Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան երեւույթը եւ ժողովրդավարական արժեքներ հասկացությունը անհամատեղելի են․ «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 01,2023 20:54

Մինչ Հանրապետության հրապարակը մեկ շաբաթից ավելի թնդում էր Արցախը թշնամուն հանձնած ու մեր տարածքներն աճուրդի հանած թիվ մեկ դավաճանին պաշտոնազրկելու եւ անհապաղ կալանավորելու կոչերից, վերջինս սեպտեմբերի 24-ին, ասես ոչինչ տեղի չի ունեցել, հանդես է գալիս ուղերձով եւ հայտարարում ՀՀ անկախությանը սպառնացող վտանգի մասին, ապա պատրաստակամություն հայտնում նախաձեռնելու անկախության պաշտպանության շարժում եւ, որպես վարչապետ, առաջնորդելու այն: «Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետեւից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է…»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Ժողովրդին ուղղված խոսքը սկսելով երկրի անվտանգային ոլորտի անհուսալիության եւ դրա պատճառների վերարծարծումից՝ նա գտնում է, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, պաշտպանունակության ու ՀՀ պետական շահերի առումով արդյունավետ չեն: Ուղերձում, որպես դրա հիմնավորում, բերված են ՔՊ-ական իշխանավարման վերջին 5 տարվա աղետալի հետեւանքները՝ տանուլ տրված 44-օրյա պատերազմ, 2020 թ. դեկտեմբերին ԼՂ Խծաբերդի, Հին Թաղերի գրավում ու դիրքերից ավելի քան 60 հայ զինծառայողների գերեվարում, Փառուխի դեպքեր, 2021 թ. մայիսին ու նոյեմբերին ներթափանցումներ ՀՀ ինքնիշխան տարածք եւ, ի վերջո, Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակում ու Արցախի հայաթափում:

Ուղերձի տողատակերում երկու խորքային գաղափար է դրված, որը տեսանելի է անգամ անզեն աչքով՝ հակառուսականություն եւ ինքնարդարացում: Փորձենք դրանք վերածել թեզերի. ա/ ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները Ռուսաստանի թողտվության հետեւանք են, բ/ Եթե ԼՂ հայերը ստիպված լինեն հեռանալ իրենց հայրենիքից (ուղերձի հրապարակման պահին դրա նախանշաններն արդեն կային-Գ.Բ.), ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի եւ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի վրա, գ/ Մեր դաշնակիցները վտանգում են Հայաստանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին կայունությունը, դ/ Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջը, դավադրություն է, որի դեմը պիտի առնենք:

Ինչպես տեսնում ենք, առաջին երկու թեզերը Ռուսաստանի ու ռուս խաղաղապահ ուժերի մասին են՝ բացասական լույսով, իսկ վերջին երկուսում շոշափվում է ներքաղաքական սրացումների խնդիրը՝ դարձյալ շաղախված հակառուսականության ոգով: Ակնհայտ է, որ վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան կրկին սկսել է ակտիվորեն տարածել «5-րդ շարասյան» թեման՝ նկատի ունենալով ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի բողոքի գործողությունների կազմակերպիչներին ու հանրահավաքներին մասնակցող բազմահազար քաղաքացիներին, որոնց «դեմն առնելու» համար ՀՀ վարչապետի աթոռին տիրացած անձը որոշել է ձեւավորել անկախության պաշտպանության համահայկական շարժում եւ անձամբ առաջնորդել այն:

Դժվար է պատկերացնել, բայց փաստ է՝ հինգ տարի անկախության, ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության եւ իրավունքի «հերն անիծած» մարդը այսօր անկախության պաշտպանի քղամիդ հագած՝ պայքարի դաշտ է դուրս գալիս, որպեսզի, իբր, Հայաստանը չմնա «վախվորած ծայրագավառի» կարգավիճակում, այլ լինի «ազատ, ժողովրդավար ու ինքնիշխան» պետություն: Ա՛յն մարդը, որը պետական կառավարման բոլոր կառույցները, հաստատությունները դարձրեց «գրպանային»՝ սկսած ՍԴ-ից ու դատաիրավական համակարգից, վերջացրած ԿԸՀ-ով եւ ՄԻՊ-ով: Ոստիկանությունն էլ՝ վրադիր:

Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է Փաշինյանին անկախության եւ ժողովրդավարության հետ առնչակցել: Նա ավելի շուտ փոքր բռնապետիկ է, որը կարող է ժամանակի հետ փոխվել մեծ, անզգա հրեշի: Ուշադրություն դարձրեք ընդդիմության հանրահավաքների ժամանակ «բերետների» գազանաբարո վարքագծին, ամենադաժան ծեծողների նկատմամբ Փաշինյանի լռելյայն քաջալերանքին, եւ նրա ներքին էության տեսլականը կամբողջանա: Հիշեք այդ մարդու սառնասրտությունը, երբ փողոցն անցնելիս՝ նրա ավտոշարասյան անիվների տակ մնաց հղի կինը: Մի խոսքով՝ Փաշինյան երեւույթը եւ ժողովրդավարական արժեքներ հասկացությունը անհամատեղելի են, ինչի մասին վկայող փաստերը բազմաթիվ են:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031