ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին:
Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց հետո:
Ռուբեն Վարդանյանին ճանաչելով մոտ 45 տարի, կարող եմ վստահաբար ասել, որ նա կորով ունեցող տղամարդ է, որը ոչ միայն պատվով դուրս կգա այս փորձությունից, այլեւ շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա:
Կարդացեք նաև
Զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ վստահ եմ, որ Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք տոկունությամբ կհաղթահարեն նաեւ այս փորձությունը:
Ճակատագրի դառը հեգնանք կա նրանում, որ երկու տարի շինծու քրեական գործով գտնվելով անազատության մեջ, այսօր գրում եմ իմ դպրոցական ընկերոջ և զինակիցների մասին, ովքեր հայտնվել են թշնամական իշխանության բանտում: Հայրենի իշխանությունների բոլոր ճյուղերի «ջանասիրության» շնորհիվ կտրված եմ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից եւ, ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին:
Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ խոսելու գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