Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքավոր տեղեկություններ՝ Արցախ աշխարհի հնագույն բնակավայր Վարդաձորի մասին

Հոկտեմբեր 02,2023 12:00

Ցավոք, Վարդաձորը դատարկվել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պատճառով

Լույս է տեսել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հետազոտող Արմեն Ասատրյանի «Վարդաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ ծխական դպրոցը» գիրքը: Այն  պատմում է Արցախ աշխարհի հին բնակավայրերից մեկի՝ Վարդաձորի (Փիրջամալ) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ տեղի ծխական դպրոցի մասին:  Արմեն Ասատրյանի «Վարդաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ ծխական դպրոցը», ի թիվս այլնի, արժեքավոր է դառնում նաեւ նրանով, որ ցավոք, Վարդաձորը դատարկվել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պատճառով:

Գրքի առաջաբանում ասվում է, որ Վարդաձորն Արցախի ամենանշանավոր  բնակավայրերից է եւ որ ըստ հնագիտական հուշարձանների՝ տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Այդ են վկայում գյուղի հարավարեւելյան մասում գտնվող «Քոստ պրակ» անվանվող ամրոցի ավերակները եւ այլ հնագիտական հուշարձաններ: Գրքից տեղեկանում ենք, որ գյուղը միջնադարում եղել է կարեւոր իջեւանատեղի. այստեղով է անցել Պարտավից, Ասկերանից դեպի հարավ՝ Պարսկաստան ուղղված ճանապարհը:

Միրզա Տեր-Սարգսյանն իր պատմվածքներից մեկում գրել է, թե իբր գյուղը նախկինում կոչվել է Փիր, իսկ Սերգեյ Մելքումյանը՝ Վարդեր: Ըստ գրքի հեղինակի, վերջինս հավանաբար նկատի է ունեցել Վարդոտ գյուղը, որի ավերակները գտնվում են գյուղից 5 կմ արեւմուտք՝ անտառում:

Գրքից տեղեկանում ենք, որ նախկին Փիրջամալը Վարդաձոր է վերանվանվել ԼՂ Հանրապետության 1998թ. հունիսի 26-ի հրամանագրով:

Վարդաձորը գտնվում է Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից 18 կմ, իսկ Ասկերանից 9 կմ հարավ-արեւելք Դրդնգան լեռների արեւելահայաց լանջի գեղատեսիլ վայրում:

«Գյուղը սահմանակցում է Նախիջեւանիկ գյուղին, որը Փիրումյանների հանրահայտ տոհմի բնակատեղին էր: Ասրի բեկ Փիրումովը գյուղը ստացել էր 1823-ին: Այստեղ պահպանվել է նրանց տոհմական գերեզմանոցը: Իսկ հարավային մասում Վարդաձորը սահմանակցում է Վարազաբուն գյուղին, որը հայտնի է իր ձեռագիր Ամենափրկիչ ավետարանով, որն ընդօրինակվել է 1470թ.»,-նշված է Արմեն Ասատրյանի գրքում, որտեղ նաեւ բացառիկ եւ արխիվային լուսանկարներ են ամփոփված:

Ինչ վերաբերում է Վարդաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, այն առաջին անգամ նշված է 1841թ. Ղարաբաղի թեմում անցկացված վիճակագրությունում, որպես գործող եկեղեցի: Վարդաձորի ծխական  դպրոցը բացվել է 1874թ. եւ 1874-75թթ. ունեցել է 15 արական սեռի աշակերտ, իսկ ուսուցիչը եղել է նույն գյուղից Մանասե Ներսիսյանը:

Գրքի խմագիրը եւ սրբագրիչը Ռուզաննա Աբգարյանն է, գիրքը լույս է տեսել «Մեկնարկ» ՍՊԸ տպարանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031