Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ Ադրբեջանը պատասխան է տալու։ Մենք պետք է պատրաստվենք, որ այդ պատժիչ սուրը մերը լինի, այդ դեպքում գործոն կդառնանք»

Հոկտեմբեր 02,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը

– Պարոն Սահակյան, նախ կուզեմ ներկայացնեք ձեր տեսակետը Արցախում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունը լուծարվում է, մարդիկ բռնի տեղահանվում են։ Փաստացի Արցախում հերթական հարձակման միջոցով կապիտուլյացիա պարտադրվեց, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները չկանխեցին արյունալի զարգացումները, միջազգային հանրությունը որեւէ քայլ չարեց, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ չեն միջամտելու։ Ի՞նչ է նշանակում Արցախի կորուստը մեզ համար, ի՞նչ տեղի ունեցավ, ովքե՞ր են մեղավոր այս իրավիճակի համար։

– Մի կողմից մենք ունենք հինավուրց հայ ժողովուրդ, որ հոգնել է պայքարել իր գոյության համար, մյուս կողմից՝ նոր ձեւավորվող, պասիոնար ադրբեջանական ազգ, որ ինքն իրեն ու աշխարհին ապացուցելու շատ բան ունի։ Աշխարհը նույնպես անորոշության մեջ է, թե ինչպես պետք է շարունակել ապրել։ Հին կանոնները չեն գործում, իսկ նորերը դեռ չեն ստեղծվել։ Վերջերս հունգարացի մի պաշտոնյա նկատել էր, որ երբ Հունգարիան ձգտում էր Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել, բոլորը ծիծաղում էին իրենց վրա, սակայն հիմա եվրոպական լիդերներն իրար հրմշտում են Ալիեւի հետ նկար ունենալու հնարավորության համար։ Բնական արձագանք է՝ երբ հաջողում ես այնպիսի պայմաններում, ուր մնացածը ձախողում են, դու դառնում ես ձգողության կենտրոն։

Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ապրելու կողմնորոշիչները կորցրած ռուս ազգի ու հակամարդկային ռուսական քաղաքական ռեժիմի համար ներկայիս Ադրբեջանն ավելի հարմար գործընկեր է, քան ի սկզբանե հանձնված Հայաստանը։ Ո՞վ կուզենա դաշնակցել պայքարելու անպատրաստ, ինքնուրույն որոշում կայացնելու եւ դրա համար պատասխանատվություն ստանձնել չցանկացող մարդկանց հետ։ Այդպիսին է Հայաստանը Փաշինյանի կառավարման տարիներին, որը ձախողեց թե՛ պատերազմելու, թե՛ խաղաղության հասնելու քաղաքականությունները։ Ոչ միայն Փաշինյանը, ձախողել է ամբողջ քաղաքական դաշտը։ Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի հետ հանդիպել էին արտախորհրդարանական ուժերը։ Հանդիպմանը խոսք է գնացել ոչ միայն Հայաստանում արդեն իսկ տեղակայված ռուսական «խաղաղապահների», այլեւ Արցախում նրանց տեղակայելու հնարավոր հեռանկարի մասին։ Միայն մի ուժ է դեմ արտահայտվել այդ ծրագրին՝ փաստարկով, որ չի եղել մի դեպք, երբ որեւէ կոնֆլիկտային տարածքում ռուսական խաղաղապահների տեղակայումից հետո այդտեղ խաղաղություն հաստատվի, եւ պատերազմը նոր ուժով չբռնկվի։ Ես դա շատ լավ գիտեմ, որովհետեւ այդ կարծիքը ես եմ հնչեցրել։

