Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի լուծման դեռեւս պահպանվող հնարավորությանը, Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականությանն ու ստեղծված իրավիճակը որոշ չափով շտկելու հարցում եւս մեկ անգամ առաջարկել իր օգնությունը։
«Այս իրադարձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների այս լռությունը իսկապես խլացնող է։ Կամ նրանց հատուկենտ ոչ ադեկվատ արձագանքները այս իրադարձություններին ուղղակի զայրացնող են։ Հարյուր հազար մեր հայրենակիցներ արդեն թողել են ունեցած-չունեցածը, իրենց հարազատների գերեզմանները, հուշարձաններն են թողել, եկել Հայաստան։ Մենք մեր պատմական հայրենիքի մի մասն ենք տվել։ Եվ Հայաստանի իշխանությունները այս բոլորի հետ որեւէ կապ չունեն։ Այս բոլորի վրա Ադրբեջանը դեռ մեր ժողովրդի ճակատին դաջում է տեռորիզմի պիտակը։ Արցախի ժողովրդի նկատմամբ պետական տեռոր իրականացնող պետությունը այսօր հայ ժողովրդին է տեռորիստ անվանում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը վերագրում է տեռորիզմի նկատմամբ պայքարի։
Ադրբեջանը իր վերջին ռազմական ոտնձգությունները, իր վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարի ու այս բոլորի դեմ դուք լռում եք, ոչ մի արձագանք չեք տալի՞ս։ Չէ՞ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում։ Բայց երբ որ լռություն է հայկական կողմից, նրանք արդեն դա ընդունում են որպես փաստ, որպես իրականություն։
30 տարի եւ դրանից ավելի շուտ դուք երբեւէ լսե՞լ եք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ինչ-որ մեկը տեռորիզմի մասին խոսի, երբեւիցե այդպիսի բան եղե՞լ է, որեւէ պետություն դրա մասին խոսե՞լ է։ Միջազգային հանրությունը, որ այդքան զգայուն է այդ հարցերում, երբեւէ նրանից նման բան լսե՞լ եք։ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։
Կարդացեք նաև
Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների՝ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, ներկայացուցիչները երբ գալիս էին տարածաշրջան եւ հանդիպում Արցախի, ղեկավարության հետ, խոսում էին տեռորիստների հե՞տ։ Իսկապես։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ու՞ր է ԱԳՆ-ն, ինչի՞ ձայն չեք հանում։ Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք անցնում։ Մենք Արցախը դատարկել ենք։ 18-20 թվականների նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չդատարկվեց։ Մեր պատմության որեւէ ժամանակահատվածում նման վիճակ երբեք չի եղել։ Եվ այս բոլորը արդյունք է Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության։
Այս վերջին հինգ տարիներին՝ 2018 թվականից, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչեւ Փաշինյանը իր ճակատագրական սխալն անի, նրան խորհուրդներ է տրվել եւ դիվանագիտական, եւ ռազմական՝ հրապարակային եւ կուլիսային։ Նա չի լսել, նա արհամարհել է։ Նրան դիվանագիտական խորհուրդներ են տրվել, նրան խորհուրդ է տրվել անօդաչուների հետ կապված։ Նա արհամարհել է այդ բոլորը։ Եվ, ահավասիկ, ունեցել ենք այս արդյունքը։
Մենք զոհ ենք այսօր մի մարդու սխալ քաղաքականության, այս հարցերում նրա տգիտության, բոբիկության, անգործության։ Նա չի կարողանում։ Եվ այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ կան։ Մտնում ենք մի նոր ճակատագրական փուլ։ Փաշինյան, այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել։ Եվ քեզ երբ կոչ էր արվում փոխել այդ վտանգավոր նարատիվը, դու չլսեցիր, չգնացիր դրան։ Դու չգիտես այս նոր պայմաններում ոնց վարվես։ Դու տապալել ես ամբողջ գործընթացը։ Մինչեւ ռուս-ուկրաինական, ռուս-ամերիկյան սրումներն ես տապալել։
Այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթություններում տեղի ունեցող սխալների։ Զուտ ղարաբաղյան բանակցությունների սխալ սկիզբ եւ սխալ ընթացք, որը հասցրել է այս օրերին։ Իսկ ռուս-ուկրաինական սկսված հակամարտության պայմաններում քո արած հերթական սխալների։ Դու կորցրել ես քո բոլոր բարեկամներին, թե գլոբալ, թե տարածաշրջանային։ Այսօր Հայաստանի կողքը կանգնող չկա։ Բայց հնարավոր է դեռեւս բան անել։ Դիվանագիտական դաշտում մենք անելիք ունենք»,- ասաց Վարդան Օսկանյանը ու կրկին հիշեցրեց, իր ավելի վաղ առաջարկած քայլերը, որոնք որոշակի արդյունք կարող են տալ միայն այն ժամանակ, եթե Փաշինյանը խորհուրդներ լսի եւ ընդունի, մարդկանց հետ խոսի եւ լսի, քանի որ ինքն առանձին ի վիճակի չէ եւ դա արդեն փաստել է։
Փորձառու դիվանագետը Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ հորդորեց լինել շրջահայաց, դրսեւորել խելամտություն, լսել եւ ընդունել։Իրական մասնագետների խորհուրդները եվ կրկին առաջարկեց իր պատրաստակամությունը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