Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան․ «Եթե հիմա նորից Արցախից մարդկանց տարհանելու անհրաժեշտություն լինի, որեւէ խնդիր չկա, պատրաստ ենք ավտոբուսներ ուղարկել»

Հոկտեմբեր 01,2023 20:36

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության Հումանիտար կենտրոնում տեղեկացրեց, որ ժամը 15։00-ի դրությամբ 47 322 մարդ տեղակայվել է Հայաստանի տասը մարզերում, եւ այդ թիվն անընդհատ աճելու միտում ունի։ Տեղակայման վայրերը հիմնականում մարզային հյուրանոցներն են, հյուրատները, այլ հարմարեցված շենքեր, շինություններ, ճամբարներ կամ առանձնատներ ու վարձով տներ։

«Այսինքն, փորձում ենք այնպիսի վայրեր գտնել, որտեղ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար պայմաններ կան, եւ այդ պրոցեսին զուգընթաց մարզպետարանները, համայնքները հոգ են տանում այս մարդկանց այլ կարիքների մասին։ Մասնավորապես, սննդի, հիգիենիկ պարագաների, եթե կարիք ունեն, բժշկական եւ այլ ոլորտների։

Եթե ընդհանուր աշխատանքները բաժանենք փուլերի, ապա բոլորիս գլխավոր, առաջնային աշխատանքը Կոռնիձորից մեր հայրենակիցների ընդունումը, սնունդը, որոշակի առաջնային կարիքները հոգալը եւ տեղաբաշխումն էր։ Եվ կարելի է ասել, որ այդ փուլն ավարտվեց։ Հիմա մեր միջնաժամկետ խնդիրներն են տեղակայված վայրերում անհրաժեշտ կարիքները հոգալը։ Կառավարությունը երկու ծրագրի մասին արդեն խոսել է՝ յուրաքանչյուրին 100 հազարական դրամի, բնակվարձի եւ կոմունալ վճարման։ Մենք այլ ծրագրեր ամենօրյա ռեժիմով նույնպես քննարկում ենք եւ միջնաժամկետ ծրագրերից զատ, կարծում եմ, քիչ-քիչ կսկսենք խոսել նաեւ մեր երկարաժամկետ ծրագրերի մասին։ Դրանք պետք է լինեն մեր հայրենակիցներին իրենց մասնագիտությանը, փորձին, գիտելիքներին համապատասխան ոլորտներում աշխատանքի ընդունման աջակցությունը, ինչպես նաեւ, հատկապես, բնակարանաշինությունը»,-ասաց նախարարը։

Գնել Սանոսյանը նաեւ հայտարարեց․ «Չի լինի դեպք, որ որևէ պետական գերատեսչություն իմանա որեւէ կարիք եւ աշխատանք չանի։ Ուրիշ բան է, որ կարող են լինել կարիքներ եւ խնդիրներ, որոնց մասին մենք տեղյակ չլինենք։ Մենք հիմա համայնքներում ակտիվ աշխատանք ենք տանում՝ ֆիքսելու այն վայրերը, որտեղ առանց մեր միջամտության բարեկամների, հարազատների տներում  տեղակայվել են մեր հայրենակիցները, որոնք թեեւ բնակության վայրի խնդիր չեն ունեցել, բայց այլ խնդիրներ կունենան։ Մենք պատրաստ ենք բոլորի կարիքները բոլոր ուղղություններով հոգալ։ Ուղղակի, կխնդրենք այդ կարիքների մասին մեզ տեղյակ պահել»։

Նախարարը խոսեց նաեւ բռնի տեղահանման  վերջին օրերին արցախցիներին Ստեփանակերտից տարհանման նոր անհրաժեշտության ժամանակ այդ աշխատանքի կազմակերպական հնարավորության մասին՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ուղարկած վերջին ավտոբուսներում 2000 մարդ տեղափոխելու հնարավորություն է եղել, սակայն դրանցում եղել է մոտ 1350 մարդ։ «Հիմնական խմբին մենք տեղափոխել ենք։ Եվ եթե հիմա նորից այդպիսի անհրաժեշտություն, կարիք լինի, իհարկե, որեւէ խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք ավտոբուսներ ուղարկել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031