Չեմ արդարացնում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ աշխարհի այլ երկրներին, ո՛չ էլ, առավել եւս Ադրբեջանին։ Նրանք հակամարդկային քայլեր են իրականացրել։ Նրանք խախտել են գրված ու չգրված միջազգային բազմաթիվ իրավական նորմեր, որոնց կյանքի կոչման երաշխավորներն են եղել, որոնց հիմքով աշխարհն ապրել ու խաղաղ գոյատեւել է վերջին տասնամյակներում։ Եվ դա բումերանգի պես վերադառնալու է բոլորին։ Բայց հենց մե՛ր անգործության պայմաններում ամբողջ աշխարհը նախընտրեց Ադրբեջանի հետ բարեկամությունն ու շահերի համադրումը։ Միջազգային հարաբերությունները կառուցված են ուժային փխրուն հավասարակշռությունների վրա։ Եթե մի բեւեռ մեզ վրա հարձակում էր գործելու, ապա պայքարի պատրաստակամության դեպքում մենք կստանայինք մյուս բեւեռների աջակցությունը. այդպես են իրենց գոյությունը պահպանում աշխարհի փոքր կամ թույլ պետությունները։ Այդ դեպքում մենք մեզ կդրսեւորեինք որպես որոշող եւ այդ որոշման համար պատասխանատվություն կրելու պատրաստ տարածաշրջանային գործոն։ Բայց մենք նախընտրեցինք հանձնվելու տարբերակը եւ զրկվեցինք աջակցությունից։ Թերեւս ամբողջ աշխարհն է ապշած մեր իրավունքների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից։ Երեւի թե իր իրավունքներից այսպիսի հեշտությամբ հրաժարվող որեւէ ուրիշ ճանաչված պետություն չի եղել ներկայիս աշխարհակարգի պայմաններում։

Արցախի կորուստը կործանարար է Հայաստանի համար։ Բայց ես դեռ չեմ խոսում տարածքների ու նվազած անվտանգային երաշխիքների մասին։ Արցախը, որպես հայության կենսագործունեության արեալ, եզակի էր։ Այդտեղ էր, որ հայության էթնոմշակութային գործունեությունն արտաքին գործոններից չէր խաթարվել վերջին տասնյակ դարերում։ Այն դեմոգրաֆիական առումով ամենալավ ցուցանիշներն ունեցող հայկական շրջանն էր։ Դա մի ամբողջ աշխարհ էր՝ իր լեզվով, հարաբերություններով, յարահատուկ մշակույթով։ Հայ ժողովուրդն այդպիսի երկրորդ շրջան չունի։

– Առանց Արցախի Հայաստանն անվտանգ չի լինելու, եւ 44-օրյա պատերազմից հետո դա ակնհայտ է։ Ավելին, մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները եւ պարզ ներկայանցում են նաեւ իրենց նկրտումները ՀՀ տարածքների նկատմամբ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եւ ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը եւ տեսակետը, թե Արցախի դեմ հարձակման նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն էր, եւ իրենք չմիջամտելով՝ փորձում են պահել Հայաստանի անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերին էլ, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Լաչինի միջանցքի հարցով չեն բանակցելու, որպեսզի իրենցից էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չուզեն։ Բայց «Զանգեզուրի միջանցք» խոսույթը դուրս չի գալիս թշնամու օրակարգից։

– Գիտե՞ք, ես այնքան չեմ վախենում առաջիկա հնարավոր պատերազմից, որքան նրանից, որ Փաշինյանի կառավարման շարունակականության դեպքում Հայաստանը զիջելու ենք առանց որեւէ պայքարի։ Ըստ էության, բանակցելով ադրբեջանցիների «Արեւմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, Փաշինյանի կառավարությունը վիճելի է դարձնում արդեն Հայաստանի հողերը։ Եթե Արցախի նկատմամբ իր չեղած իրավունքները Ադրբեջանն աշխարհին համոզել է երեք տասնամյակ շարունակ, ապա Հայաստանի ներկայիս անողնաշար քաղաքականության պարագայում Հայաստանի նկատմամբ իրավունքները ձեւակերպելու համար տարիներ են պետք։

