Ըստ «Ex Oriente» Հայաստանի արեւելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Գասպարյանի՝ 1988-ի եւ ներկայիս ցույցերի տարբերությունն այն է, որ 1988-ի շարժման ղեկավարների ելույթները քաղաքական միտք էին ձեւավորում, քաղաքական տեքստեր արտասանում»։
«Ex Oriente» Հայաստանի արեւելագետների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ամրագրված է. «Մեր հաստատուն համոզմունքով՝ ներկայիս աննախադեպ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական իշխանություն»։
«Առավոտը» «Ex Oriente» Հայաստանի արեւելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Գասպարյանի հետ զրույցում փաստեց՝ այսօր բազմաթիվ ուժեր պահանջում են իշխանափոխություն, դուրս են եկել փողոց, սակայն հաջողության չեն հասնում եւ հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում իշխանափոխությունը, նա պատասխանեց. «Ի վերջո դա տեղի է ունենալու։ Իշխանությունները հավերժ չեն»։
Արսեն Գասպարյանը նշեց՝ լինելով ՀԿ, իրենց կազմակերպությունը, որը մտածում էր կրթության եւ գիտության ուղղությունների զարգացման մասին, նույնպես չկարողացավ անտարբեր մնալ. «Այն, ինչ տեղի է ունենում այս երեք տարիներին, պարզ է բոլորին էլ, որ դա 2020-ի պատերազմի բացասական հետեւանքներն են, ու ոչ միայն 2020-ի պատերազմի, այլեւ 2021 թվականի ընտրությունների։ Այդ երկու իրադարձությունների հետեւանքներն են։ Մենք այսօր Արցախը կորցրինք։ Եվ այս բոլոր սխալները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում 2020-ից մինչեւ այսօր եւ ավելի շուտ էլ, ակնհայտ է, որ այս ողբերգությունը, որ մենք ունենք, այդ բոլորը սխալների հետեւանքն է։ Կարծում եմ՝ այդ վիճակը կարող է փոխվել, երբ ՀՀ-ում նոր իշխանություն, նոր կառավարություն լինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս պիտի գա այդ նոր իշխանությունը, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Ձեւերը տարբեր են»։ Մեր փաստմանը՝ անընդհատ տարբեր ուժեր դուրս են գալիս փողոց, բայց միշտ նույն մարդիկ են, Արսեն Գասպարյանն արձագանքեց. «Երեւի ինչ-որ մի բան պետք է փոխվի ներսում՝ ՀՀ-ում։ 1988-ին էլ մարդիկ չէին կարող մտածել, որ նման բան կփոխվի, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, Հայաստանը կանկախանա կամ այն նվաճումները, որ տեղի ունեցան 1991-ից հետո, ոչ մեկի մտքով չէր անցնում։ Արցախյան շարժումը ծնեց քաղաքական դեմքեր։ 1988-ի ցույցերին ես եղել եմ։ Տարբերությունը այն ու ներկայիս ցույցերի այն է, որ այն մարդիկ քաղաքական տեքստեր էին արտասանում, որոնք մատչելի էին բոլորին՝ անկախ մասնագիտությունից։ Այսօր այդ մարդկանց մեջ, որ կան հրապարակում, միայն Վազգեն Մանուկյանի ելույթներում է, որ այդ քաղաքական միտքը կա, որովհետեւ մարդը փորձ ունի 1988-ից ի վեր։ Բայց քաղաքական միտք այս պահին չկա, քաղաքական տեքստեր չկան, հետեւաբար դժբախտաբար կա այն նարատիվը, որը ստեղծվեց, եւ դրա հիման վրա կառուցվեց՝ հեղափոխականներ եւ նախկիններ։ Այս պահին շատ մարդ չի ընդունում ո’չ հեղափոխականներին, ո’չ նախկիներին, հետեւաբար ինչ-որ ճգնաժամային պահ է ստեղծվում ներքին քաղաքական առումով»։
Մեր հարցին՝ գուցե թույլ չե՞ն տալիս, որ նոր միտքը, նոր մարդիկ առաջ գան, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Մենք կկործանվենք, եթե դա չլինի։ Թույլ տալով չէ։ Հայաստանում նոր լուսավորչական շարժում է պետք։ 1988-ին բացի անկախությունից ու Արցախի հարցի հետագա կարգավորումից, 1994-ը հրադադար էր. կարգավորում չէր, ինչ որ մի պահ պատերազմը կանգնեց, հետո երկար ժամանակ պատերազմ չեղավ, բացի այդ ամենից, մեր անկախությունից 1988-ի շարժումը լուսավորչական շարժում էր նաեւ։ Մեր սերունդը, օրինակ, դաստիարակվել է Վազգեն Մանուկյանի, Ռաֆայել Իշխանյանի հոդվածներով՝ «Գնացքից թռչելու ժամանակը», «Երրորդ ուժի բացառման օրենքը» եւ շատ ուրիշ հոդվածներ։ 1988-ի շարժման ղեկավարների ելույթները քաղաքական միտք էին ձեւավորում»։
Ըստ Արսեն Գասպարյանի՝ մենք այժմ ունենք չսպառված դիվանագիտական ներուժ, որը կարող է միայն առաջ գալ, երբ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Այդ ներուժը կարելի է օգտագործել, երբ ՀՀ-ում նոր իշխանություն լինի, նոր արտաքին քաղաքականություն, եւ ՀՀ-ն վերաիմաստավորի իր հարաբերությունները բոլոր երկրների հետ, եւ փորձենք փոխշահավետ համագործակցություն ունենալ այդ երկրների հետ։ Իմ կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ձախողված հիմնարկ է, ՀՀ բոլոր կառույցները ձախողված են։ ՀՀ-ն այսօր կարողություն չունի իր սահմանները պաշտպանել, հետեւաբար այն ներուժը, որի մասին խոսում ենք, նաեւ մեր հայտարարության մեջ այն փորձն է, որը կուտակված է ՀՀ-ում շատ դիվանագետների մոտ, որոնք թողել են ԱԳՆ-ն»։
Մեր հարցին՝ կարո՞ղ եք նշել մարդկանց անուններ, որոնք այսօր կարող են գլխավորել ՀՀ-ում լուսավորչական շարժումը, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Որտեղի՞ց նշեմ։ Մենք մեր միությունով փորձելու ենք նպաստել այդ շարժմանը, որովհետեւ այն բոլոր մտավորականները, գիտնականները, որոնք հավաքված են մեր միությունում, փորձելու են իրենց համեստ ներդրումն ունենալ լուսավորչական շարժման մեջ։ Պատահական չէ, որ մենք որոշեցինք հիմնադրել միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը։ Մենք ուզում ենք արդիական թեմաներ ընտրել՝ Թուրքիայի, Իրանի, մյուս հարեւանների, միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտների հետ կապված, որպեսզի ՀՀ ուսանողները կարողանան մասնագիտանալ։ Մենք նրանց հետ դասընթացներ ենք անցկացնելու, որ նրանց ավարտական աշխատանքները գիտական տեսք ունենան։ Քննադատական մտածողություն ենք փորձելու երեխաների մեջ զարգացնել, համակարգված մտածողությունը, որոնք կարեւոր են, որ մեր ուսանողներն ունենան եւ փորձեն այդ մոտեցումով աշխատել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2023