաշխարհային օրակարգ, և նոր պետությունը պետք է միտված լինի այդ օրակարգի ձևավորմանը և սպասարկմանը:

Ինչ ունենք, որի վրա կարող ենք կապիտալիզացնել և ձևավորել այդ նոր օրակարգն, և ուր է գնում աշխարհն ու ինչ խնդիրներ ունի և դրանք ինչպիսի հնարավորություններ են ստեղծում, որից կարող ենք օգտվել ու ձևավորել նոր օրակարգ և մեր հայտը ներկայացնել: Մարդկային կապիտալ, բնական ռեսուրսներ և այլնի մասով մենք չունենք մրցակցային առավելություն մեր կողքում գտնվողների հանդեպ:

Աշխարհագրության առումով, բացառապես Զանգեզուրի միջանցքն է, որը մեզ համար ստեղծում է ավելի շատ խնդիրներ, քան հնարավորություններ այն վերածելով պանթյուրքիզմի, արևմուտքի, Իրանի, Իսրայելի և Ռուսաստանի համար կռվախնձորի: Այն ինչ ունենք, որը որքան էլ ցնորական թվա, բայց ռեալ կարող է ստեղծել մրցակցային առավելություններ` դա մեր կրոնն է և Հայաստանն առաջին քրիստոնյա պետություն լինելն է, դա մեր երկու անգամ հայրենազրկված լինելն է ու ցեղասպանված, և դա ազգային փոքրամասնությունների հանդեպ բացառիկ հանդուրժողականությունն է:

Քրիստոնեական աշխարհում, ասել է թե մեծամասամբ Արևմուտքում, առկա են մեծ թվով անձինք, ովքեր չեն ցանկանում այլևս մարդու իրավունքների խեղաթյուրված օրակարգի ներքո շարունակել սեփական քրիստոնեական արժեքների ոտնահարումը և նվաստացումը: Այդ մարդկանց թիվը մեծ է և նրանք չունեն խոսափող-պետություն, ով իրենց կներկայացնի: Եթե մահմեդական աշխարհում Իրանն առաջին հերթին և մասամբ Սաուդյան Արաբիան վերցրել են իրենց վրա իսլամի պահպանման և սփռման առաքելությունն, ապա Քրիստոնեական աշխարհը չունի այդ Իրանն ու Սաուդյան Արաբիան: Ռուսաստանը կցկտուր քայլեր է փորձում անել դրա համար, սակայն ոչ համարձակ և դանդաղկոտ:

Մենք պետք է դառնանք Իրան քրիստոնյաների համար, մոդիֆիկացված Իրան, քրիստոնեական Իրան: Դա մեզ համար հնարավորություն կբացի ոչ միայն նոր ընկերներ ունենալու համար, այլ նաև ճանապարհ դեպի դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը: Քրիստոնեական Իրան, որտեղ պետական կառավարումն իրականացվում է արդարության և արժանիքահեն սկզբունքներով, որտեղ առկա է իրական անկախ դատական համակարգ` զերծ որևէ քաղաքական միջամտությունից, երկիր որտեղ առկա են ֆիլտրեր և մեխանիզմներ ներքաղաքական ճգնաժամերից դուրս գալու համար, և որտեղ առկա են գործուն սոցիալական լիֆտեր ու ֆինանսական ստրկությունից ազատություն:

Լինելով, միակ ժողովուրդը, որն երկու անգամ ցեղասպանության և հայրենազրկման է ենթարկվել, մենք պետք է դառնանք փոքր ժողովուրդների խոսնակը: Հատկանշական է, որ Թալեյրանը հենց այս պատրվակով կարողացավ ապահովել պարտված Ֆրանսիայի մասնակցությունը Վիեննայի կոնգրեսին 1814—1815թթ.` հաղթողների հետ հավասար:

Պատմությունը ցույց է տալիս, որ այն կայսերական ժողովուրդներն, որոնք իրենց առաքելությունը դադարեցրել են իրականացնել, դուրս են եկել պատմական թատերաբեմից: Միակ բացառությունը Հայաստանն է, ով թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում լինելով կայսերական պետություն, բազմիցս դադարել է իր առաքելության իրականացումը, սակայն հրաշքով-Աստծո ողորմածությամբ դեռևս պահպանում է գոյությունը:

Մենք հասել ենք այնպիսի հատակի, որ այլևս տեղ չկա ներքև սլանալու, մեր միակ ճանապարհը դա դեպի վեր է: Ժամանակն է գործելու ու դեռ այդ ժամանակը կա:

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031