Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց այլընտրանքային հայրենիքը

Հոկտեմբեր 02,2023 12:30

Ներկայացնում ենք մի հատված ԽՍՀՄ քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի 2023թ. հուլիսի անտիպ հոդվածից

Եվրոպականացման ճանապարհին մեր երկրի ստանձնած պարտավորություններից մեկը եղավ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (2003թ.), որն առաջին հերթին օրինական դաշտ բերեց 18 տարին լրացած հայաստանցի «վկաների»՝ ազգային բանակում ծառայելուց խուսափելը: Այս օրենքով նշված կրոնին դավանողների զինծառայությունը փոխարինվեց քաղաքացիական ծառայությամբ, ինչը մեծ խանդավառությամբ ընդունեցին «վկաներն» ու նրանց հարազատները: Թվաց, թե կրոնական կազմակերպության հետ խնդիրը կարգավորված է: Բայց որոշ ժամանակ անց, հրահանգվելով` մեկ մարդու նման, զինծառայության տարիքի հայաստանցի բոլոր եհովականներն այլընտրանքային ծառայությունից էլ հրաժարվեցին: Պարզվում է` հիմա էլ նրանց դուր չի գալիս, որ իրենց քաղաքացիական ծառայությունն իրականացվում է Պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Ինչպիսի սկզբունքային խաղաղասիրություն: Վաղն էլ գուցե ասեն, թե իրենց հավատքը թույլ չի տալիս ենթարկվել աշխարհիկ օրենքին: Կամ գուցե հրաժարվեն հարկեր վճարելուց, ինչ է թե դրանցից բաժին է հանվում բանակին: Երեւի կռապա՞շտ էին մեր սուրբ նախնիները, մեր հոգեւոր հայրերը: Երեւի վա՞տ էին ընկալել քրիստոնեական հավատքի էությունը, երբ օրհնում էին հայրենյաց պաշտպաններին:

Աստվածաշունչը չի սովորեցնում հարձակվել, խլել, սպանել, բայց չի սովորեցնում նաեւ հանդուրժել այդ ամենը: «Աստծունը Աստծուն տվեք, կեսարինը՝ կեսարին»,-ասում է Աստծո որդին: Իսկ մարդիկ ի՞նչ էին տալիս կեսարին: Հարկ էին տալիս, որով կեսարը նախ եւ առաջ երկրի բանակն էր պահում: Երեսպաշտական չէ՞ արդյոք մինչեւ ատամները զինված թշնամու դեմ դուրս գալ միայն հավատքով զինված, որ նույնն է, թե կեսարինը տալ Աստծուն:

Աստվածաշնչում ոչ Հիսուսը, ոչ Հովհաննես Մկրտիչը, ոչ առաքյալները չեն քննադատում, մերժում բանակն ու զինվորականությունը: Երբ մկրտություն կատարելիս Հովհաննես Մկրտչին են մոտենում զինվորները ու հարցնում են, թե իրենք ինչ պիտի անեն, այս պատասխանն են լսում. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկաս, գլուխ 3. 14): Այս խորհուրդը Մկրտիչը տալիս էր նաեւ ոչ զինվորականներին:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է, թե ինչպես Կափառնայում Հիսուսը բժշկում է հարյուրապետի ծառային՝ հայտարարելով, որ այդ մարդու հավատքի պես հավատք Իսրայելում էլ չի տեսել (Ղուկաս գլուխ 7, 1-10): Եվ դարձյալ ոչ մի խոսք՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին:

Աստվածաշնչում այսպիսի տողեր կան. «Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասաց. «Դու եւ Ահարոնը հաշվառման կենթարկեք 20 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զենք վերցնել Իսրայելի բանակի համար»: Թվոց, գլուխ 1 (1-4):

Կամ` «Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ եւ տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թվով քեզանից շատ են, մի՜ վախեցիր նրանցից, որովհետեւ … քո Տեր Աստվածը քեզ հետ է»: 2-րդ օրինաց, (20):

Աստվածաշնչում բազում են այս բնույթի գրառումները: Փոխարենը՝ երբեք չի խոսվում սեփական երկիրն անպաշտպան թողնելու մասին: Փառք Աստծո, մեր երկիրն անպաշտպան չէ, թե չէ՝ թշնամին անմիջապես կհարձակվեր ու Եհովայի վկաներն այլընտրանք չէին ունենա:

…Հետաքրքիր է՝ ինչպես է նրանց «կրթված» խիղճը թույլ տալիս օգտվել այն խաղաղությունից, որի համար ուրիշներն են վճարել ու վճարում:

Քրիստոնեակա՞ն է, արդյոք, հավատքը վկայակոչելով դժվարությունից խուսափելը, տաքուկ անկյուն փնտրելը, մեկ ուրիշի ձեռք բերածից օգտվելն` առանց սեփական ներդրման: Աստվածաշունչն առած` այսպիսի՞ քրիստոնեություն են քարոզում վկա երիտասարդները մեր երկրի փողոցներում, տներում, ամենուր:

Այդ ի՞նչ այլընտրանքային քրիստոնեություն է: Տեղին է հիշել, որ այս կրոնական կազմակերպությունում «օգտվում են» Աստվածաշնչի իրենց` «Նոր աշխարհի թարգմանություն»-ից (ՆԱԹ) ու քարոզում են նենգափոխված մեկնաբանություններով:

Այնուամենայնիվ, գործադիր մարմինները, «վկաներին» ընդառաջ գնալով՝ պատրաստում են խնդրո առարկա օրենքի նոր փոփոխությունները, որոնք կոչված կլինեն բավարարելու կրոնական կազմակերպությունների պահանջները ու նպաստելու մեր երկրի ժողովրդավարականացման եվրոպականացված պատկերացումներին: Բայց ես վստահ եմ, որ դա հարցի լուծում չէ, քանի որ նրանք կանգ չեն առնելու: Դժվար թե գտնվի մեր միտքն ու գրպանը դատարկելու ավելի լավ ձեւ: Նկատի ունեմ նրանց ծավալած հոգեորսությունն ու այն դատավարությունները, որոնք իբրեւ թե որպես խղճի ազատության դեմ ոտնահարման դեպքեր` ներկայացվում են Եվրադատարան ու դատարկում պետական բյուջեն:

Մեր երկրի անվտանգությունը պահանջում ու պարտադրում էր միասնականություն: Այնպիսի միասնականություն, ինչպիսին Սարդարատապի ճակատամարտի ժամանակ էր, երբ հայ զինվորականի կողքին կանգնեցին շինականը, մտավորականն ու հոգեւորականը: Անկախ Հայաստանի քաղաքացու կատարելատիպը նախ եւ առաջ պետք է լինի այս միասնականությանը ձգտող մարդը: Սա պետք է դրվի մեր կրթության, մշակույթի ու զինվորական դաստիարակության հիմքում, մեր պետության հիմքում: Առաջին հերթին այս գաղափարի վրա պետք է հիմնված լինի մեր երկիրը, այլ ոչ օտարածին, մի կողմից տարրերի վերածող, մյուս կողմից՝ տարրալուծող դավադիր մտայնությունների, որոնց նպատակն ուղղված է հենց իրենց հետեւորդի դեմ, որին «խղճի ազատության» ջատագովներն իրենց կեղծ բարեպաշտությամբ պարզապես ուժասպառ են անում, որպեսզի դարձնեն հնարավորինս կառավարելի, հնարավորինս մանկուրտ:

«Առավոտ» օրաթերթ
30.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031