Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է՝ ՍՊ ընկերությունը լուծարելն ավելի բարդ պրոցես է, քան պետություն լուծարելը». փաստաբան

Հոկտեմբեր 02,2023 13:00

2023թ. սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների եւ ունեցվածքի ազատ, ինքնակամ եւ անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով եւ ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել. 1) մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները եւ դրանց ենթակա կազմակերպությունները եւ Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն եւ անհատապես որոշելու նպատակով: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Սամվել Շահրամանյանն ընդամենը կատարում է Ադրբեջանի կապիտուլյացիոն պահանջները։ Շահրամանյանի գլխին հիմա ատրճանակ է դրված»: Իսկ նպխկին վարչապետ Արմեն Դարբինյանի գրառմամբ. «Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի։ Այն հիմնել է արցախահայությունը, որը իր գերակշիռ մեծամասնությամբ արդեն ՀՀ տարածքում է` Ադրբեջանի գենոցիդալ գործողությունների արդյունքում»:

Ձեզ ենք ներկայացնում այս հրամանագրի կապակցությամբ սոցիալական ցանցերում ճանաչված իրավաբանների, իրավապաշտպանների կողմից արված գրառումները:

Գեւորգ Դանիելյան-ՀՀ արդարադատության նախկին նախարար

Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որեւէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն առոչինչ է նաեւ այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որեւէ աղերս չունի: Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «Հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը եւ ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից …»: Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտո դադարել է ագրեսիայի արդյունքում: Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել եւ քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրական մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից եւ տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով: Չի կարեի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջեւանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ: Ոճրագործի պարզած ձեռքը սեխմելը եւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը եւս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով:

Արտակ Բեգլարյան-Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ

1.Որեւէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձեւավորված հանրապետությունը։

2.Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի եւ ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։

Դավիթ Թումասյան-ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Աշխարհում պարբերաբար ստեղծվում են նոր պետություններ եւ պետականության կորուստը չի նշանակում պետականության վերականգնման անհնարինություն: Այսպես, 2011թ.-ին ձեւավորվել է Հարավային Սուդանը, 2008թ.-ին՝ Կոսովոն, 2006թ.-ին՝ Մոնտենեգրոն (Չերնոգորիան) եւ Սերբիան, 1993թ.-ին՝ Չեխիան եւ Սլովակիան, 1991թ.-ին՝ Խորվաթիան, 1990թ,-ին՝ Նամիբիան եւ այլն: Անգամ Իսրայելը համարվում է երիտասարդ պետություն, քանի որ ստեղծվել է 1948թ.-ին, չնայած նրան, որ իսրայելական պետություն ստեղծելու շարժումը սկսվել էր 1897թ.-ին: Ժամանակակից աշխարհում գործընթացներն անհամեմատ արագ են ընթանում, քան անցյալ դարում, եւ պետականություն վերականգնելու ու հզորացնելու համար անհրաժեշտ է՝

1) Դիվանագիտության հզորացում,

2) Արտաքին եւ ներքին քաղաքականության հստակեցում եւ հեռանկարային պլանավորում,

3) Տնտեսության զարգացում՝ համաշխարհային շուկայում մրցունակ եւ լսելի լինելու համար,

4) Ծնելիության գերխթանում՝ բնակչության թիվն արագորեն կրկնապատկելու համար,

5) Հզոր եւ հայրենասեր առաջնորդի առկայություն, ով անձնականը կենթադասի հանրայինի, երբեմն՝ գործելով կոշտ, բայց արդար:

Հ.Գ. Կարեւոր չէ պետության տարիքը, քանի որ բազմաթիվ են ծերացած եւ անատամ պետությունները, կարեւոր է հզոր պետության առկայությունը՝ անկախ տարիքից, որի հետ բոլորը հաշվի են նստում…

Լիպարիտ Սիմոնյան-քրեական գործերով հայտնի փաստաբան

Պարզվում է՝ ՍՊ ընկերությունը լուծարելն ավելի բարդ պրոցես է, քան պետություն լուծարելը։

«Առավոտ»-Եվրամիությունն ի գիտություն է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների գոյության դադարեցման մասին հայտարարությունը եւ ընդգծում է բոլոր կարիքավորների համար մարդասիրական հասանելիության ապահովման կարեւորությունը։

«Առավոտ» օրաթերթ
30.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031