Դուք ինքներդ նշեցիք, որ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» բանակցելն ընդամենը բանակցային սեղանը դատարկ չթողնելու միտում ունի։ Եթե դրան համաձայնենք՝ այլ զիջման պահանջ են դնելու սեղանին։ Իրականում խնդիրը տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնի չեզոքացումն է։ Ադրբեջանի նման քաղաքականության նպատակը հայերին տարածաշրջանում ինչ-որ կասկածելի ինքնուրույնությամբ (կամ առանց դրա), քաղաքական օրակարգ ունենալու հնարավորությունից զուրկ էթնիկ փոքրամասնություն դարձնելն է։ Փաշինյանը, կուլ գնալով այդ բոլոր պահանջներին, ոչ թե չեզոքացնում է դրանք, այլեւ ավելի մոտեցնում է այդ օրակարգերի կյանքի կոչումը։

Ու աշխարհը հետաքրքրությամբ հետեւելու է այս գործընթացին, եթե մենք չպայքարենք մեր երկրի, շահերի, արժեքների, սրբությունների համար։ 1901-1909թթ. ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հավաքական արեւմուտքի այդպիսի վարքը նկարագրել է այսպես. «…Ցավալի փաստ է, որ առավել մարդասեր, ներքին կատարելության ձգտող երկրները, որպես կանոն, նվազ ալտրուիստական քաղաքականություն ունեցող երկրների հանդեպ թուլանալու հակում ունեն։ Ես ատում ու արհամարհում եմ այն կեղծ մարդասիրությունը, որ քաղաքակրթության առաջընթացը պայմանավորում է ռազմի ոգու թուլացմամբ ու դրանով թերզարգացածին հրավիրում է ոչնչացնել զարգացած քաղաքակրթությունը»։ Ապրելու եւ կայանալու ադրբեջանական ճանապարհը հակամարդկային է։ Վաղ թե ուշ (իսկ ավելի հավանական է վաղ, քան թե ուշ), Ադրբեջանը դրա համար պատասխան է տալու։ Մենք պետք է պատրաստվենք, որ այդ պատժիչ սուրը մերը լինի։ Այդ դեպքում մենք գործոն կդառնանք։ Մենք չենք կարող ցեղասպանությունից մազապուրծ որբի պես հանձնվել ամերիկյան որբանոցների ողորմածությանը։ Եթե Ադրբեջանը տարածաշրջանում ընտրություն է առաջարկում՝ կա՛մ մենք կլինենք տարածաշրջանում, կա՛մ իրենք, ապա մեր ընտրությունը մե՛նք ենք։

– Կա տեղեկություն, որ Արցախում որոշ քանակի հայեր կմնան։ Ի՞նչ է սպասվում, եւ արդոք ամեն ինչ կորսվա՞ծ է, չկա՞ն այլ հնարավորություններ, Արցախի հարցը փակվո՞ւմ է այսպիսով։

– Հայկական կողմը բազմաթիվ հնարավորություններ ստացավ արտաքին քաղաքական ասպարեզում ապացուցելու, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Դրա փոխարեն Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե պետք չէ Արցախում հումանիտար հարցը «անհարկի» քաղաքականացնել։ Իրականում դա արդեն իսկ դադարել էր ոչ միայն հումանիտար, այլեւ նույնիսկ իրավական հարց լինել։ Դրա լուծումը քաղաքական էր եւ քաղաքական որոշման հարց է։ Ցավոք, քանի դեռ կառավարող ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է, լավատեսությունը կարելի է որպես ապուշություն դիտարկել։ Առանց Հայաստանի աջակցության Արցախը չի կարող հայկական մնալ։

Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքը ցանկանում է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ, եւ Ալիեւը դրան համաձայնել է։ Միաժամանակ, ձգտում են հայ բնակչության մեծամասնությանը Արցախից տարհանել, այնտեղ թողնել իրենց երկրին ամուր կպած փոքրաթիվ հայերի, որոնք այդտեղ մնալու դիմաց կարող են օգնել մաքրել Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հետքերը։ Մյուս կողմից՝ ռուսական «խաղաղապահ» զորախմբի ներկայությունն այնտեղ ապահովելու համար նույնպես պետք են Արցախում բնակվող թեկուզ փոքրաթիվ հայեր։ Ես դժվար եմ պատկերացնում նրանց գոյությունը ադրբեջանական վերահսկողության տակ, մի սերունդի կառավարման ներքո, որ մեծացել է հայատյացության քարոզի տակ։ Մի բան է հեռանալը, մյուսը՝ սեփական աչքերով տեսնել, թե ոնց է քերվում, բռնաբարվում քո ինքնության, բազմադարյա մշակույթի հետքերը, սրբավայրերը։

