Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել ինձ` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ և իբր մեղադրել հայ հասարակությանը մոլորեցնելու մեջ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:
Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայ ժողովրդի պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը՝ ժխտելով դրա գոյությունը:
Ի գիտություն ադրբեջանական իշխանության` հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները: