Փոխվարչապետ, Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը եւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը այսօր կեսօրին պատմեցին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի մասին։
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ շուրջ 105 000 արցախցի է հատել Հակարիի կամուրջը, 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվել է 84 408 անձ։ Պետության առաջարկած ժամանակավոր կեցավայրերից օգտվել է 45 %-ը, բացարձակ թվով՝ 45 516 մարդ։ Նա ներկայացրեց նաեւ մարզերում կեցավայրով ապահովվածների բաշխման թվային տվյալները։
Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ անկախ տարիքից եւ սեռից, Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի տրամադրվելու է 100 հազարական դրամ, սակայն նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել եւս մեկ հայտարարությամբ։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 100 հազարական դրամ տրամադրելու որոշումը կայացվել է նախորդ շաբաթ, վարչապետի մոտ խորհրդակցության արդյունքում, ինչը հրատապ կարիքները հոգալու համար է։ «Հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում։ Սահմանված կարգով առաջիկա երկու օրվա ընթացքում դիմումները կլրացվեն եւ կընդունվեն։ Վաղը կառավարությունն ամենայն հավանականությամբ կվերջնականացնի այն կարգը, որով այդ դիմումներն ընդունվելու են, որոնց վերաբերյալ կլինեն մանրամասն տեղեկություններ։ Մեկ առանձնահատկություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել։ Հաշվառումը տեղի կունենա Երեւանից դուրս բոլոր մարզպետարաններում եւ խոշոր բնակավայրերում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Նաեւ կարեւոր է երեւի հաշվի առնել, որ նրանք, ովքեր կունենան բանկային հաշիվներ եւ քարտեր, նրանց համար հաշվառման եւ դրամական հատկացման գործընթացը կկատարվի ավելի արագ»,-ասաց փոխվարչապետը։
Կարդացեք նաև
Տիգրան Խաչատրյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի արած այն գրառման մասին, որում նշվում էր, որ հոկտեմբերի 1-ից տրամադրվելու է նաեւ բնակարանների վարձակալության գումարներ՝ կրկին յուրաքանչյուր անձի համար։ Նա նշեց, որ ժամանակավոր կարճատեւ կեցավայրերով ապահովվածները ժամանակի ընթացքում երկարաժամկետ պայմաններով ապահովվելու կարիք եւ ավելի կանխատեսելի միջավայր ստեղծելու անհրաժեշտություն են ունենալու եւ դա նկատի առնելով եկել են եզրակացության, որ պետք է չուշացվեն նաեւ միջնաժամկետում բնակության հետ կապված հարցերը հոգալու համար աջակցություն ձեւավորելու ուղղությամբ։ «Դրա վերաբերյալ կայացվեց հետեւյալ հիմնական որոշումը, որ մենք յուրաքանչյուր բռնի տեղահանված մարդու հաշվով 40 հազարական դրամ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի բնակության ծախսերը հոգան։ Այստեղ կլինի մեկ բացառություն եւ դա կվերաբերի այն մարդկանց, որոնք Հայաստանում ունեն բնակարան»,- տեղեկացրեց փոխվարչապետը եւ վստահեցրեց, որ առաջիկայում որոշում կկայացվի յուրաքանչյուր մարդու հաշվով հատկացնել եւս 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի համար եւ որ այս աջակցությունը առաջիկա վեց ամիսների համար է լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