«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
(Սկիզբը՝ նախորդ համարում)
-Հայաստանը Հնդկաստանից զենք է ստանում, խոսակցություն կա Հայաստանում հնդկական ռազմաբազա ունենալու շուրջ: Իրանը եւ այլ երկրներ ռուսներին եւ թուրքերին խիստ զգուշացնում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենք պաշտպանում են եւ իրենց համար անընդունելի է սահմանների որեւէ փոփոխություն: Ինչո՞ւ են Իրանը եւ Հնդկաստանը ակնհայտ աջակցում Հայաստանին:
– Նախ, ոչ միայն այդ պետություններն են ակնհայտ աջակցում մեզ, այլեւ ամբողջ Արեւմուտքը կանգնած է Հայաստանի կողքին՝ ԱՄՆ, Ֆրասիայի եւ Գերմանիայի գլխավորությամբ: Հնդկաստանի եւ Իրանի պարագայում, կարծում եմ, աջակցության հիմքերը գալիս են ոչ միայն այժմեական շահերի համընկնումից, այլեւ դարերից: Մենք կարող ենք ժամանակակից մտածողությամբ դա վերագրել շահերի համընկնման իրողությանը: Սակայն դա մարդկանց համար տեսանելի կողմն է, քանի որ մարդկությունն ամեն ինչին նայում է նյութականի տեսանկյունից:
Կարդացեք նաև
Բայց կա անտեսանելին, հոգեւորը: Որքան էլ մենք, պարսիկները եւ հնդիկները տարբեր կրոններ ենք դավանում, սակայն միմյանց հետ կապված ենք հազարավոր տարիներից եկող արիականությամբ: Մենք, պարսիկները եւ հնդիկները արիացիներ ենք:
Հայ ժողովուրդը ներկայումս մտնում է իր պետականության վերաիմաստավորման գործընթացի ավարտական փուլի մեջ, որը հանգեցնելու է իր պատմությանը տեր կանգնելու, Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրմանը եւ փառքի վերականգնմանը: Այս գործընթացը սկսվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, երբ Հայաստանում սկսվեց ազգային ազատագրական պայքարը, հանձինս Ազգային Միացյալ Կուսակցության, որը բարձրացրեց Հայաստանի անկախացման դրոշը: Պայքարը առարկայական փուլ մտավ 1988 թվականին, երբ հայ ժողովուրդը մեկ մարդու պես կանգնեց իրենից խլված իրավունքի մասնակի վերականգնման ճանապարհին՝ Արցախը վերամիավորելու մայր հայրենիքին: Հայաստանն անկախացավ, իսկ Արցախը փաստացի վերամիավորվեց մայր հայրենիքին: Գործընթացը ավարտվեց Խորհրդային Միության փլուզմամբ: Սակայն չարի կայսրությունը՝ Ռուսաստան անվամբ դեռեւս կես դար պետք է շարունակեր մեր նկատմամբ իր ավերիչ ընթացքը: Արցախը Հայաստանին վերամիավորվելուն խոչընդոտելով, նոր պատերազմ հրահրելով եւ այն Ադրբեջանին հանձնելով Ռուսաստանը մտել է իր պատմության ընթացքը ավարտելու փուլի մեջ: Այժմ Ռուսաստանի վերջնական կործանման՝ ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով, պատմության թատերաբեմից դուրս գալու ավարտական փուլ ենք մտել:
Այդ գործընթացին զուգահեռ, ներկայումս հին աշխարհի տարածքում, ձեւավորվում է Արիական առանցքը:
-Իսկ ի՞նչ է նշանակում Արիական առանցք:
-Արիական առանցք նշանակում է, որ ձեւավորվում է այն պետությունների համագործակցությունը, որոնք ծագումով արիացիներ են:
Ձեւավորվում է Հնդկաստան (Բհարատ՝ վերականգնվում է Հնդկաստանի հին անվանումը)-Իրան-Հայաստան-Հունաստան-Եվրոպա Արիական առանցքը:
Այս երեւույթի՝ առայժմ անտեսանելի, համաշխարհային նշանակությունը ակնհայտ է, որը ոչ միայն ռազմաքաղաքական եւ տնտեսական նշանակություն է ունենալու, այլեւ, ամենակարեւորը՝ հոգեւոր: Այո, տեղի է ունենում արիական ազգերի (հայ, պարսիկ, հնդիկ եւ հույն-Եվրոպա: Սրանք այն ազգերն են, որոնք արիական ծագում ունեն եւ տարածվել են մարդկության բնօրրանից՝ հայկական բարձրավանդակից) միավորումը, եւ այդ միավորումը դառնալու է աշխարհի ապագան որոշող առանցքը: Բնականաբար, որպես Աստծո ընտրյալ ազգ հայ ժողովուրդն այս առանցքում կարեւորագույն հանգույցն է: Աշխարհը կրկին իր հայացքն ուղղում եւ վերադառնում է իր հոգեւոր կենտրոնին՝ հին աշխարհում Արեւելք, Թորգոմա տուն կոչվող Հայաստանին, նրա շուրջը համախմբվելու առաքելությանը:
Իհարկե, ներկայիս նյութականացված աշխարհում, որտեղ մարդկության մեծամասնությունը հեռու է Աստծուց, նրան ընկալելի չէ հոգեւորի առաջնայնությունը, բայց չէ՞ որ Աստված չի շարժվում մարդկանց ցանկությամբ, այլ իր Աստվածային ծրագրերով: Որքան էլ Ռուսաստանը եւ իր եղբայրակից Թուրքիան ու Ադրբեջանը եւ այլ չարի կենտրոններ փորձեն խափանել Արիական առանցքի ձեւավորումը, դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ ժամանակը մոտենում է իր լրումին հայոց համար:
Ռուս-ուկրաինական պատերազմը կազմում է այս ծրագրի մի բաղադրիչը, որի միջոցով Աստված կործանում է Ռուսաստանը՝ չարիքի կենտրոններից մեկը, հայկական պետության եւ հայ ազգի ամենամոլի հակառակորդներից եւ թշնամիներից հիմնականին: Մյուս կողմից վերածնվում է Կիեւյան Ռուսը՝ Ուկրաինան, որը նույնպես արիական առանցքի կարեւորագույն պետություններից մեկն է դառնալու: Պետք է չմոռանանք Կիեւյան Ռուսի արիական ծագումը՝ նրա առաջին քրիստոնյա թագուհու՝ Աննայի՝ Բյուզանդիայի արքայադստեր (հայ Արշակունյաց շառավղի)՝ մեր ազգակցի մեծ դերակատարությունն այդ պետության եւ ժողովրդի աստվածճանաչման՝ քրիստոնեացման գործում:
Խորհուրդ եմ տալիս մարդկանց նշված տեսլականը դիտարկել առաջին հերթին հոգեւոր տեսանկյունից, դրանից հետո եւ նյութական: Քանի որ այսօրվա մարդը նյութականացված է եւ նրա համար առաջնայինը նյութականն է, ուստի անհրաժեշտ եմ համարում շեշտել նաեւ տնտեսական այն բարիքները, որոնք բերելու է այս առանցքը:
Այս առանցքը նյութականացված տեսքով նշանակում է Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցով կապել Եվրոպայի հետ:
Նշյալ երկրների համագործակցությունը, համակցությունը վեր է ածվելու հոգեւոր-մշակութային, տնտեսաքաղաքական եւ ռազմաքաղաքական միության, որի կենտրոնական կայանատեղին հաստատվելու է Հայաստանում:
Այս ծրագրի իրականացման հիմնական դերակատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի ընդունած իրավարար վճիռը Հայաստանի վերաբերյալ եւ նրա հզորացումը վերջին հարյուրամյակում եւ աշխարհի թիվ մեկ դերակատար դառնալու նպատակը մեկն է, նրա առաքելությունն է. Հայաստանին վերադարձնել իր տարածքները, ամրացնել նրա պետականությունը, հզորացնել եւ դարձնել կենսունակ պետություն եւ կայացնել Արիական առանցքը:
Այս ծրագրի իրականացման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում իշխանության գան Աստվածապաշտ, Աստծուց մեզ տրված հոգեւոր եւ նյութական արժեքներին, տարածքներին տեր դառնալու կամք ունեցող, ազգային արժեքներով ներծծված եւ իրենցը համարող՝ բանիմաց, իմաստություն ստացած մարդիկ, որոնք մեր ազգի մեջ բազում են:
Աստված պահպանի Թորգոմա տունը եւ վերականգնի հայոց փառքը:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2023