– Ի՞նչ պետք է անել, հայ ազգի անելիքների մասին խոսենք։

– Մինչ այժմ մեր ունեցած երեք հանրապետությունների ստեղծման գործում հայ ժողովրդի մասնակցությունը եղել է որպես օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Այդ հանրապետությունները ստեղծվել են ուրիշների շահերն ու նպատակները սպասարկելու համար։ Մենք պետք է ստեղծենք մե՛ր պետությունը։ Ինքնուրույն որոշումներ կայացնենք, պատասխանատու կերպով, մեր կյանքի գնով պաշտպանենք մեր որոշումները։ Պայքարող պետությունը չի պարտվի։ Կարող է ծանր կորուստներ կրել, բայց մեջքն ուղղելու ու գոյատեւելու հնարավորություն ստանալ։

Հայաստանը դաշնակիցների կարիք ունի։ Դրա համար պետք է հայտարարի իր ճակատագիրը վճռելու հարցում ինքնուրույնության մասին։ Միայն այդ դեպքում են հնարավոր դաշնակիցներ, որոնք նոր Հայաստանի հետ կուզենան համադրել իրենց շահերը։ Աշխարհի բոլոր մեծ ու փոքր երկրները պետք է ընտրեն՝ Հայաստանի հետ բարեկամությո՞ւն են ուզում անել, թե՞ նրա ու իր դաշնակիցների տեսքով սպառնալիքներ են ուզում։

Հայաստանը չի կարող սովորական, շարքային պետություն լինել։ Ապրելու համար մենք պետք է ստեղծենք յուրահատուկ պետություն։ Տարածաշրջանային հարաբերություններն ու մարտահրավերները մեզ միշտ լարվածության մեջ են պահելու, եւ մեր լուծումները պետք է համահունչ լինեն այդ մարտահրավերներին։ Հայաստանը պետք է կարողանա շրջափակման պայմաններում իր պարենային եւ ֆիզիկական անվտանգությունն ապահովել։ Դրա համար ամենանորարարական լուծումներն են պետք։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ խրամատում կանգնած զինվորներով անվտանգության ապահովում։ Խրամատը ներկայիս տեխնոլոգիական զինատեսակների դեպքում մսաղաց է։ Դրա լուծումը մարդկանց տեխնոլոգիական զինատեսակներով փոխարինելն է։ Դա էլ պետք է մենք արտադրենք՝ գուցե սկզբում արտադրական պրոցեսը իրականացնելով դրսում եւ աստիճանաբար այն Հայաստան տեղափոխելով։ Գուցե լավ չապրենք որոշ ժամանակ, գուցե զրկանքներ կրենք այդպիսի պետության կայացման ճանապարհին, բայց կրթության ու գիտության վրա ծախսվող ռեսուրսները պետք է ավելացնենք։ Դա է մեր գոյատեւման ճանապարհը։

Այդպիսի պետություն ունենալը ընդամենը որոշման հարց է։ Այդ որոշումը պետք է կայացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ամբողջ հայ ժողովրդի ներուժը ուղղել դրան՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանել իրենց այդ որոշումը։ Հարցն այնպես չէ դրված՝ կարո՞ղ ենք այդպես անել, թե՝ ոչ։ Հարցը դրված է այսպես՝ կա՛մ անում ես, կա՛մ դադարում գոյություն ունենալ։ Մենք այլընտրանք չունենք, ինչքան էլ մեզ դրանում համոզի որեւէ մեկը։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031