Լրահոս
Օրվա լրահոսը

Մեջքի ցավ, մկանային ցավեր․ դեպրեսիայի ֆիզիկական ախտանշանները

Հոկտեմբեր 02,2023 09:30

Դեպրեսիայի առաջացրած հուզական ախտանշանները հայտնի են մեզանից շատերին, սակայն դեպրեսիա ունեցող շատ մարդիկ բողոքում են նաև քրոնիկ ցավերից ու ֆիզիկական այլ ախտանշաններից։ Եվ այս դեպքում ամեն ինչ չէ, որ մեր «գլխում է»։ Դեպրեսիան իրական փոփոխություններ կարող է հարուցել օրգանիզմում, օրինակ՝ կարող է դանդաղեցնել մարսողությունը՝ առաջացնելով ստամոքսի հետ կապված խնդիրներ և այլն։ 

Քանի որ այդ ախտանշանները դրսևորվում են շատ հիվանդությունների դեպքում ևս, դեպրեսիա ունեցող մարդիկ կարող են և չիմանալ, որ իրենց ֆիզիկական խնդիրների ետևում հոգեբանական վիճակն է։

Որոնք են դեպրեսիայի ֆիզիկական ախտանշանները

Դեպրեսիան, ըստ երևույթին, խաթարում է նյարդային բջիջների այն ցանցերի գործունեությունը, որոնք կապված են գլխուղեղի՝ հուզական տեղեկատվությունը մշակող հատվածների հետ։ Այդ ցանցերից որոշները նաև պատասխանատու են ցավի ընկալման մշակման համար։ Շատ փորձագետներ են նշում, որ դեպրեսիայի պատճառով մարդու մոտ ցավի զգացողությունը փոփոխություններ է կրում, օրինակ՝ ավելի սրվում է։

  • Բավականին հաճախ են հանդիպում գլխացավերը․ եթե նախկինում եղել է միգրեն, այն կարող է վատթարանալ։
  • Մեջքի ցավերը,
  • Մկանային ցավերն ու հոդացավերը նույնպես կարող են դրսևորվել դեպրեսիայի դեպքում։
  • Ցավ կրծքավանդակում, որը կարող է նաև այլ լուրջ խնդիրների մասին հուշել, օրինակ՝ սրտի, ստամոքսի, թոքերի հետ կապված, իսկ դեպրեսիան ավելի է սրում խնդիրը։
  • Մարսողական խնդիրներ․ մարդը կարող է սրտխառնոց զգալ, ունենալ լուծ կամ մշտական փորլուծություն։ Հաճախ կա՛մ ախորժակը բացակայում է, կամ մարդը չափից շատ է ուտում՝ նախընտրելով ածխաջրերով հարուստ սնունդ։ Քաշի տատանումները ևս դեպրեսիայի ֆիզիկական ախտանշանների թվին են պատկանում։
  • Հոգնածություն․ անկախ նրանից, թե որքան է մարդը քնում, իրեն հոգնած ու «ջարդված» է զգում։ Առավոտյան շատ դժվար է լինում անկողնուց վեր կենալը։
  • Քնի խանգարումներ․ դեպրեսիա ունեցող շատ մարդիկ չեն կարողանում նորմալ քնել, շատ վաղ են արթնանում կամ երկար ժամանակ չեն կարողանում քուն մտնել։ Որոշներն էլ ավելի երկար են քնում, քան անհրաժեշտ է։
  • Գլխապտույտ։

Բուժում

Դեպրեսիայի ինչպես հոգեհուզական, այնպես էլ ֆիզիկական ախտանշանները պետք չէ անուշադրության մատնել՝ մտածելով, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի։ Դեպրեսիան մշտական, այլ ոչ թե պատահական վիճակ է, որի դեմ միջոցներ չձեռնարկելը վտանգավոր է մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության համար։

Պատմեք բժշկին ձեր ֆիզիկական ախտանշանների մասին, իսկ ավելի հստակ լինելու համար փորձեք ախտանշանների օրագիր պահել՝ պարզելու համար, թե դրանց դրսևորման համար ինչ օրինաչափություններ են գործում։

Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և բժշկի օգնությամբ դեպրեսիայի բուժումը նպաստում է ֆիզիկական ախտանշանների վերացմանը․ բժշկի կողմից նշանակվող հակադեպրեսանտները նաև որոշակի ցավազրկող ազդեցություն ունեն։ Ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է նաև հանգստացնող կամ քնաբեր դեղամիջոցներ նշանակել։ Քանի որ ցավն ու դեպրեսիան փոխկապակցված են, ցավի թեթևացումն էլ իր հերթին է նպաստում դեպրեսիայի նվազեցմանը։ Կարող է օգտակար լինել նաև կոգնիտիվ-վարքային թերապիան, որը կսովորեցնի ինչպես հաղթահարել ցավն ու դեպրեսիան։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031